Հիմա ավելի հանգիստ եմ ինձ զգում. Իռեն Ուլիխանովան՝ ամառային հանգստի եւ հետաձգված ծրագրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստը տարվա ընթացքում ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, լիաթոք կտրվել առօրյա եւ աշխատանքային հոգսերից: Բայց այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկության համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքեց յուրաքանչյուր պատնեշ եւ փոխեց նախապես գծված բոլոր ծրագրերի ընթացքը:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած պարուհի Իռեն Ուլիխանովայի հետ:

Պարուհին մեզ հետ զրույցում պատմել է նախընտրելի հանգստի ձեւի, վայրի մասին, ինչպես նաեւ անդրադարձել է համաճարակի բռնկման պատճառով խափանված ծրագրերին:

-Իռե՛ն, այս տարի կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված շատերի ամառային հանգստի հետ կապված ծրագրերը խափանվել են։ Մինչ կորոնավիրուսը ի՞նչ պլաններ ունեիք՝ կապված հանգստի հետ:

– Իրականում, այս կորոնավիրուս համավարակը պարալիզացրել եւ խառնել է ամեն ինչ, եթե ոչ բոլորի, ապա շատերիս կյանքը: Ես ապրիլի 4-ին պետք է ունենայի մենահամերգ` Irendance studio-ի տարեկան հաշվետու համերգը, սակայն համավարակի հետեւանքով այն չկայացավ, եւ առաջին ամենամեծ պլանների խափանումը հենց դա եղավ: Այնուհետեւ հուլիսի 21-ին ընտանիքով պետք է գայինք Հայաստան, դա էլ երկրորդ ամենացավալի խափանումն էր:

-Իսկ արդեն հասցրե՞լ եք հանգստանալ։

– Եթե հաշվի առնենք, որ անդադար աշխատելը՝ օրվա 12-15 ժամը, եւ համեմատենք ստիպված տանը մնալու հետ` վստահ կարող եմ ասել, որ այս հինգ ամիսների ընթացքում ուժերս շատ ավելի վերականգնվել են եւ շատ ավելի հանգիստ եմ հիմա ինձ զգում, բայց ես իմ աշխատանքային «վազքն» եմ սիրում:

-Ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում՝ պասիվ, թե՞ ակտիվ։

– Ես ակտիվ հանգստի սիրահար եմ, երբեք չեմ կարող մեկ օրից ավել պասիվ հանգիստ ունենալ:

-Կա՞ երկիր կամ վայր, որ անկախ ամեն ինչից միշտ նախընտրում եք լինել։

– Եղել եմ տարբեր երկրներում, շատ եմ սիրում շրջագայել, բայց, երբ հարցը մի տեղ գնալու մասին է, ես իմ տնից, իմ հայրենի հող ու ջրից, իմ Հայաստանից առավել ոչինչ չեմ տեսնում: Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հայաստան:

-Ամառային հանգստի մեկնելիս կա՞ մի իր, որ պարտադիր լինում է Ձեր ճամպրուկում։

– Հեռախոսի «зарядочник» եւ շարժական «акумулятор», քանի որ հեռախոսս աշխատում է օրը 24 ժամ , միշտ ձեռքիս է, միշտ կապի մեջ եմ, բայց երկար խոսել չեմ սիրում, միշտ լիցքավորվելու կարիք ունի այն…

-Իռե‘ն, իսկ սթրեսից դուրս գալու համար, ի՞նչն եք հատկապես կարեւորում հանգստի մեջ։

-Ես սթրեսի մեջ չեմ ընկնում՝ շնորհիվ իմ հրաշքներ գործող մասնագիտության, իմ ճամպրուկում միշտ կա էլեկտրական «кофеварка» եւ «հայկական ավանդական» սեւ սուրճ:

-Բացի ֆիզիկական հանգստից էլ ի՞նչն է Ձեզ հանգստացնում, թեթեւացնում։

– Կորոնավիրուսյան ժամանակահատվածի ընթացքում բացահայտեցի նաեւ, որ հեռուստացույցով հետաքրքիր հաղորդումներ դիտելն ինձ համար հաճելի է դարձել:

– Իսկ ինչպե՞ս եք որոշում, թե ամառային հանգիստը որտե՞ղ եւ ո՞ւմ հետ եք անցկացնելու։

– Տեղը հավերժ որոշված է` Հայաստան, իսկ թե ում հետ` կախված է եկողներից…

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս