Մինչ ճանապարհային ոստիկանությունը եւ իրավապահ մարմինները փորձում են կարգազանց վարորդներին պատասխանատվության ենթարկել՝ տուգանելով նրանց, անգամ ներդնելով հայտնի բալային համակարգը, որով շատ վարորդներ զրկվել են վարորդական իրավունքից, տուգանքներն ու համապատասխան որոշումները կարգի չեն հրավիրում վարորդներին:
ArmLur.am-ը գրել էր, որ վարորդները, անգամ զրկված լինելով վարորդական իրավունքից, վարել են մեքենաներ եւ հիմա հայտնվել են դատարանի առաջ: Եվ, ահա, 2019 թվականին դեկտմեբրի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածում կատարվել են լրացումներ, որն էլ ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ երկու ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ երկու ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով: Ասել է թե՝ օրենքում խստացումներ իրականացվեցին: Իսկ ի՞նչ են արձանագրել իրավապահները եւ հատկապես Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը. բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանը ներկայացրեց 2020 թվականի առաջին կիսամյակում արձանագրված դեպքերը:
Այստեղ անհրաժեշտ է համեմատական տանել 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ: Եվ այսպես, 2020 թվականի առաջին կիսամյակում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու դեպքերով արձանագրվել է հանցագորխության 95 դեպք՝ 2019 թվականի առաջին կիսամյակի 3 դեպքի դիմաց, ասել է թե՝ այստեղ ունենք մտահոգիչ աճ. 92 դեպքով կամ 306 տոկոսով աճել է նշված հանցատեսակը:
Քննչական բաժնի պետի տեղակալի խոսքով՝ կատարված քրեական գործերի ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վիճակում տրանսպորտային միջոցներ վարած անձանց գարեկշիռ մասը կազմում են տաքսի ծառայություններ մատուցող անձինք: Սամվել Սամվելյանի խոսքով՝ ունեն դեպքեր, երբ ծնողները, քաջատեղյակ լինելով իրենց երեխաների՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու մասին, այնուամենայնիվ նրանց են տրամադրում տրանսպորտային միջոցներ:
5.186.910 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 26 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5.186.910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1.300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 21 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5.186.910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտում արձանագրվել է 2 դեպք, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների եւ ռեժիմի խախտման 1 դեպքով նշանակվել է 80000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 664.000 ՀՀ դրամ:
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:
Երեւանի Հրաչյա Քոչար փողոցից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի: Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են գանգի պատկերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 1 մասնատված եւ 46 ամբողջական հաբեր:
Նույնանման 19 հաբ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ներմուծված մեկ այլ առաքանուց, որը թիրախավորվել էր Մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության եւ տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում: Երկու դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչություն:
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո ԱԱԾ-ն ակտիվ քննչական գործողութուններ էր սկսել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ նա առերեսվել է իր թիկնապահներից մեկի հետ: Ավելին, Նարեկ Սարգսյանն արդեն 6 ամիս է, ինչ Հայաստանում է եւ կալանավորված, սակայն մինչ օրս ցուցմունք ԱԱԾ քննիչներին չի տվել:
Արդյոք Նարեկ Սարգսյանին տարե՞լ են հոգեբուժարան, եւ առհասարակ նա դեռեւս ցուցմունք չի՞ տվել: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանից:
Հիշեցննեք, որ 2018 թվականին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էր դիմել Արամ Կարապետյանը եւ Նարեկ Սարգսյանի գործողությունների մասին հաղորդում ներկայացրել հանցագործության մասին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ: Քննության ընթացքում պարզվել էր, որ 2017 թվականին Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել են ու ծեծի ենթարկել: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: Սակայն այդ մասին, իբր, իմացել է Նարեկ Սարգսյանը եւ թույլ չի տվել:
Արդյունքում, ըստ իրավապահների` օգոստոսի կեսերին Երեւանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը` Արտեմ Պետրոսյանը, նրան հրավիրել է հանդիպման: Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պետրոսյանն այլ անձանց հետ տղամարդուն առեւանգել է ու տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ: Այս նույն քրեական գործի շրջանակներում Նարեկ Սարգսյանի երեք թիկնապահները այժմ կանգնած են դատարանի առաջ: Մասնավորապես, Սամվել Սոսյանին, Հարություն Աբրահամյանին եւ Հովհաննես Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, բացահայտ եղանակով կատարել են անձի առեւանգում: Երեք թիկնապահներն էլ կալանավորված են, եւ նրանց քրեական գործը քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ: