ՖՈՏՈ. Երեւանն ունի ամեն ինչ, բացի ներշնչանքից. Արսեն Միքայելյանը՝ «Թղթե երազանքի» եւ Երեւանում մշտական բնակություն հաստատելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասան Արսեն Միքայելյանը խոսել է դերասանական գործունեության, «Թղթե երազանքե» հեռուստանովելի եւ այլ հարցերի մասին:

-Արսե՛ն, Դուք հանդիսատեսին հայտնի դարձաք եւ սիրվեցիք «Թղթե երազանքը» հեռուստանովելից։ Հեռուստանովելից հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում։

-Սկսեմ նրանից, որ ես հայտնի մարդ չեմ։ Աշխարհում տեսնելով Հոլիվուդյան ու եվրոպական կինոշուկան, կարծում եմ՝ շռայլություն է Հայաստանում խոսել հայտնիության մասին։ Այստեղ առնվազն լինում են ճանաչված ու վերջ․․․Բացառությունները խիստ քիչ են։ «Թղթե երազանք» -ից հետո ձեռք բերեցի զիլ ու տաղանդավոր ընկերներ, վայելեցի Գարրի Զաքարյանի հետ աշխատելու հնարավորությունը, ու լիքը հիշելու արժանի պահեր ապրեցի, ինչի համար շնորհակալ եմ ստեղծագործական խմբին։

-Դուք աշխատելով Գյումրու պետական դրամատիկական թատրոնում բեմում ավելի շատ եք եղել, քան տեսախցիկի կամ նկարահանման հրապարակում։ Ի՞նչ վախեր ու անհանգստություններ ունեիք։

-Թատերական կրթությունը պարտադիր, բայց չափազանց քիչ է կինոդերասանի արվեստի նրբություններին վարպետորեն տիրապետելու համար։Այդ իսկ պատճառով առաջին երկու-երեք սերիաներում մեղմ ասած  «սարսափելի» եմ եղել։ Ես չափից դուրս ազատ էի կադրի դեսպոտիզմն արագ յուրացնելու համար։ Զգալ լույսը,տեղից չշարժվել, միջին ու խոշոր պլանների ժամանակ նույնությամբ կրկնել ժեստրդ ու շարժումներդ, ահավոր էր․․․Բայց քայլ առ քայլ սկսեցի սովորել ու բացահայտել կինոարտադրության գայթակղիչ հմայքները։Այժմ որակյալ ու ոգևորող նախագծերի մեջ մեծ սիրով կստեղծագործեմ։

-Որքան գիտեմ նկարահանվելու կամ արդեն նկարահանվում է հեռուստանովելի երկրորդ մասը։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում, մի փոքր կմանրամասնեք։

-Այդ մասին ոչ մի հիմնավոր տեղեկություն չունեմ։

-Ի՞նչ նոր առաջարկներ ունեք։

-Վերջին շրջանում եղել են մի քանի նոր առաջարկներ, բայց բոլորը մերժել եմ։Ցանկություն չունեմ լինել նախագծերում,որոնց ապագան ու գեղարվեստական որակը մշուշոտ է։Նաև վերջին շրջանում թատրոնում փորձերի հագեցվածության պատճառով չեմ ուզում ինձ այլ բաներով ծանրաբեռնել։

-Ցանկություն չունեք տեղափոխվել Երևան, քանի որ սովորաբար դերասանների գերնպատակն է լինել Երեւանում, քանի որ կարծում են, թե այստեղ դրսեւորվելու մեծ շանսեր ունեն։

-Երևանն ունի ամեն ինչ, բացի ներշնչանքից։ Այդ իսկ պատճառով ապրելու և ստեղծագործելու իմաստով մայրաքաղաքն ինձ երբեք չի գրավել։Նույնիսկ նկարահանումների շրջանում երբ ազատ օր էր լինում, վերադարձել եմ Գյումրի ու հաջորդ օրը նորից մեկնել։Օրինակ Գյումրին Վանաձորը,Ստեփանակերտը հզոր էներգետիկ դաշտեր ունեն,որ անմիջապես կլանում են ու ներդաշնակություն ստեղծում ներսի ու դրսի մեջ,բայց Երևանում ես դա չեմ զգում։Եվ հետո Մենք շատ կոմպակտ երկրում ենք ապրում։ Գյումրի-Երևան ավտոճանապարհը մոտ 120 կմ է։ Եվրոպայում մարդիկամեն օր այդքան ճանապարհ կտրում են,որ գնան աշխատանքի։ Էնպես որ ինձ համար դժվարություն չէ ապրել Գյումրիում ու միաժամանակ աշխատել Երևանում։ Իսկ ինչ վերաբերում է դրսևորվելուն, ապա ասեմ, որ կարիք չկա արվեստում արտահայտվելու համար հասնել Երևան, իսկ եթե նպատակն էկրանից երևալն ու սոց կայքերում հետևորդներ ունենալն է,ապա պիտի գնան։

-Հայտնի լինելը մասնագիտական առումով ավելի շատ օգնում է, դռներ է բացում, թե․․․

-Էլի եմ կրկնում, որ ինձ հայտնի չեմ համարում։Միակ դեպքը,երբ ուրախացել եմ,որ ինձ ճանաչել են,եղել է անձնագրային բաժամունքում։Հերթս առաջ գցեցին

-Ինչ կասեք մեր այսօրվա եթերներում հեռարձակվող սերիալների որակի մասին։ Արդյոք կհամձայնեք նկարահանվել ցանկացած սերիալում միայն թե բարձր վարձատրվեք։

-Ընդհանուր գնահատականը ողբերգական է։Հազվադեպ են լինում նախագծեր,որոնք ունեն իրավունք Հեռուստացույցում հայտնվելու,իսկ մնացածին սպասվում է մեդիադժոխքը։ Շատ սցենարիստներ,պրոդյուսերներ ու դերասաններ իրենց խղճի առաջ պիտի պատասխան տան սերնդի դեգրադացման պրոցեսի մասնակիցն ու կազմակերպիչը լինելու համար։Ու թող չփորձեն թաքնվել պահանջարկից է ծնվում առաջարկ լոզունգի տակ։ Չկա նման բան։ Ես ճշմարիտ արվեստով եմ սիրում զբաղվել։ Եթե երբևէ շատ փողի կարիք ունենամ կնախընտրեմ ուրիշ գործ անել, քան թե լինել անորակ ու անարժեք նախագծերում։

-Բացի դերասանի մասնագիտությունը, թատրոնը, ուրիշ ինչ հետաքրքրություններ ունեք։

-Քնել,լսել լավ երաժշտություն, զիլ կինոներ նայել ու ճամփորդել

-Կա՞ մի դեր, որ երազում եք խաղալ։

-Բեմում ես իմ բոլոր երազած դերերը խաղացել եմ,ինչի համար շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց,ովքեր ժամանակին տեսել ու հավատացել են ինձ ավելի, քան ես ինքս։ Չգիտեմ շատ դերասաններ երազում են Ֆերդինանտի,Ռոմեոյի, Արա Գեղեցիկի,Համլետի մասին,իսկ իմ երազած ու խաղացած կերպարները համընկել են։Դրանք եղել են Ֆանդոն/Ֆ․ Առաբալ <<Ֆանդո և լիս>>ռեժ․Ռ․Ասատրյան, Լուկասը /Յ․Գրուշաս<<Սեր,ջազ սատանա>>ռեժ․Լ․Հարությունյան Ջիմին Ջ․Օսբորն<<Ետ նայիր զայրացած>>։․Ռեժ․Հ․Քեշիշյան

-Դերասան դառնում են, ծնվում, թե ․․․

-Արտիստ ծնվում են,բայց դերասան դառնում:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս