Արցախում հանդիպել են Արթուր Վանեցյանն ու Վիտալի Բալասանյանը. ինչ հարցեր են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախ կայացել է Արթուր Վանեցյանի ու Վիտալի Բալասանյանի հանդիպումը։

«Օգոստոսի 18-ին Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և «Արդարություն» կուսակցության ղեկավար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հանդիպումը։

Ողջունելով հյուրերին՝ Վիտալի Բալասանյանը նշեց, որ պատրաստ է լսել «Հայրենիք» կուսակցության մտահոգություններն ու մտքերի շարունակական փոխանակմամբ ստեղծել համագործակցային նպաստավոր դաշտ։

«ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, անհատների, յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ հանդիպման ընթացքում մենք շեշտադրել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, վտանգավոր բնույթ է կրում։ Եթե Մայր Հայրենիքն ընդհուպ մեկ միլիմետրի շեղում արձանագրի, հակապետական զարգացումներ տեղի ունենան, դա կնշանակի՝ կործանում Արցախի, Մայր Հայրենիքի ու համայն հայության համար»,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը։

Մատնանշելով Արցախի հերոս Բալասանյանի անուրանալի դերը Արցախի գոյամարտի ու հաղթանակի կերտման գործընթացում՝ Արթուր Վանեցյանը շեշտեց, որ ճիշտ է՝ Արցախի ու Հայաստանի հանրապետությունները միջազգային հարթակներում երկու տարբեր պետություններ են, սակայն միմյանց հետ խորապես փոխկապակցված են «Մեկ հայրենիք, երկու պետություն» գաղափարի շրջանակում։

Արթուր Վանեցյանը նկատեց, որ վերջերս Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Վիտալի Բալասանյանը մասնակցեց որպես նախագահի թեկնածու՝ ստանալով բավական շատ ձայներ։ «Ընտրությունների արդյունքները փաստեցին, որ Արցախի ժողովրդի մի ստվար զանգված աջակցում ու վստահում է Վիտալի Բալասանյան քաղաքական ու ռազմական գործչին։ Իզուր չէ նաև, որ Արցախի ԱԺ-ում «Արդարություն»-ը ներկայացված է որպես խորհրդարանական երրորդ ուժ»,-ասաց Վանեցյանը։

Անդրադարձ կատարելով հայկական ներքաղաքական գործընթացներին՝ Վանեցյանն ընդգծեց, որ «Հայրենիք» կուսակցությունը ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական ուժ է, որի գաղափարախոսությունը հիմնված է ազգային արժեքների պահպանման ու պետական շահի առաջ մղման վրա։

Շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր քաղաքական իշխանությունը, մեղմ ասած, «վատառողջ» է՝ Արթուր Վանեցյանը համոզմունք հայտնեց առ այն, որ առանց ուժեղ ընդդիմության, իշխանությունը վտանգավոր է պետության և ժողովրդի համար։

«Որոշ ուժերի կողմից այսօր ոտնահարվում են մեր ազգային արժեքները եւ ինքնությունը, սակայն գաղափարակիցների հետ միասնական ջանքերով մենք կպայքարենք նման հակապետական մտածելակերպ ունեցող անհատների ու խմբավորումների դեմ»,-ասաց Վանեցյանը՝ մատնանշելով, որ պետական շահից վեր որևէ արժեք գոյություն չունի, հետևաբար համախմբումը պետք է տեղի ունենա հենց այդ գաղափարի շուրջ։

Հանդիպման ավարտին Վանեցյանը նշեց, որ նախքան արցախյան այցը «Հայրենիք»-ը Երևանում հյուրընկալել էր «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներին, ու քաղաքական երկու ուժերի փոխայցերը կրելու են պարբերական բնույթ։

«Մոտ ապագայում երկու քաղաքական ուժերի միջև կհաստատվի սերտ համագործակցություն, ինչի շրջանակում փաստաթղթային հիմք կհանդիսանա համագործակցության մասին հուշագիրը»,-հանդիպումն ամփոփեց Վանեցյանը»,- ասված է էջում տեղադրված գրառման մեջ։




Լրահոս