Հակաբեղմնավորիչների օգտագործման, սեռավարկաներից պաշտպանվածության մասին թեմաներ. պատգամավորը մանրամասներ է հայտնում կրթության չափորոշիչներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութունների համաձայն՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ չափորոշիչներում առկա են սկանդալային կետեր, որի հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջեւ պահանջ են դրել փոփոխություններ կատարել չափորոշիչներում, քանի որ եթե նման ձեւաչափով երեխաներին ինֆորմացիան հասնի, ապա իրենք լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Այս թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

-Ըստ մեր տեղեկությունների՝ կրթության չափորոշիչների հետ կապված սկանդալային բացահայտումներ եք արել, եւ կարելի է ասել, որ ամեն ինչ անում եք, որ դրանք փոխվեն եւ դասագրքերում չներառվեն: Մի փոքր կմանրամասնե՞ք չափորոշիչների խնդրահարույց լինելու մասին:

-Գրեթե բոլոր առարկաներում խնդրահարույց կետեր կան, որոնք քննարկվում են, եւ մենք ուսումնասիրում ենք բոլոր առարկայական չափորոշիչները: Այս պահին հերթը հասել է Պատմություն եւ հայագիտական մյուս առարկաներին, որից առաջ քննարկեցինք Հայ գրականություն, Հայոց լեզու առարկաները, որոնք նույնպես խնդրահարույց էին իրենց բովանդակային մասով: Մեր բոլոր դիտարկումները ներկայացրել ենք նախարարություն, որը դիտարկումները վերցրել է ի գիտություն, եւ փոփոխելու հարցը առաջ է քաշված, եւ իրենք էլ ընդունել են: Հիմա հաջորդ քննարկումը լինելու է Պատմություն առարկայում, որը կքննարկենք այս ուրբաթ օրը, իսկ մյուս առարկաները՝ Կենսաբանություն, Մաթեմատիկա, Ֆիզկուլտուրա եւ մնացած առակաները, կքննարկվեն հաջորդիվ: Մենք քննարկելու ենք բոլոր առարկաները: Այդ աշխատանքային խմբի ֆորմատում, որը ձեւավորվեց, ինչպես գիտեք, Լազարոտիի կոնվենցիայի ընդունման հաջորդող քայլը եղավ իմ նախաձեռնությամբ աշխատանքային խումբ ձեւավորել եւ քննարկել: Եվ այդ քննարկումների արդյունքում մի շարք կարգավորումներ եղան: Նախարարության կողմից համաձայնությունները կան, բայց վերջին փոփոխությունները չարվեն, չեմ կարող ասել, թե որն է դուրս եկել, եւ որը՝ մնացել: Ինչ վերաբերում է Մաթեմատիկա առարկային, ապա ասեմ, որ վերջնարդյունքում կա ֆիքսված սեռային հավասարության խնդիրները, որը ինձ համար նորից անհասկանալի է: Ասյտեղ բացթողումներից ամենամեծն այն է, որ մենք հավասարության խնդիրը ամբողջությամբ բերել խցկել ենք սեռի դաշտ, երբ պետք է հավասարությունը լիներ կարիքի, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող երեխայի հավասարության մասին խոսք չկա, հավասար կրթության մասին առհասարակ խոսք չկա, բայց հիմնականում խոսվում է կնոջ եւ տղամարդու հավասարության մասին: Իհարկե, այս պահին ոչ մի դասագիրք չկա, որեւէ տեքստ գոյություն չունի, որ մենք ասենք՝ այս տեքստը, որը Մաթեմատիկա առարկայի մեջ սա խնդրահարույց է եւ ներառված է, չենք կարող հավաստիացնել: Իրենք ասացին, որ դասագրքերը դեռ չկան , եւ չի կարող այս տեքստը լինել: Ես հավատում եմ այն բանին, որ սա ուղղակի կեղծ ինֆորմացիա է տարածվել, որպեսզի առաջանա լարվածություն: Իսկ եթե կեղծ չէ, իրականություն է, ապա արդեն իսկ հերքեցին, որ նման բաներ գոյություն չունի: Այսինքն՝ մեր շահն է այն, որ այդպիսի բաներ չլինեն, մնացածը, թե ով է շրջանցում, դա էլ իրենց խղճին:

-Տիկի՛ն Հովսեփյան, այսինքն՝ այս չափորոշիչների գրված հատվածը Դուք չե՞ք տեսել:

-Իհարկե տեսել եմ: Դա չափորոշիչի մեջ գրված չէ, գրված է չափորոշիչ, գրված է ծրագիր, որից պետք է բխի դասագիրքը: Չափորոշիչն առարկայական այն վերջնարդյունքն է, որին պետք է հասնեն: Ծրագրերն այն առաջարկներն են, որոնք պետք է լինեն, այսինքն՝ ինչ պետք է հիմք լինի, որ հիմնաքարը լինի: Դրանից ելնելով, այո, կարող է բխել այս թեման, որը կարող է արծարծվել: Բայց դա կարող է լինել, կարող է չլինել այն դեպքում, երբ դասագրքերի մրցույթը լինի, մրցույթով հաղթած կազմակերպությունը նմանատիպ թեմա արծարծի: Այսինքն՝ եթե մենք այստեղ մեղադրական մոտեցում ցուցաբերենք, դա այս պահին կլինի միամտություն, քանի որ ոչինչ այս պահին չկա, դասագրքի մրցույթ նույնպես դեռ հայտարարված չկա: Մեր հարցադրումներին պատասխանել են, որ գոյություն չունի նման բան, այսինքն՝ չի կարող լինել նման բան դասագրքերում, իսկ դա մեզ բավարարում է: Իսկ եթե անգամ մտքներով անցել է, կարեւոր է, որ գիտակցում են խնդրահարույց լինելը եւ գիտակցում են, որ չպետք է լինի: Կարեւորը՝ հանած է:

-Տիկի՛ն Հովսեփյան, իսկ Կենսաբանություն առարկան արդեն ուսումնասիրե՞լ եք:

-Այո, Կենսաբանության առարկայի խնդրահարույց կետերից մեկը 8-րդ դասարանին էր վերաբերում, որտեղ սեռային, ավելի ճիշտ վերարտադրողական դասընթացներ պետք է լինեին: Կային հակաբեղմնավորիչների օգտագործման, սեռավարկաներից պաշտպանվածության, պաշտպանիչ միջոցների տրման եւ այլ նմանատիպ թեմաներ: Այդտեղ տարիքային որեւէ տարր հաշվի առնված չէր: Խնդիրը հետեւյալումն է, որ աշխատանքյաին խմբերը հարցին մոտեցել են զուտ որպես մասնագետ եւ առողջ Ապրելակերպ առարան տեղայնացրել են Կենսաբանության առարկայի ներսում՝ հաշվի չառնելով տարիք, հոգեբանական զարգացման ընթացք: Եվ մեր այս մասնագիտական քննարկումները տանում են նրան՝ տարիքային կարգ հաշվի առնվի, այո, 12-րդ դասարանում երեխան կարող իմանալ սեռավարկաների մասին, բայց ոչ այն դեպքում, երբ երեխան նոր սեփական օրգանիզմն է ճանաչում, թե մարդու կառուցվածն ինչպիսինն է, եւ այս տարիքում խոսել հակաբեղմնավորիչների մասին, սա արդեն ոչ պրոֆեսսիոնալ մոտեցում է:

Սոնա Գրիգորյան




Լրահոս