ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։ Իր հիմնավորման մեջ արդեն նախկին թեկնածուն նկատել է, որ Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։

 

Ավետիսյանը նաեւ ընդգծել է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից եւ հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության եւ անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին եւ պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաեւ ինձ համար անընդունելի»։

Armlur.am-ը բազմիցս էր անդրադարձել այն հանգամանքին, որ իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների մեծ մասը սվիններով էր ընդունել կառավարության թեկնածուին, եւ նրա հետ կապված տարբեր շրջանակներում դժգոհություն էր հասունացել: Ընդ որում, դժգոհողներից էր եղել նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որի կարծիքով՝ Վահրամ Ավետիսյանը չունի այն պրոֆեսիոնալիզմը, որով պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր:

Հիշեցնենք, որ Վահրամ Ավետիսյանի հոր ձեռքի տակով են անցել մարտիմեկյան դատավճիռները բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Իշխող խմբակցության հետ հանդիպման ժամանակ պատգամավորներից մեկն անգամ Ավետիսյանից հետաքրքրվել էր Զովունիում գտնվող նրանց շքեղ առանձնատան մասին եւ նկատել՝ եթե այլ ճանապարհով գումար չեն աշխատել, ինչպես են դատավորի աշխատավարձով նման վիլլա կառուցել։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու որոշումից հրաժարվել կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը: Բանն այն է, որ մի քանի նիստ անելուց եւ իրավիճակը հասկանալուց հետո իշխող խմբակցությունը հասկացել է, որ անհնար է դառնում կառավարել խմբակցությանը եւ այնպես անել, որ կողմ ձայներ ապահովեն, եւ այդ մասին անկեղծորեն ասել են կառավարությանն ու հենց արդեն նախկին թեկնածուին՝ Ավետիսյանին՝ խորհուրդ տալով հրաժարվել, եւ վերջինս էլ համաձայնել է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ կառավարությունը նոր թեկնածու է փնտրում, սակայն իշխող թիմն ուզում է ամեն ինչ անել, որ դա չլինի հենց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի թեկնածուն: Միեւնույն ժամանակ ընդգծենք, որ Վահրամ Ավետիսյանի տապալումը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լոբբինգի արդյունքն էր:

Հիշեցնենք, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էր Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորած նիստում հաստատվել էր միաձայն: Դեմ էին իրավապաշտպաններն ու նախկին քաղբանտարկյալները: Նա Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է, իսկ Ավետիսյանը, քաղբանտարկյալների ու իրավապաշտանների պնդմամբ, 2008 թվականից սկսած «դակել է» քաղաքական վճիռներ:

Մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ եւ հատկապես մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մի քանի տասնյակ մարդիկ դիմել էին կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը որպես Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու, դիմել էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներին այս հարցում դրսեւորել առավելագույն բծախնդրություն եւ դեմ քվեարկել։ Գրության տակ ստորագրած մի քանի տասնյակ մարդիկ պնդում էին՝ Սահմանադրական դատարանի բարեփոխումները պետք է ուղղված լիներ բարձր դատարանում անկախ դատավոր ունենալուն, մինչդեռ Վահրամ Ավետիսյանը, նրանց պնդմամբ, չի պատասխանում այդ հատկանիշներին։

Հավելենք՝ սահմանադրական փոփոխություններով դատավորի պաշտոնից հեռացվել են 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, իսկ Հրայր Թովմասյանը զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից՝ մնալով դատավորի կարգավիճակում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով, ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար։ Նա հիշեցրել է, որ տասն օր առաջ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել ՀՀ քաղաքացիների եւ նրանց շարժական գույքի՝ Վրաստանի տարածքով հատուկ շարասյունով, ոստիկանական ուղեկցությամբ վերադարձը հայրենիք։ Մարուքյանը նշում է, որ այդ անձանց տվյալները փոխանցել է վարչապետին ու հայտնել, որ ցանկը վստահաբար կարող է ընդլայնվել:

 

 

ՀԵՌԱՎԱՐ ՆԻՍՏ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով Բելառուսում շարունակվող ցույցերին զուգահեռ Եվրամիության առաջնորդները օգոստոսի 19-ին հեռավար նիստ կանցկացնեն՝ քննարկելու այդ երկրի հետընտրական իրավիճակը: Անցած շաբաթ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ընտրակեղծիքների եւ ոստիկանական բռնությունների համար: Հավելենք, որ շուրջ 7 հազար մարդ է ձերբակալվել հետընտրական ցույցերի ընթացքում, հարյուրավորները վնասվածքներ են ստացել եւ մեկ հոգի սպանվել է՝ ոստիկանական բիրտ ուժի կիրառման հետեւանքով:

 

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է

Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ է հարուցվել, եւ գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանը անվավեր է ճանաչվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: «Դ. Գալոյանի` ԿԳՄՍՆ ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է. Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու եւ գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասին ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով՝ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ»։

 

 

ՆՈՐ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆ

Հայաստանում հիմնանորոգվել եւ շահագործման է հանձնվել կորոնավիրուսի կամ միջազգային չափանիշներին համապատասխան այլ հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված դիահերձարանը: Այն բաղկացած է երկու առանձին դիասրահներից` համապատասխանաբար երեք եւ մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների` դատաբժշկական փորձաքնության նպատակով դիահերձման համար։ Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ եւ օդահեռացման համակարգով:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեւորգ Մովսեսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

 

 

ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Առաջին անհրաժեշտության սննդատեսակի՝ հացի արտադրության ծավալները պակասել են: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա վեց ամիսներին մեր հանրապետությունում հացի արտադրության ծավալները նվազել են 1 տոկոսով: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ հունվար-մայիս ամիսներին հացի արտադրության ծավալների անկումը կազմել է 1.2 տոկոս: Այսինքն՝ մեկ ամսվա կտրվածքով անկման ցուցանիշը փոփոխվել է: Պաշտոնական աղբյուրից պարզ դարձավ նաեւ, որ այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 135 հազար 283 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 136 հազար 626 տոննա հաց: Սակայն մասնագետների մի շրջանակ պնդում է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։ Սակայն Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, հակառակը, ոչ թե նվազել է բնակչության թվաքանակը, այլ ավելացել:

Օրինակ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հուլիսի-ի դրությամբ կազմել է 2 մլն 963 հազար մարդ, մինչդեռ այս տարեսկզբին մշտական բնակվողների թիվը 2 մլն 959 հազար 700 էր: Այսինքն` 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 3300-ով է ավելացել:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 14-ին կարգադրություն էր ստորագրել, որով պարգեւատրվել էր Արթուր Մեսչյանը, որը երեկվանից ազատվել է աշխատանքից: Արթուր Մեսչյանը պարգեւատրվել է աշխատանքային եւ ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար 1 մլն 800 հզր դրամի չափով: «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ հաշվի առնելով Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային եւ ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգեւատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երեւան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդի հաշվին: Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա»,-ասված է որոշման մեջ:

 

 




Լրահոս