ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ Ե՛Վ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻ, Ե՛Վ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օգոստոսի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով:

 

Սակայն, նկատենք, մինչ Գլխավոր դատախազությունը, բանից անտեղյակ, կոմիտեին է հանձնարարում այդ խնդիրը ուսումնասիրել, կոմիտեում դեռեւս 2020 թվականի ապրիլ ամսին վերոնշյալ հարցի  հետ կապված ուսոմնասիրություններ են կատարվել, կոմիտեն կոնկրետ հարցումներ է ուղարկել  Կենտրոնական ընտրական հանձնաժողով,  Անձնագրային վարչություն եւ մի շարք այլ գերատեսչություններ եւ ստանում  է կոնկրետ հարցի պատասխանը: Այստեղ հարց է առաջանում՝ մի՞թե  Ռուբեն Հայրապետյանի գործը հսկող դատախազը տեղյակ չէ, թե կոմիտեն ինչ աշխատանքներ է  տանում, թե՞ տեղյակ է եղել, սակայն իր վերադասների մոտ է ցույց տվել, թե անպայման կհանձնարարի այդ հարցը ուսումնասիրել: Ստացվում է, որ Գլխավոր դատախազությունը, մեղմ ասած, տեղում չէ եւ հանրության աչքին «թոզ է փչում», թե բոլոր գործընթացներից տեղյակ է, մինչդեռ պատկերը միանգամայն այլ է:  Իսկ ի՞նչ է  բացահայտած լինում կոմիտեն  դեռես 4 ամիս առաջ:

«Ժողովուրդ» օրաթերթին բացահայտման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ Ռուբեն Հայրապետյանն առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2003 թվականի մայիսի 25-ին։ Եվ դրանից մոտ մեկ ամիս անց դարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Երկրորդ անգամ Հայրապետյանը պատգամավոր է ընտրվել 2007 թվականի մայիսի 12-ին։ Երրորդ անգամ էլ ընտրվել է 2012-ին։ Եվ, ահա, պարզվում է, որ նա ամենեւին էլ Սահմանադրության խախտումով չէ այդ տարիներին պատգամավոր ընտրվել: Բանն այն է, որ 2005 թվականին ընդունված Սահմանադրության հոդված 64-ն ասում է. «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության  հոդված 48-ում ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Ինչպես նկատելի է, 2015 թվականին ընդունված Սահմանադրության մեջ ընդգծված է միայն բառը, այսինքն՝ այդ տարվանից հետո է պարտադիր դարձել, որ պատգամավորը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի, իսկ մինչ այդ գործող Սահմանադրության մեջ նման պահվածք չի եղել: Եվ, ահա, ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավոր ընտրվելու գործընթացում որեւէ խախտում չի եղել. Սահմանադրությունը թույլատրել է նրան լինել ե՛ւ երկքաղաքացի, ե՛ւ պատգամավոր:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում էր հայտարարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ եւ դիմել էր դատարան՝ նրան կալանավորելու միջնորդությամբ: Հայրապետյանը մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաեւ ինքնիրավչության համար։ Նույն արարքների համար մեղադրվում է նաեւ որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, եւս 4 հոգի։ Ռաֆիկ Հայրապետյանի եւ եւս երկուսի նկատմամբ իրավապահները հետախուզում են հայտարարել օրեր առաջ։ Դատարանը միեւնույն ժամանակ մերժել է Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։ Հայրապետյանը Մոսկվայում էր, հետեւաբար Քննչական կոմիտեն դիմել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն ու խնդրել է աջակցել Հայրապետյանին վերադառնալու հարցում։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ռուբեն Հայրապետյանը իր հերթին Մոսկվայից զանգահարել է քննիչին ու հայտնել, թե ցանկանում է վերադառնալ, բայց քանի որ թռիչք չկա, չի կարող։

Քննչական կոմիտեն հայտնում է՝ Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավար Հայկ Շահնազարյանն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։ Համալիրի աշխատակիցների ներկայությամբ նրան պարտադրել են մաքրություն կատարել տարածքում։ Առանց Հայրապետյաններին տեղյակ պահելու, դեռեւս 5 տարի առաջ Շահնազարյանը Հայրապետյանների ընտանիքին պատկանող բանկից 52 միլիոն դրամ վարկ է ստացել։ Մի մասն օգտագործել է համալիրի գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած 30 միլիոն դրամով սեփական տաքսի ծառայությունն է հիմնել։ 52 միլիոն դրամը ստանալու համար Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով, էլեկտրաշոկերով հարվածել է իր աշխատակցին՝ պահանջելով գումարը, իսկ որդին ստիպել է «Հարսնաքար» կանչել աշխատակցի մորը, քրոջը, տատին, ընկերուհուն, ընկերներին, որոնց ներկայությամբ ճնշումներ է գործադրել։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԻ՝ ՋՐԱՍՈՒԶԱԿՈՒՄ

Նախօրեին ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը եւ ջրասուզակ։ Ջրասուզակը գետից դուրս է բերել Լեւան Ա.-ի (ծնված 1998թ.) դին:

 

 

59.062.904 դրամի հափշտակություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010թ. մինչեւ 2018թ. ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով 27 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում:

Այնուհետեւ, հաստատապես տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կազմել եւ վավերացրել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու եւ այլնի վերաբերյալ: Յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 59.062.904 ՀՀ դրամի գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

 

ԱՀԱԶԱՆԳ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր եւ ճյուղեր։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։ «Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին»,- ասվում է հայտարարության մեջ։

 

 

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐՆ» ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ «օրենքով գող» Ալոն՝ Ալեքսանդր Մակարյանը, եւ քրեական հեղինակություն, Երեւանի ավագանու անդամ Տիզը` Արթուր Սեդրակյանը, դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Նշենք, որ նախաքննական մարմինը վերջիններիս կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացրել դատարան, սակայն հիմնավոր կասկածի բացակայության հիմքով դատարանը չի կալանավորել վերջիններիս: Հիշեցնենք որ 2020թ. օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են «օրենքով գողը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, եւ նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը: Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին: Վերջինս «օրենքով գողի» հանձնարարությունը փոխանցել է քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող այսպես կոչված «զոն նայողին», ով իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների ներգրավմամբ ստանձնել է վեճի լուծման վերաբերյալ «օրենքով գողի» հանձնարարության կատարումը՝ ձեռնարկելով դրան ուղղված կոնկրետ գործողություններ:

 

ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԵՆ ԲԱԺԻՆ

Նախօրեին ոստիկանության բաժին է ներկայացել 28-ամյա Յուրի Մ.-ն, որը մայիսի 23-ից ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Խոշտանգումը), 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) եւ 322-րդ (Ինքնիրավչությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Յուրի Մ.-ն ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ: Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Սեւակ Պ.-ն, որը 2019թ. օգոստոսի 5-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:  Օօգոստոսի 15-ին Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանումից հետո Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողներին է ներկայացել 50-ամյա Արմեն Մ.-ն, որը 2016 թ. հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Վաշխառությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

 




Լրահոս