ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ Է ՄԱՆԴԱՏ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օգոստոսի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Բայց պարզվում է՝ այդ հանձնարարությունը բավականին ուշացած է եղել գործընթացներից: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ Քննչական կոմիտեում դեռեւս 2020 թվականի ապրիլ ամսին վերոնշյալ հարցի հետ կապված ուսումնասիրություններ են կատարվել, կոմիտեն կոնկրետ հարցումներ է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Անձնագրային վարչություն եւ մի շարք այլ գերատեսչություններ եւ ստացել պատասխաններ: Այստեղ հարց է առաջանում՝ մի՞թե Ռուբեն Հայրապետյանի գործը հսկող դատախազը տեղյակ չի եղել, թե կոմիտեն ինչ աշխատանքներ է տանում. տեղյակ է եղել, սակայն իր վերադասների մոտ  ցույց է տվել, թե իր հանձնարարությունն է անհրաժեշտ, որպեսզի Հայրապետյանի մանդատ ստանալու օրինականության հարցն ուսումնասիրվի: Ստացվում է, որ Գլխավոր դատախազությունը, մեղմ ասած, տեղում չէ եւ հանրության աչքին «թոզ է փչում», թե բոլոր գործընթացների օրինականության մասով խիստ մտահոգ է: Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանն առաջին անգամ պատգամավոր էր ընտրել 2003 թվականի մայիսի 25-ին, դրանից մոտ մեկ ամիս անց դարձել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Երկրորդ անգամ Հայրապետյանը պատգամավոր էր ընտրվել 2007 թվականի մայիսի 12-ին, երրորդ անգամ էլ՝ 2012-ին։ Եվ, ահա, պարզվում է, որ նա ամենեւին էլ Սահմանադրության խախտումով չէ այդ տարիներին պատգամավոր ընտրվել: Բանն այն է, որ 2005 թվականին ընդունված Սահմանադրության հոդված 64-ն ասում է. «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության հոդված 48-ում ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:  Ինչպես նկատելի է, 2015 թվականին ընդունված Սահմանադրության մեջ ընդգծված է «միայն» բառը, այսինքն՝ այդ տարվանից հետո է պարտադիր դարձել, որ պատգամավորը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի, իսկ մինչ այդ գործող Սահմանադրության մեջ նման պարտադրանք չի եղել: Եվ, ահա, ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավոր ընտրվելու գործընթացում որեւէ խախտում չի եղել. Սահմանադրությունը թույլատրել է նրան լինել ե՛ւ երկքաղաքացի, ե՛ւ պատգամավոր:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու որոշումից հրաժարվել կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը: Հիշեցնենք՝ երեկ հայտարարություն տարածելով՝ նա հայտնել էր, թե Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։ Ինչպես հայտնի է, իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների մեծ մասը սվիններով էր ընդունել կառավարության թեկնածուին, եւ նրա հետ կապված տարբեր շրջանակներում դժգոհություն էր հասունացել: Եվ մի քանի նիստ անելուց եւ իրավիճակը հասկանալուց հետո իշխող խմբակցությունը հասկացել է, որ անհնար է դառնում կառավարել խմբակցությանը եւ այնպես անել, որ կողմ ձայներ ապահովեն, ու այդ մասին անկեղծորեն ասել են կառավարությանը: Ըստ այդմ՝ արդեն նախկին թեկնածուին՝ Ավետիսյանին խորհուրդ են տվել հրաժարվել, եւ վերջինս էլ համաձայնել է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ կառավարությունը նոր թեկնածու է փնտրում, սակայն իշխող թիմն ուզում է ամեն ինչ անել, որ նա չլինի հենց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի թեկնածուն: Մի մասի համար նույնիսկ նախընտրելի է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Միեւնույն ժամանակ ընդգծենք, որ Վահրամ Ավետիսյանի տապալումը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լոբբինգի արդյունքն էր:

 

 

Տեւական ժամանակ է՝ խոսվում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը վերջին ժամանակներս լոբբինգ է անում, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվի հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արման Սահակյանը Հակոբ Սիմիդյանի ընկերն է եւ այդ պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նրա լոբբինգն է անում՝ ասելով, թե նա է ամենահարմար եւ ընդունելի թեկնածուն՝ ասելով, թե միակ մարդն է, որ կարող է այդ ճգնաժամային իրավիճակից դուրս հանել ոլորտը:  «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մեկնաբանության համար դիմեց Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին, որը հերքեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով. «Չկա  նման բան: Առողջապահության նախարարի հարց չի քննարկվել, հետեւաբար ես որեւէ թեկնածուի մասին չեմ խոսել, որեւէ թեկնածու չեմ առաջադրել: Այսինքն՝ Ձեր ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Սիմիդյանը հավելեց նաեւ, որ այս թեմայով որեւէ քննարկում չի ունեցել եւ լոբբինգ որեւէ մեկի համար չի արել:

 

 

 

 

 

Երեւանի քաղաքապետարանը, որպես աջակցություն, 5 մլն 982 հազար դրամ հատկացրել է «Երեւանտրանս» ընկերությանը՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում: Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 1-ին դադարեցվել էր հանրային տրանսպորտի  գործունեությունը եւ այն վերաբացվել էր միայն մեկուկես ամիս անց՝ մայիսի 15-ին անվտանգության որոշակի կանոններով, այդ թվում՝ կանգնած ուղեւորներ տեղափոխելու արգելքով: Եվ, ահա, երբ հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցները պետք է նաեւ  ախտահանվեն, ուղեւորափոխադրող ընկերությունները դժգոհեցին, թե չեն կարող այդքան գումար հատկացնել յուրաքանչյուր օր դրանք ախտահանելու համար: Եվ այս որոշումը նպատակ ունի փոխհատուցել նրանց վնասները: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մոտ 6 մլն դրամ է կազմել ուղեւորափոխադրամիջոցների հուլիս ամսվա աշխատահանման աշխատանքները: Բացի այս, մեկ այլ որոշմամբ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին քաղաքապետարանի կողմից հատկացվել է 62 մլն դրամ` Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ կատարված եւ չվճարված ծախսերի փոխհատուցման նպատակով։

 




Լրահոս