ՀՀ Ազգային ժողովը ներկայացրել է 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին ամփոփ տեղեկատվություն: Նկատենք, որ հաշվետվության մեջ արձանագրվում է, որ ամբողջ աշխարհը շարունակում է կրել համավարակի արագ տարածման բացասական հետեւանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։ Այսպիսով, ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով. 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել էր 179 ծրագրերի իրականացում 46 պետական մարմինների պատասխանատվության ներքո: Փաստացի միջոցներ են օգտագործվել նախատեսված ծրագրերից 168-ի շրջանակներում: Ծրագրերի շրջանակներում նախատեսված 877 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են 698-ը կամ 79.6%-ը: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը: Շեղումը կազմել է 161.2 մլրդ դրամ, որը հիմնականում արձանագրվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ՀՀ պաշտպանության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի եւ ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերում: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ 2020 թվականի առաջին կիսամյակում կատարվել է պետական բյուջեի 8 ծրագիր՝ նախատեսված 11-ի փոխարեն: Ծախսերը կազմել են շուրջ 7.7 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 56.3%-ը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 2 մլրդ դրամ՝ ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովման նպատակով, որը կազմել է կիսամյակային ծրագրի 85.8%-ը: 2019 թվականի առաջին կիսամսյակի համեմատ՝ ՀՀ Ազգային ժողովի ծախսերը նվազել են 5.4%-ով կամ 112.1 մլն դրամով: Իսկ, ահա, ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ձեռք է բերվել 60000 բժշկական հավաքածուներ, 230.000 հատ պաշտպանիչ բժշկական պարագաներ, կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով 102 հատ առողջապահական սարքեր։ Ամբողջությամբ օգտագործվել են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջապահական ծառայությունների համար նախատեսված միջոցները, որոնք կազմել են 842.3 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տվյալ ծրագրի ծախսերն աճել են 9.9 անգամ կամ 8.3 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված միջոցառումների ֆինանսավորմամբ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց կրկին նախարարը շատ քիչ է խոսել: Բանն այն է, որ նախարարը հանդիպմանն իր հետ տարել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, որը, կարելի է ասել, հանդիպման ողջ ընթացքում պատասխանել է իմքայլական պատգամավորների հարցերին: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում Եկեղեցու պատմություն առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում խորհուրդներ ստեղծելու հարցերը, համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաեւ պատգամավորները փորձել են պարզել, թե երբ են ի վերջո կրթական համակարգում ռեֆորմներ լինելու: Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել, գրեթե բոլոր հարցերի ժամանակ նայել է փոխնախարարի դեմքին, որպեսզի նա պատասխանի հարցերին: Հիշեցնենք, որ կառավարությունում, երբ կրթության ոլորտում պետք է նախարար Հարությունյանը ներկայացներ իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը, նույն ձեւաչափով էր անցել քննարկումը, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր հարցերին պատասխանել էր Ժաննա Անդրեասյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումից հետո իշխանական ֆրակցիայում ավելի է խորացել դժգոհությունը նախարարի դեմ, քանի որ այնտեղ մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը՝ իր դանդաղկոտության ու թերի աշխատանքի պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Արցախի պաշտպանության բանակի միջեւ կադրային տեղափոխումները շարունակվում են: Մեր տեղեկություններով՝ այս անգամ էլ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ Հովհաննես Ավագյանը նոր պաշտոն է ստացել Արցախի պաշտպանության բանակում եւ տեղափոխվել այնտեղ աշխատանքի: Մենք տեղեկացանք, որ վերջինիս տեղափոխումը Պաշտպանության նախարարությունում կապում են ավելի շատ առաջխաղացման հետ, քանի որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նրան Արցախում ավելի բարձր պաշտոնի են նշանակել: Նկատենք, որ Արցախից Հայաստան եւ Հայաստանից Արցախ տեղափոխությունները սկսվել են վերջերս՝ հունիս ամսից, երբ աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն եւ ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Դրանից հետո փոփոխությունները ակտիվացան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք այսքանով չեն ավարտվելու, եւ առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից կամ ՀՀ ՊՆ-ից այլ տեղափոխություններ եւս կլինեն:
Տեւական ժամանակ է, ինչ նախակրթարանների աշխատողների կողմից սկսվել են երեխաների ցուցակագրման աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մանկապարտեզների դաստիարակները մեկ առ մեկ զանգահարում են իրենց խմբերի ծնողներին եւ հետաքրքրվում՝ մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն մանկապարտեզ, թե ոչ։ Հիշեցնենք՝ նման ցուցակագրման աշխատանքներ իրականացվել էին դեռեւս մայիսի սկզբին, ինչից հետո որոշում կայացվեց մայիսի 20-ից վերաբացել մանկապարտեզները: Սակայն մանկապարտեզ հաճախեցին նախատեսվածից քիչ թվով երեխաներ, ինչով էլ պայմանավորված՝ նորից փակվեցին մանկապարտեզները: Բացի այդ, նշենք, որ դրանք վերաբացելուց հետո մանկապարտեզների մի շարք աշխատողներ հիվանդացան կորոնավիրուսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ եւս սաների ծնողները դաստիարակներին վստահեցրել են, որ իրենց երեխաներին տանելու են մանկապարտեզ: Ի դեպ, նշենք, որ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն։ Դասերը կլինեն առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Բուհերի եւ մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: