Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ քննարկումները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում այնքան էլ հարթ չեն անցել: Ինչպես հայտնի է, օգոստոսի 22-ին հանձնաժողովը հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմանը, ինչպես նաև նոր փոփոխությամբ ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։ Այսպիսով, այս որոշումներին հանձնաժողովի 15 անդամներից կողմ է եղել միայն 8-ը եւ նկատենք՝ մինչեւ այժմ հանձնաժողովում կարծիքների այդպիսի բախում չէր եղել:
Armlur.am-ը տեղեկացավ, որ իսկապես քննարկումը բավական լարված և հետաքրքիր է անցել, որին էլ նկատենք նախորդել էին նույն թեմայով քննարկումներ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում: Սակայն ամեն ինչի մասին սկզբից. նախ նկատենք, որ դատական ատյանները միավորելու տարբերակի հայեցակարգն ի սկզբանե մշակվել իրավաբան-գիտնական Արմեն Մազմանյանի կողմից, որն էլ այդ նիստում հիմնական զեկուցողն է եղել՝ փորձելով «համոզել» ներկաներին, որ դա է լավագույն մոդելը, սակայն հզոր հակափաստարկներ են հնչել: Նախ նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով, այս մոդելին դեմ քվեարկած հանձնաժողովի 7 անդամներն են՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ԲԴԽ անդամ Բիգեն Քոչարյանը. իրավաբան-գիտնական Արթուր Ղամբարյանն ու Տիգրան Մարկոսյանը:
Եվ նկատենք, եթե բոլորը բանավոր են իրենց առարկությունները ներկայացրել եւ ընդհանուր մոտեցում ցուցաբարել, ապա մեր տեղեկություններով, այս թեմային դեմ բավական ակտիվ է խոսել ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, որը նախապես նաեւ գրավոր առաջարկներ էր ներկայացրել, եւ հիմնավորել, թե ինչով է անարդյունավետ լինելու այս հանգամանքը: Մեր տեղեկություններով, Վիգեն Քոչարյանը հատկապես մտահոգություն է ունեցել յուրաքանչյուր դատարանին իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելու վերաբերյալ: Նա քննարկման ժամանակ կարծիք է արտահայտել, թե Հայաստանում չկան այնքան կրթված եւ գիտակ դատավորներ, որ կարող են այդպիսի որոշումներ կայացնել:
Հետաքրքիր է, որ փաստորեն այս մոդելի վերաբերյալ կարծիքները կիսվել են նաեւ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ, եթե օրինակ հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը կողմ է քվեարկել որոշմանը, ապա Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ ոչ: Ավելին, մեր տեղեկություններով, հենց Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստին եւ ներկաներին եւս փորձել համոզել, որ պետք չէ հավանության տալ այդ տարբերակին: Եվ ահա, այժմ կարծիքների բախում է նաեւ իշխող ուժի ներսում եւ այնտեղ եւս շատերը դեմ են բարձրագույն ատյանների միավորման տարբերակին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան