ՆՎԱԶԵԼ ԵՆ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման քսաներեքերորդ եւ քսանչորսերորդ միջոցառումները:

 

24-րդ միջոցառման ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետեւանքով խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու, խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման պայմանները բարելավելու եւ ընթացիկ տարվա խաղողի մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն՝ ընթացիկ տարում սպասվում է խաղողի առատ բերք, մինչդեռ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ կտրուկ նվազել են գինեգործական արտադրանքի իրացման ծավալները, եւ, դրանով պայմանավորված, գինեգործական կազմակերպություններում խնդիրներ են առաջացել նախկինում վերցված վարկերի սպասարկման եւ նոր վարկեր ներգրավելու նպատակով ազատ գրավի ապահովման առումով։ Բացի այդ, պատրաստի արտադրանքի իրացման ծավալների կրճատումը հանգեցրել է արտադրանքի պահման տարողությունների սակավության։

Ըստ այդմ՝ առաջարկվում է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման եւ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի պայմաններում կատարել մի շարք փոփոխություններ: Արդյունքում խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող տնտեսավարողները հնարավորություն կստանան ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, լիզինգով ձեռք բերելու հումքի եւ արտադրանքի պահման տարողություններ ու կաղնեփայտե տարաներ, կազմակերպելու խաղողի մթերման գործընթացն ու վճարելու խաղողագործներից գնված բերքի արժեքը, որոշ չափով նվազեցնելու արտադրանքի ինքնարժեքն ու ավելացնելու արտադրանքի իրացման ծավալները։ 2020 թ.-ին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկեր կտրամադրվեն հետեւյալ պայմաններով՝ ՀՀ դրամով` մինչեւ 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչեւ 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս պարագայում էլ ի վերջո աջակցման միջոցառման վերջնական շահառուն խաղողագործներն են, գյուղացիները. «Այսպիսով, աջակցելով ընկերություններին, մենք պայմաններ են ապահովում, նաեւ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել այս տարի խաղողի մթերումը լիարժեք իրականացնելու համար»:

Վարչապետն անդրադարձել է կառավարության՝ նախկինում ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 22 միջոցառումներին եւ նշել. «Երեկվա դրությամբ շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ, որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ մոտ 17,5 մլրդ դրամ: Եվս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել: Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որպեսզի նրանք ավելի լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսությանը, բիզնեսին եւ մի քանի այլ ոլորտների: Իհարկե, մենք այստեղ նաեւ ծրագրերին աջակցել ենք  այնքանով, որ սուբսիդավորել ենք մի շարք բազմաթիվ ծրագրերով, ներառյալ՝ կրթական: Եվ տնտեսական միջոցառումների շրջանակում կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ է տրամադրվել բիզնեսին: Եվ այս թվերը ներառյալ՝ արձանագրենք, որ 144,5 մլրդ դրամ, ըստ էության, ներարկել ենք տնտեսություն այս ճգնաժամային շրջանում, որը, կարծում եմ, բավական շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»:

 

 

ԴԵԲԵԴԸ 4 ՀԵԿՏԱՐ ԱՅԳԻՆԵՐ Է ՔՇԵԼ

Հայ-վրացական սահմանի Դեբեդի հովտի հատվածում՝ Տավուշի մարզի Այրում համայնքի Դեբեդավան, Պտղավան գյուղերի տարածքում, Դեբեդ գետը, տարիներ շարունակ մղվելով Հայաստանի տարածք, փոքրացրել է Հայաստանի Հանրապետության տարածքը։

 

Հայ-վրացական  բնական սահմանագիծը համարվում է Դեբեդ գետը։  Հայկական տարածքում՝ Դեբեդի աջ ափին, վերջին  տարիներին գետի ամրացման աշխատանքներ  չեն կատարվել։ Այրում համայնքի Պտղավան գյուղի տարածքում հունը փոխած Դեբեդը Հայաստանի տարածից կտրել, առանձնացնել է բավական ընդարձակ տերիտորիա՝ ծառերով, բուսականությամբ։ Պտղավանի դեմ-դիմաց Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Բուրմա գյուղն է։ Դեբեդավան գյուղի դիմաց՝ Դեբեդի ձախ ափին՝ վրացական տարածքում, Վրաստանի կառավարության ֆինանսավորմամբ՝ խոշոր քարաբեկորներով  ամրակառուցվել է շուրջ 1, 5 կմ գետափյա հատված։

Նախկին տարիներին գարնանային եւ ամառային  հորդ անձրեւներից վարարած Դեբեդը Դեբեդաբան գյուղի տարածքում քշել-տարել է  3 հեկտար հողատարածք, հիմնականում՝ պտղատու այգիներ։ 2020 թվականին վարարած Դեբեդը Դեբեդավանում քշել-տարել է մոտ մեկ հեկտար տարածք։ Այդ տարածքում  պտղատու  այգիներ էին։ Հեղեղի քշած  հողատարածքները պատկանում են Դեբեդավանի 5 բնակիչների, դրանք սեփականաշնորհված եւ վարձակալությամբ տրված հողեր էին։ Դեբեդավանի բնակիչները  խնդրի վերաբերյալ դիմել են «Շենացող համայնքներ» ՀԿ նախագահ, նոյեմբերյանցի լրագրող Սուսաննա Մարտիրոսյանին, ով այդ առթիվ դիմել է  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարություն։ Խնդրի վերաբերյալ համապատասխան ատյաններին է  դիմել  խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը։

Օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղարշակ Սարգսյանը ժամանել է հայ-վրացական սահմանագիծ, համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի, Սուսաննա Մարտիրոսյանի, սահմանապահների հետ ուսումնասիրել հայ-վրացական սահմանագծում առկա խնդիրը եւ այն լուծելու եղանակները։ Կապված այն բանից, թե Դեբեդի հայկական ափը ինչ նյութերով կամրապատվի, աշխատանքների ընդհանուր գումարը տարբեր կարող է լինել։ Դեբեդի ափի ամրապնդման տարբերակներից մեկը գետի հայկական ափին հսկա քարաբեկորների տեղադրումն  է, մեկ այլ տարբերակը գետի ափին բետոնե  մեծ բլոկների տեղակայումն է։ Որպես հիմնահարցի  լուծման ուղի՝ քննարկվում է պետական, համայնքային  ֆինանսական միջոցների, հասարակական սեկտորի եւ սփյուռքի  հայության ներգրավումը։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՊԱԿԱՍ

Գետահովիտը Իջեւան քաղաքին հարակից գյուղ է: 2265 բնակիչ ունեցող Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը, որպես համայնքում կատարված նշանակալից գործ, նշեց միջպետական ավտոճանապարհից Գետահովիտ տանող 1,4 կմ երկարությամբ ավտոճանապարհի ասֆալտապատումը։  Այդ ճանապարհի հետ կառուցվել է  ջրահեռացման համակարգ։ Նշված ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով։ Գետահովտում պետական սուբվենցիոն ծրագրով, 18 միլիոն դրամով   կառուցվել է  500 տոննա տարողությամբ խմելու ջրամբար։ Համայնքի ղեկավարն ասաց, որ գյուղում խմելու ջուր տրվում է ամեն օր, սակայն ջրի պակաս կա. երբ անձրեւներ են լինում, մակերսային  ջրերի հաշվին ավելանում է մատակարարվող խմելու ջրի քանակը, սակայն երաշտի պայմաններում այն նվազում է։ Գյուղում համայնքի միջոցներով կառուցվել է կոյուղագիծ, որը միանում է  Աղստեւ գետին, նաեւ  հենապատ է կառուցվել։

 

 

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում  ընթանում է Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Կարեն  Լորիկի Մովսեսյանի դատավարությունը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության  Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառնույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով,  չարաշահել  է պաշտոնեական լիազորությունները, ինչն էական վնաս է  պատճառել պետության օրինական շահերին, քաղաքացու իրավունքներին եւ օրինական շահերին։ Կ. Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է  ՀՀ գլխավոր դատախազությունը։

 

 

ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

Բերդի համայնքապետարանից հայտնեցին, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Բերդ համայնքի 3 բնակավայրում՝ Վարագավանում, Ներքին Կարմիրաղբյուրում եւ Բերդ քաղաքում, արոտավայրերի ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Այդ աշխատանքների շրջանակում  նաեւ անասունների  համար խմոցներ են տեղադրվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս