«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի օգոստոսի 29-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է այս փոփոխությամբ քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար:

 

Միաժամանակ, նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, որը կբացահայտի քրեական տարրերին ու խմբերին: Եվ, ահա, մեկ տարի առաջ նախաքննական մարմինները հայտնվել են անելանելի վիճակում եւ դատարաններում չեն կարողանում ապացուցել, թե ով է «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն:

Դեռեւս մեկ տարի առաջ, անդրադառնալով օրենքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը «ասպես կոչված օրենքով գողերի, սխոդկաների, օբշյակների եւ այս կարգի այլ երեւույթների մասին է»: Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս գործընթացին ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: «Սա շատ տրամաբանական նախագիծ է, որովհետեւ այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը: Հետեւաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նախարարն ի պատասխան ասաց, որ քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը, որը նույն հանցավոր ենթամշակույթ կրող խմբերի ձեւավորմանն է նպաստում:

Եվ այսպես, օրենքը ընդունվել է, եւ նախաքննական մարմիններն օրենքը պետք է  կիրառեն եւ պայքարեն «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների դեմ, սակայն հայտնվել են խնդրի առաջ:

1 տարի անց

Օրերս  ՀՀ գլխավոր դատախազությունը մեծ շուքով հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի եւ այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող եւ քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության  բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու եւ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր:

Մասնավորապես,  պարզվել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող մի դատապարտյալ մեկ քաղաքացու պարտք է եղել կոնկրետ գումար: Մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինս երկար ժամանակ դատապարտյալից չի կարողացել հետ ստանալ իր պարտքը եւ արդյունքում դիմել է «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանին՝ Գող Ալոյին, եւ Տիզ մականվամբ քրեական հեղինակություն, Երեւանի ավագանու նախկին անդամ  Արթուր Սեդրակյանին: Վերջիններս քաղաքացուն վստահեցրել են, որ կդիմեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի «զոն նայողներ» 3-րդ կորպուսում գտնվող Սմբատին եւ 6-րդ կորպուսում գտնվող Անդուլին, որ վերջիններս կարողանան այնպես անել, որ դատապարտյալն իրենց դիմած քաղաքացու գումարը հետ վերադարձնի: Եվ, ահա, նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան «օրենքով գող» Ալոյին, քրեական հեղինակություն Տիզին կալանավորելու համար, սակայն դատարանում էլ ամեն ինչ խառնվել է իրար: Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը Գող  Ալոյին եւ Տիզին չի կալանավորել,  եւ վերջիններս դատարանի դահլիճից ազատ են արձակվել: Իսկ ի՞նչ է  կատարվել դատարանում:

Դատարանի ներսում

Մասնավորապես, քննիչը բավականին հիմնավոր կերպով ներկայացրել է, թե վերոնշյալ անձինք ինչ գործողությունների մեջ են ներգրավված եղել,  եւ դատավորը հետաքրքրվել է, թե ինչ հիմնավոր ապացույց ունեն, որ այս անձինք քրեական ենթամշակույթի կրող են: Ի պատասխան դատավորի հարցին՝ քննիչը բացատրել է, որ կայքերից մեկում գրված է, թե Գող Ալոն ինչպես է գող կարգվել, կամ Տիզը ինչու է  համարվում քրեական հեղինակություն: Դատարանը քննիչի բերած հիմնավորումները  հիմք չի համարել եւ նշել է, որ դեռ քննիչները պետք է կարողանան  այնպիսի ապացույցներ բերեն, որ այս անձինք քրեական ենթամշակույթ կրող են, «օրենքով գող» են կամ քրեական հեղինակություն, եւ այդ պատճառով էլ Գող Ալոյին եւ Տիզին ազատ են արձակել:

Ստացվում է, որ  մինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ տարի առաջ վստահեցնում էր, թե սա այն ճանապարհն է, որով կարող են պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղիանակությունների դեմ, այսօր իրավապահ համակարգը չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, եւ, առհասարակ, որն է «սխոդկա», «օբշյակ», կամ այն անձը, որը պատրաստ է օգնել վերադարձնելու պարտքը, նա քրեական տարր է, հանցավոր մշակույթի կրող, քրեական հեղինակություն, թե «օրենքով գող»:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՐԴԵՀ ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ

Նախօրեին մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության եւ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։12-ին, մարվել՝ 09։06-ին։ Այրվել են Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանի 1-ին եւ 2-րդ հարկերի բաղդադե միջնապատերը (մոտ 100 քմ), մանրահատակը (մոտ 75 քմ) եւ 5 հատ երկփեղկ պատուհան։

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին պաշտպանները ներկայացրին երկու միջնորդություն։ Պաշտպանները դատական քննության ընթացքում միջնորդել են թույլատրել «Արա եւ Այծեմնիկ» բաց բաժնետիրական ընկերության դրամական միջոցների հաշվին կատարել բյուջեի հանդեպ պարտավորությունները։ Դատարանին ներկայացվեցին ընկերության բանկային հաշիվների դրամարկղի մնացորդի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները։ Դատարանը որոշեց, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։ Մյուս միջնորդությունը վերաբերում էր քրեական գործի վարույթը կարճելուն՝ գործով ամբաստանյալի ծանր հիվանդության հիմքով։ «Պայմանավորված Գրիգորյանի ծանր հիվանդություններով՝ սույն քրեական գործի դատական նիստերը դատարանի համապատասխան որոշումներով հետաձգվում են արդեն 1 տարի 2 ամիս։ ՀՀ քրեական դատավարության 295-րդ հոդվածի ուժով դատարանը կասեցնում քրեական գործի վարույթը, եթե մեղադրյալը, ամբաստանյալը հիվանդացել է ծանր հիվանդությամբ»,- ասաց պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը։

Դատարանը նիստը հետաձգեց՝ հաջորդ դատական նիստին միջնորդությունը քննելու համար: Նշենք, որ Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

 

ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ վերջինիս եղբորորդու գործը մտավ դատարան: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008թ. ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 4-ը հանդիսանալով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետեւ՝ 2008թ. հունիսի 4-ից մինչեւ օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից մինչեւ 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետեւ՝ 2014թ. ապրիլի 26-ից մինեւ 2016թ. սեպտեմբերի 8-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաեւ պաշտոնատար եւ այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ եւ եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի եւ Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը:

Իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետեւանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետեւանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Նրանց գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս