
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ով լինելը ոչ միայն հարուցել է Ազգային ժողովի իշխող՝ Իմ քայլը խմբակցության պատգամավորներից շատերի դժգոհությունը, այլ նաեւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Եվ հենց դա է պատճառը, որ վերջինս այս ընթացքում աշխատանքային խումբ էր ստեղծե, որի միջոցով ցանկանում է ուսումնասիրել Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի եւ արդեն նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի անցած ուղիները:
Ընդ որում, վերջինիս եւ նրա ընտանիքի շուրջ ամենամեծ ուսումնասիրությունն արդեն կատարվել էր, սակայն հաշվի առնելով, որ նա հրաժարվեց պայքարից, գործընթացը դադարեցվել է: Այստեղ ուշագրավն այն է, որ ուսումնասիրվել է թեկնածուների մասին ամեն հնարավոր տվյալները. իրենք ինչ ունեցվածք ունեն, ինչ աշխատանքներ են կատարել, ուսումնասիրվել է նաեւ թեկնածուներից յուրաքանչյուրի հարազատների լայն շրջանակին պատկանող գույքը, գիտական աշխատանքները՝ Հայաստանում եւ արտերկրում, դատական ակտերը, անգամ հարցազրույցներ են արվել թեկնածուների գործունեությունից հնարավոր տուժած անձանց հետ: Եվ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, այժմ ամբողջացվում են ուսումնասիրության արդյունքները, որպեսզի մինչ ընտրության օրը ներկայացվեն և պատգամավորները թեկնածուներին հնարավորություն չտան՝ դառնալու ՍԴ դատավորներ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում