Կորոնավիրուսի երկրորդ ալիքից հնարավոր է խուսափել, այժմ բժիշկները դրա համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ունեն: Նման գնահատական հնչեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարական նախաձեռնությունների ղեկավարի օգնական Ռանիերի Գուերան։
Գուերան հավելել է, որ ուսումնական տարվա մեկնարկից անխուսափելիորեն կավելանա նոր վարակների թիվը, քանի որ աշակերտների միջև ֆիզիկական շփումը անհնար կլինի կանխել: ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ կորոնավիրուսով երեխաների վարակելու խնդիրը: Օրինակ, կա տեսակետ, որ 10-11 տարեկան երեխաները ավելի քիչ են վարակում շրջապատում եղողներին: 12 տարեկանից հետո մեծանում է դեռահասի վարակը փոխանցելու կարողությունը:
Ավելի վաղ ԱՀԿ-ն նշում էր, որ դիմակ կրելու նվազագույն տարիքը 12 տարեկանն է: 6-ից 11 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օգտագործել դիմակ ՝ կախված հանգամանքներից: Մինչև 5 տարեկան երեխան դիմակի կարիք չունի:
Նշենք նաև, որ ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իմունոլոգիայի և մոլեկուլային կենսաբժշկության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Միխայիլ Պալցևը կանխատեսել էր COVID-19-ի երեք ալիք: Նա նշել էր, որ ցանկացած վիրուսային համաճարակ ընթանում է երեք փուլով, այդպես է եղել օրինակ՝ 20-րդ դարի սկզբին իսպանական գրիպի դեպքում: Երկրորդ ալիքը սովորաբար ավելի ուժեղ է, քան առաջինը, իսկ երրորդը ավելի թույլ է ՝ ձևավորված համընդհանուր իմունիզացիայի պատճառով: