ԱՍՈՒԼԻՍ՝ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի ապրիլի հրաժարականից հետո՝ երկու տարի անց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, իսկ  թեման էլ 2016  թվականի  ապրիլյան պատերազմն է։ Նկատենք՝ սա ոչ միայն 2 տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսն է, այլեւ իր ամբողջ գործունեության ընթացքում ամենամեծ մամուլի ասուլիսը, եթե հաշվի առնենք, որ նրան հարցեր տալու հնարավորություն են ունենալու Ազգային ժողովում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները՝ առանց բացառության:

 

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա ապրիլի 16-ին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով հրավիրված Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում խոստացել էր, որ երբ ավարտվի արտակարգ դրությունը, ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի Ապրիլյան պատերազմին վերաբերող ցանկացած հարցի։ «Երբ արտակարգ դրությունը կվերանա, ես մանրամասն, խոստանում եմ բոլորիդ, ցանկացած հարց՝ տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղին, եւ ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ», – ասել էր նա:

Թե ինչու, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը չսպասեց արտակարգ դրության ավարտին եւ որոշեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից առաջ մամուլի ասուլիս հրավիրել, պարզ չէ։

Ի դեպ, ուշագրավ է երրորդ նախագահի ասուլիսի անցկացման վայրի ընտրությունը: Ինչպես տեղեկացնում է Սերժ Սարգսյանի գրասենյակը, ասուլիսը տեղի է ունենալու հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում` բացօթյա, կանաչ տարածքում։ Ասուլիսի վայրի ընտրությունն արդեն մեծ քննադատություն է առաջ բերել, իրավապաշտպանները հիշեցնում են՝ 2012 թվականին հենց Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները ծեծելով սպանեցին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին: Հիշեցնենք` «Հարսնաքար» ռեստորան այցելած Վահե Ավետյանը դաժան ծեծից 12 օր անց, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ:

Անդրադառնալով ասուլիսի անցկացման վայրի շուրջ քննադատություններին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել էր. «Արտակարգ դրության երկարաձգումը կտրուկ նվազեցրել է նման կանխատեսելի մարդաշատ ասուլիսի անցկացման վայրի ընտրության հնարավորությունը՝ պարտադրելով կազմակերպիչիներին մի շարք սահմանափակումներ: Մենք պատասխանատու ենք զգում մեզ լրագրողների հանդեպ եւ ստեղծված իրավիճակում գտել ենք տեխնիկական եւ հակահամաճարակային պահանջներին լավագույնս համապատասխանող լուծում: Մնացած իբր թե քննադատությունը պարզունակ երեսպաշտություն է, որի հիմքում բացառապես Սերժ Սարգսյանի հանրային քաղաքական հարթակ վերադառնալու կապակցությամբ իշխանական եւ մերձիշխանական վախերն են: Թող չեղարկեին արտակարգ դրության այս անիմաստ ռեժիմը, եւ ասուլիսը այլ վայրում տեղի կունենար»:

Ապրիլյան հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում, ի պատասխան նրանց հարցին՝ հայկական կողմը կորցրել է 400 հեկտար հող, ոչ թե 800, այդ դեպքում ինչու է ավելի վաղ ասել 800 հեկտարի մասին, Հայաստանի երրորդ նախագահը պատասխանեց. «Երբ արտակարգ դրությունը կվերանա, ես մանրամասն, խոստանում եմ, բոլորիդ, ցանկացած հարց՝ տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղին, եւ ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ»:

«Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մեր հանրությունը հաղթել է՝ հաղթելով ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ դիվանագիտորեն: Դուք հաստատում եք իմ այն պնդումը, որ հնարավոր չէ ոտքի վրա հարցազրույց կազմակերպել», – ասել էր նա:

Այլ հարցերի երրորդ նախագահը հրաժարվել էր անդրադառնա՝ կրկին խոստանալով՝ երբ ավարտվի արտակարգ դրությունը, կպատասխանի ցանկացած հարցի։ Սարգսյանը, սակայն, հստակեցրեց՝ առաջիկայում հրավիրվելիք ասուլիսում պատասխանելու է բացառապես Ապրիլյան ռազմական գործողություններին վերաբերող հարցերին։ Այդ ասուլիսից հետո արդեն՝ հետագայում, կանդրադառնա նաեւ մնացած բոլոր հարցերին՝ տնտեսությունից մինչեւ 2018-ի հեղափոխությանը։ Եվ, ահա, այսօր տեղի կունենա այդ ասուլիսը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

41846 ԴԵՊՔ

ՀՀ-ում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1067 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 186661 թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք եւ 327 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 832 (ավելացել է եւս 8-ով) դեպք: Մահացած պացիենտները եղել են 91, 71, 65, 70 տարեկան տղամարդիկ եւ 82, 69, 84, 79 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան եւս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իրեն եւ հանրությանը հուզող հարցերն է ուղղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին:

Թեկնածուի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է՝ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է անցկացնում բոլոր թեկնածուների հետ, պարոն Խունդկարյանը բացառություն չէր:

Խմբակցության մոտ կեսն էր ներկա: «Պատգամավորները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին ուղղել են իրենց հուզող, ինչպես նաեւ հանրության մեջ շրջանառվող որոշ հարցեր»,- նշեց նա: Մակունցը հավելեց, որ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը կարտացոլվի փակ եւ գաղտնի քվեարկության արդյունքում:

 

 

ՎԵՑՕՐՅԱ ԴԱՍԵՐ

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա, երկրորդ հերթով դասի կգան. սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատությունների կանոնների մասին նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ  նրա՝ նախկինի համեմատ՝ աշակերտները դպրոցներում ավելի քիչ կմնան, հետեւաբար չեն գործի նաեւ բուֆետները։ Ուսուցիչները, ըստ նախարարի, լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի, երգի ժամին չեն երգի, ֆիզկուլտի ժամին չեն վազի (թռչկոտի), որպեսզի կորոնավիրուսի տարածման վտանգ չլինի։

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ

Երեկ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարվել եւ չի ցանկացել հանդիպել «Հայրենիք» կուսակցության անդամներին՝ ի դեմս կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին՝ հասկանալու համար, թե ինչու իրենց չի հաջողվել հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ի պատասխան՝ վերջինս նշեց. «Իմ տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում նախատեսված չի եղել»: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր Արցախում են, տարբեր հանդիպումներ են ունեցել։ Կուսակցության խորհրդի անդամները արդեն իսկ հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

 

 

ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆՈՒՆ

Նորք-Մարաշ վարչական շրջանում սպանված աղջկա դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, վերջինիս սպանության մեջ կասկածում են ամուսնուն, որին իրավապահները երեկվա դրությամբ դեռ փնտրում են: Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին սպանություն էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի հարեւանությամբ գտնվող ձորակում, դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել էին 20-25 տարեկան աղջկա խեղդամահ արված դի։ Փաստի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, Հայաստանի Հանրապետության քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել էր քրեական գործ։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մահացածը 28-ամյա Սափենիկ Հովհաննիսյանն է, որին, ըստ նախնական վարկածի, սպանել է իր ամուսինը, որը ազգությամբ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները արդեն տվյալներ ունեն, որ կնոջը խեղդամահ անելուց հետո նա լքել է Հայաստանը:

 




Լրահոս