«ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՅՏՆԻ ՖԻՐՄԱՅՈՒՄ». ՀԱՅԿ ԿԱՍՊԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովն է: Մեզ հետ զրույցում նա անդրադարձել է Գերմանիայում իր ապրելակերպին, Հայաստանի հետ կապված ծրագրերին եւ անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխություններին: Հայկը խոստովանել է, որ Հայաստան հաճախակի այցելելու գլխավոր պատճառներից մեկն էլ հենց սիրելին է, որի հետ պատրաստվում է  օրինականացնել հարաբերությունները:

 

-Հա՛յկ, այս տարի հասցրել եք արդեն նոր տեսահոլովակներ թողարկել, կարծես թե բուռն ստեղծագործական կյանքով եք ապրում. էլ ի՞նչ նորություններ կլինեն:

-Այս տարի արդեն հասցրել եմ երկու տեսահոլովակ ներկայացնել իմ երկրպագուներին, նաեւ այս կարճ ժամանակահատվածում պատրաստել եմ նոր տեսահոլովակ, որի պրեմիերան արդեն կայացել է. երգը կոչվում է «Առաջին սեր», իսկ երկրորդ տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է ներկայացնել սեպտեմբերի 21-ին: Ցավոք սրտի, այս կորոնավիրուսի համավարակի պատճառով արդեն պատրաստի շատ-շատ երգեր հետաձգվեցին, ունեինք համերգներ Շպռոտի հետ, ինչպես նաեւ զուգերգ ունենք Շպռոտի հետ, բայց այդ բոլոր համերգները չեղյալ համարվեցին:  Ամեն դեպքում հույս ունեմ՝ բացի այս երկու տեսահոլովակից, մինչեւ տարվա վերջ կլինի եւս երկու տեսահոլովակ:

-Հա՛յկ, մի փոքր  կպատմե՞ք նոր տեսահոլովակի եւ երգի ստեղծման մասին:

-Երգը սիրային է եւ նաեւ մի քիչ էլ անձնական է: Ճիշտ է՝ «Առաջին սեր» չէ, բայց տվյալ պահին մենք ասում ենք առաջին սեր: Երաժշտության հեղինակը Նիկ Եգիպյանն է, խոսքերի հեղինակը իսպանահայ երգիչ Արթուր Աբգարն է, իսկ ռեժիսորը` Գեղամ Թադեւոսյանն է: Տեսահոլովակը նկարահանել ենք Հայաստանում. ի դեպ, նշեմ, որ վաղուց Հայաստանում տեսահոլովակ չէի նկարահանել: Երգի մասին շատ դրական կարծիքներ, արձագանքներ եմ լսել, եւ, կարծես թե, արդեն  բավականին տարածում է գտել, ինչի համար շատ ուրախ եմ: Ավելացնեմ, որ կորոնավիրուսի ի հայտ գալու իսկ առաջին օրերին ներկայացրեցի հեռուստադիտողի դատին «Հայի աչքեր» տեսահոլովակը, հետո՝ ապրիլի 10-ին, դուրս եկավ «Պապուրի»-ին, այնպես, որ այս ընթացքում արել եմ շատ գործեր ու չեմ կարող հետաձգել, քանի որ գործիքավորումները կարող են հնանալ, ինչ-որ փոփոխություններ են լինում, նոր գործիքներ, նոր մոտեցումներ, այնպես որ, որոշեցի ներկայացնել, քանի որ չենք կարող ասել, թե այս համավարակն ինչքան կտեւի կամ ինչ ընթացք կունենա: Ունեմ աշխատանքներ, ունեմ հնարավորություն, ուրեմն պետք է ներկայացնեմ. թե ինչքանով կխանգարի, ինչքանով կօգնի, դա արդեն ժամանակը ցույց կտա:

-Արդեն 7 տարի է՝ բնակվում եք Գերմանիայում: Հայաստան վերադառնալու, այստեղ մշտական բնակություն հաստատելու ծրագրեր ունե՞ք, թե՞ Ձեր ապագան արդեն այդ երկրում եք պատկերացնում:

-Այդ մտադրությունը լինում է գրեթե ամեն օր, բայց երեւի թե հարմարվել եմ արդեն այնտեղի ապրելակերպին: Այնտեղ ինձ ավելի հարմար է, այնտեղ ունեմ իմ կոնկրետ լսարանը եւ երեւի թե ես արդեն այն տարիքում չեմ, որ եւս մեկ անգամ այստեղ զրոյից սկսեմ կարիերաս: Վստահ եմ, որ ինձ այստեղ շատերն արդեն մոռացել են, եւ այնպես չէ, որ հեռուստաալիքներով հաճախ են ցուցադրվում իմ տեսահոլովակները, անգամ տեղյակ էլ չեմ, թե ցուցադրվում են, թե ոչ: Գերմանիայիում եթե, բացի երգելուց, կարող եմ մեկ այլ գործով եւս զբաղվել, ապա այստեղ այդ առումով ավելի սահմանափակ է: Հույսով եմ, որ ամեն ինչ այնքան լավ կլինի, որ ես մի օր վստահ ու հստակ կորոշեմ, որ վերադառնամ Հայաստան, իսկ ընտանիք կազմելու մասին իհարկե մտածում եմ, պլաններ կան: Կարելի է ասել՝ որոշել էինք այս տարի պսակադրվել, բայց համավարակի պատճառով հավանաբար կհետաձգվի, եւ հուսով եմ, որ դա կլինի մյուս տարի: Անկեղծ ասած, չէի ցանկանա նրա մասին խոսել, քանի որ դա իմ անձնականն է: Մեր մոտ ամեն ինչ շատ լավ է, մենք իրար շատ լավ հասկանում ենք, ու հուսով եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Երկուսս էլ շատ զբաղված ենք, ժամանակ չունենք, փորձում ենք մեկս մեկին օգնել: Իմ բոլոր գործերի մեջ, կարելի է ասել, նրա մատը խառն է, լսում ենք միշտ միմյանց խորհուրդները, եւ ամենից կարեւորը՝ մենք լավ ընկերներ ենք:

-Գերմանիայում, բացի երգելուց, էլ ինչո՞վ եք զբաղվում:

-Ասեմ, որ Գերմանիայում իմ լսարանը հայերն են, չեմ խաբի՝ ասելով` գիտեք, ինձ այնտեղ բոլորը ճանաչում են, հայերն էլ սկսել են ճանաչել վերջին երկու տարվա ընթացքում: Իսկ մինչ այդ միշտ աշխատել եմ, ամեն աշխատանք կատարել եմ, որով կարելի է գումար վաստակել, այնքան գումար, որ նորմալ, արժանավայել մարդու պես ապրեմ: Կոնկրետ բիզնես չունեմ, բայց աշխատանք կոնկրետ ունեմ, որտեղ աշխատում եմ մեծ սիրով:

-Իսկ ի՞նչ ոլորտում եք աշխատում:

-Հիմա որ ասեմ, թե որտեղ եմ աշխատում, դա լինելու է գովազդ, բացի դա, չեմ էլ ուզում ասել, թե որտեղ եմ աշխատում, բայց ինքը շատ մեծ հայտնի ֆիրմա է ամբողջ աշխարհով մեկ: Այնտեղ քո կատարած աշխատանքի դիմաց ստանում ես համապատասխան գումար, ու նույն այս վիրուսի ընթացքում ես ավելի շատ գումար եմ վաստակել: Այս ամիսների ընթացքում ես աշխատել եմ գրեթե ամեն օր: Եթե շատերը տանը նստած են եղել, ես միշտ աշխատել եմ, անգամ ընկերներս ասում էին` նախանձում ենք քեզ: Ես առհասարակ իմ բնույթով շատ աշխատող եմ, ես չեմ սիրում եւ չեմ կարող տանը նստել: Ես պետք է անընդհատ ինչ-որ զբաղմունք ունենամ:

-Հայաստանյան շոու-բիզնեսին հետեւու՞մ եք, ի՞նչ տպավորություններ ունեք:

-Անկեղծ ասած, սուտ կլինի, որ ասեմ՝ հետեւում եմ, դա ավելի շատ կապված է ժամանակի սղության հետ, անգամ ես ժամանակ չունեմ ծնողներիս հետ հեռախոսով զրուցելու, ովքեր ապրում են Հայաստանում, բայց այստեղ շոու-բիզնեսից ունեմ շատ լավ ընկերներ, որոնց հետ մինչեւ հիմա կապը պահպանում եմ: Այնտեղ ես միշտ աշխատանքի մեջ եմ եւ չեմ էլ հասցնում հանգստանալ, վերջին անգամ երկու տարի առաջ եմ հանգստացել:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ՆԱ ԻՆՁ ԿՏՐՈՒՄ Է ՎԱՏ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ». ԱՐԱՔՍՅԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է ամերիկաբնակ երգչուհի Արաքսյա Ամիրխանյանի հետ։

«Կորոնավիրուսի այս պայմաններում մի քիչ դժվար է ակտիվ հանգիստ կամ լիարժեք հանգիստ ծրագրելը, բայց մենք փորձում ենք որոշ չափով կտրվել այս իրականությունից ու տարբեր քաղաքներում ինչ-որ հետաքրքրություններ ենք գտնում, հատկապես ավելի ծովափնյա, անտառային հատվածներում, մի խոսքով, փորձում ենք ավելի դրական տրամադրվել ու ժամանակն ավելի ռացիոնալ անցկացնել ընտանիքի հետ, հատկապես ամռան ընթացքում»,-նշեց նա։

Անդրադառնալով կորոնավիրուս համավարակին՝ Արաքսյա Ամիրխանյանը կարծիք հայտնեց, որ իր համար այս համաճարակի հաղթահարման միակ սփոփիչ կողմն իր բալիկն է։

«Հաղթահարման իմ միակ սփոփիչ կողմը բալիկս է, ում հետ իմ օրն անցնում է լիարժեք եւ հագեցած։ Իսկապես նա ինձ շատ է օգնում կտրվել վատ իրականությունից, որը, կարծում եմ, շուտ կհեռանա մեզանից, ինչպես նաեւ շատ է օգնում իմ աշակերտների հետ աշխատանքը, դպրոցը, ու, ընդհանրապես, աշխատանքային այս բուռն շրջանը կտրում է այս վատ իրականությունից»,-հավելեց երգչուհին։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՕՐ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում իտալական «Ատալանտայի» նկատմամբ 2։1 հաշվով կամային հաղթանակից հետո խոսել է թիմի առաջատարների մասին: «Սա առանձնահատուկ օր է: Այս ամենը հարկավոր էր մեզ, որպեսզի փոխենք մեր մտածելակերպը: Խաղացողները ներդրեցին ուժերի 200 տոկոսը, ես հպարտ եմ: Բոլորը կասկածում էին ՊՍԺ-ի հնարավորությունների վրա: Նեյմարն ու Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից են: Նեյմարը հանդիպման լավագույն խաղացողն էր: Նա անցկացրեց հրաշալի խաղ: Նեյմարը շատ բան է փոխել թիմում: Ես յուրահատուկ ինչ-որ բան զգացի: Նրանք երկուսն էլ կմնան ու երբեք չեն հեռանա թիմից»,- Նասեր Ալ-Հելաիֆիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը: Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 1995-ից հետո առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Այս տարի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: Կիսաեզրափակչում ՊՍԺ-ն կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։

 

 

ՀԱՂԹԵԼ Է

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգայի երկրորդ տուրում «Օլիմպ-Դոլգոպրուդնին» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է Իրկուտսկի «Զենիթին»: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին՝ նորամուտը նշելով նոր թիմում: Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողն օրեր առաջ էր հեռացել Կրասնոյարսկի «Ենիսեյից», որի կազմում հանդես էր գալիս 2016 թվականից:

 

 

ՄՐՑԱՆԱԿԸ ՏՎԵԼ Է ԹԻՄԱԿՑԻՆ

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում իտալական «Ատալանտայի» նկատմամբ 2։1 հաշվով կամային հաղթանակից հետո հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է իր թիմակից Մաքսիմ Շուպո-Մոտինգին: Լիսաբոնում կայացած խաղում կամերունցի հարձակվողը փոխարինման էր դուրս եկել 79-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում խփել էր ՊՍԺ-ի հաղթական գոլը: Հիշեցնենք, որ մինչեւ 90-րդ րոպեն «Ատալանտան» հաղթում էր նվազագույն հաշվով, բայց վերջնամասում ֆրանսիական ակումբը խփեց 2 գոլ եւ դուրս եկավ հաջորդ փուլ: ՊՍԺ-ն 1995թ-ից հետո առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր:

Այս տարի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: Կիսաեզրափակչում ՊՍԺ-ն կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։

 




Լրահոս