Արդեն հայտնել էինք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քննարկումների արդյունքում բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսվելու է, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ, բայց այդ՝ ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։
Նկատենք սակայն, որ այս որոշումն այնքան էլ միաձայն չի ընդունվել հանձնաժողովի անդամների կողմից եւ ArmLur.am-ի տեղեկություններով, բանավեճեր են եղել առաջարկված տարբերակի առնչությամբ, սակայն ի վերջո այն ընդունվել է՝ ձայների փոքր տարբերությամբ: Բանն այն է, որ դեմ քվեարկած հանձնաժողովականները կարծիք են արտահայտել, թե Սահմանադրական կարևոր ինստիտուտները լուծարելու և դրա տեղը նորը ձևավորելու համար պետք է ներկայացվեր ավելի լուրջ փաստարկներ և հիմնավորումներ:
Հավելենք, որ մասնագիտական հանձնաժողովը նաեւ որոշել է, որ ստեղծվելիք դատարանը թերևս կկոչվի «Գերագույն»: Սակայն դեռևս հստակ չէ այդ դատարանի ձևավորման կարգը, հնարավոր պալատների բաժանումը, միջազգային պայմանագրերի սահմանադրականության գնահատման պարտադիրությունը, ինչպես նաև բոլոր դատարանների կողմից՝ իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացման կարգն ու հետևանքները: Նկատենք նաեւ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում եւս այս հարցով բազմակարծություն է առկա եւ թեժ քննարկումներ են եղել. վարչության անդամների մեծ մասը դեմ է նոր դատարանի ստեղծմանը:
Ն.Հ.