ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են պատգամավորներն արձագանքում Գերագույն դատարան ստեղծելու որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի եւ Սուրեն Գրիգորյանի հետ, պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունեն Սահմանադրական դատարան եւ Վճռաբեկ դատարանի միավորման եւ գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան

-Ե՞րբ եք պատրաստվում քննարկել այս հարցը ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ դիրքորոշում ունեք Դուք:

-Այս պահին չունենք ոչ մի տեղեկություն: Համենայն դեպս ես եւ իմ գործընկերը մանրամասն տեղեկատվություն չունենք այդ մոդելի հետ կապված, թե կոնկրետ ինչ ու ինչպես քննարկել: Հետեւաբար, կարծիք չեմ կարող հայտնել:

-Որպես իրավաբան՝ չե՞ք կարող Ձեր կարծիքը արտահայտել: Արդյո՞ք Հայաստանում Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարան կմիավորվեն:

-Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, բայց պետք է հասկանալ, թե որն է դրա հիմնավորումը: Թե ավելի մանրամասն ինչպես են այդ մոդելը պատկերանցում այն անձինք, որոնք հիմա քննարկման են դրել այդ հարցը: Այստեղ է խնդիրը, եւ կարող է լինել համաձայնություն կամ անհամաձայնություն: Քանի որ այլ մանրամասների անձամբ ես տեղյակ չեմ, ավելի մանրամասն չեմ կարող կարծիք հայտնել: Երբ ավելի մանրամասն կիմանանք, թե ինչ մոդել է իրենից ենթադրում, այդ մոդելի տակ  հանձնաժողովի անդամներն ինչ նկատի ունեն եւ ինչ հիմնավորումներ են դնում, այդ ժամանակ ավելի հանգամանալից կխոսեմ:

-Իսկ Սահմանադրական Դատարանի ճգնաժամը կլուծվի՞ միայն այդ տարբերակով:

-Սահմանադրական դատարանի ճգնաժամի հետ դա կապ չունի: Դա մոդել է, փոփոխություն է, եւ դա բավականին լուրջ ռեֆորմ է, որի մանրամասներին ծանոթանալուց հետո միայն կարող եմ կարծիք հայտնել, թե արդյոք մեր երկրի համար դա որքանով է արդյունավետ: Այդ ռեֆորմն ինչ  հարց կարող է լուծել կամ չլուծել:

-Տիկին Ջուլհակյան, ինչո՞ւ չի լուծվում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցը: Կառավարությունը թեկնածու առաջադրեց, ու մերժվեց: Ինչո՞ւ այդ հարցին լուծում չի տրվում:

-Այդ հարցը քննարկման փուլում է, եւ ժամանակին այդ լուծումը, բնականաբար, կտրվի: Սահմանադիր մարմինները, այդ թվում՝ կառավարությունը, ունեն դեռ ժամանակ թեկնածու առաջադրելու:

-Էդգար Շաթիրյանի հետ հանդիպմանը ներկա եղե՞լ եք: Ի՞նչ դիրքորոշում ունեք նրա թեկնածության հետ կապված:

-Ես որեւէ դիրքորոշում որեւէ թեկնածուի հետ կապված, այս պահին, չեմ կարող հայտնել, հատկապես, որ Շաթիրյանը դեռ հաստատված թեկնածու չէ: Երբ հասնի նրա թեկնածությունը, նոր կսկսեմ մտորել նրա թեկնածության շուրջ, բայց վստահ չեմ, որ հրապարակային կարտահայտեմ իմ կարծիքը մինչեւ քվեարկությունը, որովհետեւ քվեարկությունը գաղտնի է:

-Խունդկարյանի եւ Վաղարշյանի թեկնածության հետ կապված՝ անձամբ Դուք, ի՞նչ դիրքորոշում ունեք:

-Նույնը. քվեարկությունը գաղտնի է, եւ իմ դիրքորոշումը կներկայացնեմ գաղտնի քվեարկության միջոցով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյան

-Ե՞րբ եք պատրաստվում քննարկել այս հարցը ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որպեսզի հասկանալի լինի, թե ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք:

-Մենք միայն տեղյակ ենք, որ ընդհանուր այդ հարցը քննարկվելու է:

-Դուք դե՞մ եք, թե՞ կողմ: Տեղեկություններ կան, որ Ձեր թիմում դժգոհություններ կան գերագույն դատարանի ստեղծման հետ կապված:

-Մեր թիմում չկա դժգոհություն: Մեր թիմում կարող են լինել տարբեր կարծիքներ, ու դրանք եղել են նաեւ հանձնաժողովում, որի մի շարք անդամներն ասեցին, որ ընդունվել է այդ որոշումը 8-7 ձայների հարաբերակցությամբ: Գաղափարական առումով դա դեռ վերջնական որոշում չէ: Այդ հարցը դրվելու է հանրային քննարկման:

-Ե՞րբ եք պատրաստվում քննարկել այս հարցը Ձեր հանձնաժողովում:

-Այս պահին չունենք նման տեղեկություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս