Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ զրուցել ենք նրա՝ Բեյրութ կատարած այցի եւ նրա կողմից Ձորաղբյուրում առանձնատուն գնելու հանգամանքի շուրջ, որը վերջին օրերին թեժ քննարկման պատճառ էր դարձել:
Մասնավորապես, հրապարակումների համաձայն՝, Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուր թաղամասում առանձնատուն է գնել, որի մասին, սակայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում ոչինչ չկա հիշատակված:
-Պարո՛ն Հակոբյան, մի քանի օր առաջ կառավարության կազմով գնացել էիք Բեյրութ, ականատեսի աչքերով տեսել եք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: Ի՞նչ տեսաք այնտեղ. Հայաստանն ի՞նչ օգնություն է ուղարկել Բեյրութ:
-Այո, մի քանի օր առաջ Հայաստանի պատվիրակությունով մեկնել էինք Բեյրութ, տարել էինք մեր հետ մեկնած օգնությունը, Լիբանանի ժողովրդին ուղղված օգնություն էր, հանձնեցինք Լիբանանի կառավարությանը, որպեսզի նրանք դա բաշխեն ժողովրդի միջեւ: Օգնության մեջ հիմնականում դեղորայք էր ու բժշկական պարագաներ: Հաջորդ երկու ինքնաթիռները՝ մեկ ինքնաթիռի մեջ եղել է սնունդ եւ դեղորայք, որը ուղղված է եղել լիբանանահայությանը, եւ մյուս ինքնաթիռը նույնպես Լիբանանի ժողովրդին էր ուղղված:
-Ո՞ւմ հետ էիք մեկնել:
-Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշակյանը, ես՝ որպես Լիբանան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
-Տեղի բնակիչները սննդի խնդիր ունեի՞ն:
-Չէի ասի, թե սննդի խնդիր ունեին: Ավելի շատ կացարանի խնդիր ունեին մարդիկ, որովհետեւ ստեղծված իրավիճակում, նախ, պետությունում չկար այդքան ապակու ռեզերվ, որ կարողանային այդքան արագ այդ շինությունների ապակիները վերականգնել, եւ աշխատուժի խնդիր կար: Այն մասնագետները, որոնք նախկինում գործ չունեին, հիմա մասնագետների դեֆիցիտ էր: Սննդի խնդրի մասին, որպես էդպիսին, չեմ կարող ասել, որ սննդի խնդիր կար, որովհետեւ փողոցներում տեղադրված էին սննդի կետեր, որտեղ անվճար սնունդ էին տրամադրում, եւ կային տարբեր կազմակերպություններ, որոնք փողոցում սկուտեղի վրա սնունդ էին բաժանում մարդկանց: Կա դեղորայքի խնդիր, շինանյութի խնդիր կա, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ կարգավորել իրենց բնակարանները:
-Կեցության հետ կապված Հայաստանը կարողացա՞վ ինչ-որ ձեւով օգնել:
-Առաջին ինքնաթիռով՝ 34 հոգի, երկրորդ ինքնաթիռով՝ 19, եւ կարծեմ 45 հոգի էլ մյուս ինքնաթիռով են վերադարձել: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության թվով մոտ 100 քաղաքացիները, որոնք նաեւ Լիբանանի քաղաքացիներ են, վերադարձել են Հայաստան: Եվ նրանք այն մարդիկ են, որոնք կացության վայրից զրկվել էին, այսինքն՝ մնալու տեղ չունեին եւ Հայաստանում ունեին որեւէ բարեկամ, որ կարող էին ապրել: Նրանք առաջին իսկ օրվանից ինքնաթիռներով տեղափոխվել են Հայաստան:
-Իսկ առաջիկայում կլինե՞ն նորից տեղափոխումներ:
-Տեղեկություններ չունեմ առաջիկայում տեղափոխությունների մասին: Համեյանդեպս, մինչ պայթյունը արդեն մոտ 300-400 ՀՀ քաղաքացիներ արդեն վերադարձել էին Հայաստան, միգուցե այդ պրոցեսը շարունակվի նաեւ հիմա:
-Անցած շաբաթ թեժ քննարկվեց Ձեր առանձնատան հարցը: Ձորաղբյուրում տուն եք ձեռք բերել, եւ Ձեր կողմից ներկայացված հայտարարագրում այն չկա: Դուք բացատրեցիք, որ դա ձեռք եք բերել 2020 թվականին: Նաեւ չեն հավատում այն գնին, որը Դուք ներկայացրել էիք՝ 25,000 դոլարով ձեռք բերած առանձնատուն: Արդյոք ֆինանսական առումով այնտեղ հե՞շտ է բնակարան ձեռք բերել:
-Բոլոր այն մարդկանց, որոնք չեն հավատում, կարող եմ ասել հետեւյալը. կա շատ գաղտնի մի կայք, որի մասին շատ քչերը գիտեն՝ list.am, որտեղ 15,000 դոլարից սկսած, եթե ոչ ավելի էժան տներ կարող են գտնել Ձորաղբյուր թաղամասում: Դա այն հատվածն է, որտեղ բացի հոսանքից, ուրիշ ոչինչ չկա՝ ջուր, գազ, ասֆալտ չկա:
-Հիմա վերանորոգման փուլո՞ւմ է, այնտեղ չե՞ք բնակվում:
-Ոչ, հիմա ես այնտեղ չեմ բնակվում: Չասեմ վերանորոգում, քանի որ դա դարձավ շինարարություն:
-Մոտ ինչքա՞ն եք ծախսել: Շրջանառվեց, որ շքեղ առանձնատուն եք կառուցում: Որքա՞ն գումար եք մինչ այս ծախսել:
-Դժվարանում եմ ասել. շատ չեմ ծախսել՝ մոտ 7-8 միլիոն դրամի կարգի գումար է ծախսվել: Շատ աշխատանք արված չէ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է
Օգոստոսի 14-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաեւ դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Թանդիլյանն առողջական խնդիրներ ունի, ինչի համար ի վիճակի չէ շարունակել իր պատգամավորական գործունեությունը:
Armlur.am-ի տեղեկություններով՝ լուսավորականները քննարկում են այն հարցը, թե ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ով պետք է փոխարինի Մանե Թանդիլյանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քննարկել է պատգամավոր Արկադի Խաչատրյանին այդ պաշտոնում նշանակելու հարցը: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից, որը հայտարարեց, թե դեռ չեն քննարկել այդ հարցը, կքննարկեն այն ժամանակ, երբ արդեն խորհրդարանի ղեկավարը կհաստատի Մանե Թանդիլյանի դիմումը:
Հիշեցնենք, որ նույն օրը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես եկավ հայտարարությամբ ու նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ. եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Այսինքն՝ դեռեւս երեք օր ժամանակ կա, որից հետո նոր Մանե Թանդիլյանը այլեւս կզրկվի իր պատգամավորական մանդատից: Նշենք, որ արդեն որոշված է, որ խորհրդարանում նրան կփոխարինի Ստեփան Ստեփանյանը:
ՆԱՄԱԿ՝ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
Չնայած պաշտոնապես հաստատվել է, որ սեպտեմբերի 15-ից գործելու են հանրակրթական ուսումնական հաստատությունները, սակայն այս օրերին դեռ շարունակվում են քննարկումները՝ դրանց գործելու կարգի հետ կապված:
Ըստ դրա՝ դպրոցները պետք է ապահովվեն անհրաժեշտ ախտահանիչ պարագաներով, նաեւ ապահովվեն անձնակազմին եւ աշակերտներին անհրաժեշտ դիմակներով եւ ախտահանիչ նյութերով։ Ըստ կառավարման պլանի՝ ուսումնական պրոցեսի կազմակերպումը միջին ծանրության դեպքերում պետք է իրականացնել՝ բացառելով առանձին առարկաների համար դասարանից-դասարան տեղաշարժը։
Հնարավորության դեպքում ապահովել դասասեղանների միջեւ 1.5 մետր հեռավորություն, ինչպես նաեւ ապահովել առավելագույնը 10 աշակերտի ներկայություն։ Ընդ որում, նկատենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բոլոր դպրոցներից տվյալներ է ուզել, թե որ դպրոցը ինչ չափանիշներ ունի, ինչ խնդիրներ: Նախագծի մեջ ասվում է, որ 2 տարբերակով կարող է իրականացվել ուսուցումը. դասարանում կարող է լինել 10 աշակերտ կամ 20 աշակերտ, այսինքն՝ ստացվում է՝ աշակերտների մի մասը մեկ օր կգա դպրոց, մյուս օրը դասերը կշարունակի հեռավար համակարգով:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2020 թվականի առաջին կիսամյակում COVID-19 համավարակի տարածման հետեւանքով տնտեսական ակտիվության դանդաղման եւ թույլ ներքին պահանջարկի անկման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է խթանող. այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության 2020թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ամփոփ հաշվետվությունից:
Համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել ՀՀ պետական բյուջեի եկամուտների, հատկապես՝ հարկային եկամուտների վրա: 2020 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 716.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.5%-ով, իսկ հարկեր եւ տուրքերը կազմել են 680.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.6%-ով: Արդյունքում 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ձեւավորվել է պետական բյուջեի 48.9 մլրդ դրամ դեֆիցիտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ձեւավորված 121.9 մլրդ դրամ պետական բյուջեի հավելուրդի դիմաց:
2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման միջոցառումների շրջանակներում պետական բյուջեից փաստացի ծախսվել է 40.7 մլրդ դրամ, որից սոցիալական աջակցության ծրագրերի գծով հատկացվել է 23.5 մլրդ դրամ, իսկ տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով տրամադրվել է 8.6 մլրդ դրամ: