ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ կրթական նոր աղմկահարույց  չափորոշիչներում առկա են կետեր, որոնց հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ծավալվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջեւ չափորոշիչներում փոփոխություններ կատարելու պահանջ են դրել, քանի որ կարծում են, որ եթե նման ձեւաչափով երեխաներին ինֆորմացիան հասնի, ապա երեխաները նույնիսկ հոգեբանորեն լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն: Նկատենք, որ հատկապես դժգոհություն են առաջացրել 8-րդ դասարանի Կենսաբանություն առարկայի դասագրքում տեղ գտած մի քանի դրվագներ, որոնք վերաբերում են սեռական կրթությանը. կան հակաբեղմնավորիչների օգտագործման, սեռավարկաներից պաշտպանվածության, պաշտպանիչ միջոցների տրման եւ նմանատիպ այլ թեմաների մասին տեղեկություններ: Այս թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: «Գրեթե բոլոր առարկաներում խնդրահարույց կետեր կան, որոնք քննարկվում են, եւ մենք ուսումնասիրում ենք բոլոր առարկայական չափորոշիչները: Մեր բոլոր դիտարկումները ներկայացրել ենք նախարարություն, որը դիտարկումները վերցրել է ի գիտություն, եւ փոփոխելու հարցը առաջ է քաշված: Հիմա հաջորդ քննարկումը լինելու է Պատմություն առարկայում, որը կքննարկենք այս ուրբաթ օրը», – մանրամասնեց պատգամավորը: Նկատենք, սակայն, որ չափորոշիչներում առկա միայն այս դրույթները չեն քննադատության պատճառ հանդիսացել: Վերջին շրջանում լայնորեն քննարկվեցին նաեւ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման, Հայ գրականություն առարկայի ուսուցման հետ կապված հարցերը:

 

 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երեւանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ եւ Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ են այդ ոլորտում որոշումները կայացվում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում: Ի դեպ, նշվում է, որ Սիսեռյանը նպատակ ունի Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնում նշանակել տալ Ավետիք Էլոյանին, որը նախկինում զբաղեցնում էր հենց Քաղշինկոմիտեի ղեկավարի, ապա փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարագ Սիսեռյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական այս տեղեկությունը: «Մեր գրասենյակը եւ Քաղաքաշինության կոմիտեն համակարգում է Տիգրան Ավինյանը, ու, այո, մեր գրասենյակն էլ զբաղվում է: Բայց որ քաղշինթույլտվությունները մենք ենք տալիս, կամ բոլորը մեզ հետ են այն համաձայնեցնում, ու մենք ենք համակարգում, դա աբսուրդ է: Իհարկե նման բան չկա:»,-հայտարարեց Սիսեռյանը: Հիշեցնենք, որ Սիսեռյանի հանդուգն պահվածքի համար մի անգամ արդեն ՀՀ վարչապետը հրահանգել էր կապարակնքել նրա աշխատասենյակի դուռը, եւ նրան տրվել է կառավարությունում ավելի փոքր աշխատասենյակ։

 

 

Մինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ տարի առաջ խորհրդարանում վստահեցնում էր, թե ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ կարող են պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղիանակությունների դեմ եւ, ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, այսօր իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն։ Նշենք, որ այդ օրենքում փոփոխությամբ նախատեսվում էր քրեական պատասխանատվություն քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: Եվ, ահա, վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը մեծ շուքով հայտարարում է տարբեր դեպքերի բացահայտման մասին, որոնք կապ ունենք  «օրենքով գողերի» հետ: Սակայն «օրենքով գող» Ալոն կամ քրեական հեղինակություն Տիզը չեն կալանավորվել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննիչը դատարանում չի կարողացել ապացուցել, թե այդ մարդիկ ինչու են համարվում քրեական ենթամշակույթ կրող, եւ որն է նրանց հանցանքը։ Հենց այդ պատճառով էլ նրանք օրինական հիմքերով ազատ են արձակվել: Ստացվում է, որ  օրենքը կա, բայց այն գործածել այդպես էլ չի ստացվում, ինչպես կանխատեսվում էր ի սկզբանե:

 

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորն առաջարկում է օրենսգրքի 35-րդ հոդվածը (վարչական տույժեր նշանակելը մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում) շարադրել նոր խմբագրությամբ: Այսպես, անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին՝ բացառությամբ նախատեսված դեպքերի: Ըստ պատգամավորի՝ գործող կարգավորումը էական խոչընդոտ է ստեղծում հատկապես տնտեսվարողների համար, որոնք հարկային մարմիններին ինչ-ինչ պատճառներով ամսական հաշվետվությունները չներկայացնելու պատճառով ենթարկվում են մի քանի վարչական տույժերի: Իսկ հետեւյալ նախագծով առաջարկվում է, բացառությամբ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերի, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվի նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով:

 

 




Լրահոս