Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը. խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի պատասխանատու Վահրամ Պողոսյանն անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության Արցախ այցին ու կայացած հանդիպումներին, քանի որ Արցախի նախագահի հետ հանդիպում այդպես էլ տեղի չէր ունեցել: Վահրամ Պողոսյանը գրել է.

«ՀՀ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները մեր քույրերն ու եղբայրներն են ու նրանցից յուրաքանչյուրը հավասարապես իրավունք ունի այցելելու մեր հայրենիքի արցախյան հատված, հանդիպելու իր հայրենակիցներին: Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի և ԱԽ քարտուղարի հետ ունեցած հանդիպումներին, բացարձակ անընդունելի են ՀՀ ներքաղաքական համատեքստում դրանք մեկնաբանելու փորձերը: Պետք չէ մոռանալ, որ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը և «Միասնական հայրենիք » կուսակցությունը Արցախում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասին ստացել են ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն և երկու քաղաքական ուժերն էլ հայտարարել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսին աջակցելու մասին: Իսկ Արցախը պետք է վեր կանգնած լինի ՀՀ ներքաղաքական գործընթացներից, և ոչ ոք իրավունք չունի Արցախը ներքաշել այդ վտանգավոր հորձանուտի մեջ:

Հ. Գ.

Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ…»:




Լրահոս