ԳՐԱՎՈՐ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐՏԱԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նշվում է, որ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը ՀՀ Սահմանադրությանը եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-346-Ն օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Նախագծով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված համաձայնություն տալու իրավունքը, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը: Նշված պայմանների բացակայության դեպքում առաջարկվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացնել «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրա նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական միջամտություն: Իսկ 16 տարին չլրացած երեխայի համար նախագծով առաջարկվում է գրավոր իրազեկված համաձայնությունը ստանալ նրա օրինական ներկայացուցչից՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բացի այդ, նախագծով սահմանվել է, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Ըստ այդմ, հոդված 1-ում կամրագրվի.

16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե՝

1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները,

2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային,

3) կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական միջամտություն:

16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Որպես ընթացիկ իրավիճակ՝ նշվում է, որ Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով որ չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելն այն դեպքերում, եթե երեխայի տարիքը եւ հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, ճանաչվել է Սահմանադրության 25-րդ եւ 37-րդ հոդվածներին հակասող: Որոշման եզրափակիչ մասում Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Երեխայի իրավունքների մասին» օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին:

Ն.Հ.

 

 

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇՈՒՐՋ

Օգոստոսի 14-ին Այրում համայնքի մաս կազմող, Վրաստանին սահմանակից  Դեբեդավան գյուղում հանրային քննարկում  է անցկացվել վերջերս վերաբացված մանկապարտեզի գործունեության վերաբերյալ։  Քննարկմանը մասնակցել են Այրումի համայնքապետարանի, ավագանու անդամներ, Դեբեդավանի մանկապարտեզի աշխատակիցներ, մանկապարտեզի ծնողների սաներ, գյուղի բնակիչներ։ Դեբեդավանի մանկապարտեզ է հաճախում 29 երեխա, գյուղում նախադպրոցական կրթության պահանջ ունեցող մանուկների թիվն ավելի մեծ է։  2016 թվականից խոշորացված Այրում համայնքի ավագանու անդամ  Վահան Հովհաննիսյանը  բազմիցս Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանին հայտարարել է, որ  Դեբեդավանի մանակապարտեզը գործում է  ՀՀ պարետի որոշումների կոպտագույն խախտումներով։

 

Դեբեդավանի մանկապարտեզի շենքի նորոգումը  նախաձեռնած, նոյեմբերյանցի լրագրող, «Վերածնված համայնքներ» հկ նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը հայտնեց, որ  մանկապարտեզը գործում է պահանջվող սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան, այնտեղ  մշտապես ջերաչափում է կատարվում, աշխատակիցները ալկոգելով  մաքրում են ձեռքերը, պարբերաբար իրականացվում  է  տարածքի ախտահանում եւ այլն։ Ս. Մարտիրոսյանն ասաց, որ Այրում համայնքի ավագանու անդամ Վահան Հովհաննիսյանը մանկապարտեզի գործունեությանը խոչընդոտում է անձնական նպատակներով. նախկինում  Դեբեդավանի  մանկապարտեզի տնօրենը եղել է Վահանի զոքանչը՝ Մառլենա Բաբայանը, այժմ Դեբեդավանի մանկապարտեզը տնօրեն չունի, այն հանդիսանում է  Արճիսի մանկապարտեզի մասնաճյուղ, այդ  պատճառով  ավագանու անդամը դեմ է դուրս եկել մանկապարտեզի գործունեությանը։

Ս. Մարտիրոսյանը հայտնեց, որ  Բագրատաշենի բնակիչ Վահան Հովհաննիսյանը տարիներ շարունակ, որպես չրերի արտադրամաս, իր մի քանի ընկերների հետ վարձակալել է Բագրատաշեն գյուղի մանկապարտեզին պատկանող տարածքը, չրերի արտադրամասը չի գործում, սակայն Վ. Հովհաննիսյանը չի ազատում տարածքը, որի վարձակալության ժամկետը  վաղուց լրացել է։ Ս. Մարտիրոսյանը հայտնեց, որ Վահան Հովհաննիսյանը անձնական  նկրտումներով փորձում է խոչընդոտել ԱԺ պատգամավոր  Սարգիս Ալեքսանյանի՝ որպես մանկապարտեզի սննդի վերահսկողության ծրագրի ղեկավարի, բուժքրոջ օրինական մուտքը Դեբեդավանի մանկապարտեզ։ Դեբեդավանում կայացած հանրային քննարկման  մասնակիցները   կողմ են արտահայտվել մանկապարտեզի գործունեությունը  շարունակելուն։

Ս.  Մարտիրոսյանը հայտնեց, որ  ինքը՝ որպես Այրում համայնքում ներդրումային ծրագրերի ղեկավար,  անվստահություն է հայտնում ավագանու անդամի նկատմամբ  եւ պահանջում նրա  լիազորությունների դադարեցում, քանի որ դրանք կիրառվում են  համայնքում ներդրումային ծրագրերը  կաթվածահար անելու համար, եւ  ինքը  սահմանված կարգով դիմելու է  ԱԱԾ  եւ  ՀՀ ոստիկանություն՝ պահանջելով Վ. Հովհաննիսյանին օրենքով պատասխանատվության  ենթարկելու՝ Այրում համայնքում բարեգործական, ներդրումային ծրագրերին եւ ներդնող կազմակերպություներին խոչընդոտելու եւ այլ անօրինական գործունեության համար։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՆՈՐ ԳՈՐԾԵՐ ԵՎ ՀԻՆ ՀՈԳՍԵՐ

Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղում  օգոստոսի 12-ին  հանդիսավորությամբ բացվեց  նոր տիպի փոստային բաժանմունք, ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։ Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ   փոստային բաժանմունքում են վճարվում թոշակառուների թոշակները, գյուղացիները կոմունալ վճարումներ են կատարում։ ՌԴ Ստավրոպալ քաղաքի հայ համայնքի հանգանակած  ֆինանսներով առաջիկայում կսկսվի Բարեկամավանի միջնակարգ դպրոցի եւ բուժկետի շենքերի տանիքների նորոգումը։

Շուրջ 170 բնակիչ ունեցող Բարեկամավանում մեծ խնդիր է խմելու ջրի մատակարարումը։ Համայնքը խմելու ջուր է ստանում խորքային հորերից։  Խմելու ջուրը տրվում է շաբաթը մեկ անգամ 2-3 ժամով։ Նոյեմբերյանի համայնքապետարանի միջոցներով առաջիկա օրերին նոր խորքային  հոր է փորվելու, որպեսզի ավելացվեն խմելու ջրի պաշարները։ Բարեկամավանը ոռոգման ջուր չունի։ Անցյալ տարի ցանվել է 42 հեկտար աշնանացան ցորեն, սակայն  երաշտի հետեւանքով բերքը խիստ սակավ է ստացվել՝ հեկտարից՝ 500-600 կիլոգրամ։  Բարեկամավանում  անասնապահության զարգացման հեռանկարներ չկան, քանի որ գյուղի արոտավայրերի մեծ մասը գտնվում է ականապատ գոտում կամ հակառակորդի նշանառության գոտում։  «Սահման»   ՀԿ-ն  Բարեկամավանի մի ընտանքի 12 մեղվափեթակ է նվիրել, այդ ընտանիքը ներդրել է մեղվափեթակաների արժեքի 20 տոկոսը։ Բարեկամավանի համար հիմնահարց է բնական գազը։ 2015 թվականին Բարեկամավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ գյուղերի հետ գազաֆիկացվել է, սակայն 5 տարի անց  Բարեկամավանում բնական գազի ոչ մի բաժանորդ չկա, գյուղացիները հնարավորություն  չունեն վճարելու գազատարից իրենց առանձատներ գազի ճյուղավորում անցկացնելու վճարները։

Ջ. Միքայելյանը հայտնեց, որ մի քանի օր առաջ «Հայռուսգազարդի»   աշխատողները եղել են Բարեկամավանում, նախագծահաշվարկային աշխատանքներ կատարել, որպեսզի հնարավորինս քիչ ծախսերով գյուղի առանձանատները գազատարին միացվեն:  Բարեկամավանի հեռագնա արոտավայրերը եւ խոտհարքները, որոնք գտնվում են Շլորկուտ եւ Կոպալի գյուղատեղ սարամասերում, 2011թ. համայնքների վարչատարածքային բաժանման մեջ փոփոխություններով տրվել են այլ  բնակավայրերի։ Այդ խնդիրը վերաբերում է Տավուշի մարզի բազմաթիվ  բնակավայրերի։ Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ բարեկամավանցիները շարունակում են օգտագործել այդ սարամասերը, իսկ խնդիրը իրավական լուծում  կարող է ստանալ  ընդհանուր կերպով, բոլոր համայնքների համար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս