ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հրապարակեց նոր որոշում, որի համաձայն՝ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների եւ կանոնների մեջ: Ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

 

  1. սահմանել, արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 1-ի:
  2. սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի

Աղյուսակ 1-ում չներառված (ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով արգելվում է զբաղվել սույն որոշման հետեւյալ հավելվածներով սահմանված կանոններն ամբողջ ծավալով չպահպանելու դեպքում՝

պայմաններում պետական կառավարման, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համար.

N 3. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու համար.

N 4. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում տնտեսական գործունեության համար.

N 5. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման համար.

N 6. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում գրասենյակային բնույթի տնտեսական գործունեություն իրականացնելու համար.

N 7. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում առեւտրի իրականացման վայրերի, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտների տնտեսական գործունեության համար.

N 8. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրային սննդի ոլորտում տնտեսական գործունեության համար.

N 9. Կանոններ կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ ներառյալ առողջության առաջնային պահպանման եւ ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպությունների համար.

N 10. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում երկարատեւ խնամքի հաստատությունների գործունեության համար.

N 11. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում նախադպրոցական կրթության հաստատությունների համար.

N 12. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ոչ ֆորմալ եւ շարունակական կրթության ոլորտում գործունեության համար.

N 13. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում գրադարանների եւ թանգարանների գործունեության համար.

N 14. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հյուրանոցների եւ համանման բնակատեղիների տնտեսական գործունեության համար.

N 15. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում մարմնամարզական օբյեկտների գործունեության համար.

N 16. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների այլ ծառայությունների տնտեսական գործունեության կազմակերպման համար.

N 17. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեության համար.

Հավելված N 18. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ցամաքային ուղեւորատար տրանսպորտի գործունեության համար.

Հավելված N 19. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում օդային ուղեւորափոխադրումների եւ օդանավակայանների գործունեության համար.

Հավելված N 20. Կանոններ հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման:

Հավելված N 21. Ընդհանուր կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) պայմաններում hավելված N 2-19-ով չկարգավորվող տնտեսական գործունեության այլ տեսակների իրականացման համար.

Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկը՝ համաձայն հավելված N 22-ի։

Սահմանել, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝

ա. մինչեւ 6 տարեկան երեխաների.

բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ.

գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս.

դ. բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում եւ լողափներում, սարերում, անտառներում եւ նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական եւ կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական եւ խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղեւորությունների եւ նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում.

ե. հեռուստահաղորդավարների, եթե հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ.

զ. հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետների:

Սահմանել, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը: Ուժը կորցրած ճանաչել ՀՀ պարետի 2020թ. մայիսի 3-ի N 63 որոշումը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի օգոստոսի 18-ից՝ ժամը 23։59-ից:

 

 

ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏԸ՝ ՏՈՒԺԱԾ

Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 4,7% անկում. այս մասին ասել է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հրանտ Մարգարյանը։ Նրա խոսքով՝ դրան զուգահեռ անկում ունեցել ենք շինարարության ոլորտում, որը, պարետի որոշմամբ, երկու ամիս շարունակ արգելված գործունեության տեսակ էր։

 

Անկում է գրանցվել առեւտրի շրջանառության ոլորտում՝ 11, 9 %։ «Չնայած, արձանագրված անկմանը՝ աճ ունենք արդյունաբերության ոլորտում՝ 1, 5 %, որը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի աճով՝ շուրջ 24, 3 %: Աճ ունենք նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ 1, 7%, որը պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների գործունեության ընդլայնմամբ, ինչպես նաեւ ձվի եւ թռչնամսի արտադրության ծավալների աճով»,- ասաց Հրանտ Մարգարյանը։

Կորոնավիրուսի հետեւանքով ամենից շատ տուժած ոլորտը՝ տուրիզմը, ունի 59, 6 %-ի կրճատում։ Ըստ փորձագետի՝ կրճատումը պայմանավորված է երկրորդ եռամսյակի ընթացքում ներգնա տուրիզմի բացակայությամբ։

«Չեկած զբոսաշրջիկների, նրանց կողմից չգնված եւ չօգտագործված ծառայությունների պատճառով Հայաստան չի մտել 315 մլն դոլարի չափով գումար, որը նախորդ տարվա ընթացքում եղել էր»,- ընդգծեց նա։ Անդրադառանալով կառավարության կողմից կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելուն ուղղված միջոցառումներին՝ Հրանտ Մարգարյանը նշում է, որ դրանց ամենամեծ խնդիրն այն էր, որ դրանք հասցեական  չէին։ Հրանտ Մարգարյանի խոսքով՝ օրինակ, տուրիզմի եւ շինարարության ոլորտներին, որոնք շատ են տուժել, կարելի էր հարկային արտոնություն տալ, սակայն կառավարությունը այդ քայլին չգնաց։

«Լավ օրից չէ, եթե ինչ-որ մարդ չունի բարվոք վարկային պատմություն, այսօր նա դուրս է մնացել օժանդակության ծրագրերից, միգուցե կարելի էր ավելի համատարած բնույթի միջոցառում կատարել տնտեսական հետեւանքների չեզոքացման համար, բայց, իհարկե, դա չպետք է վերաբերի  խոշոր բիզնեսին, կամ նրանց, որոնք այս ընթացքում չեն տուժել։ Օրինակ՝ հիդրոէլեկտրոկայանները, որոնք ստաբիլ աշխատել են, որեւէ օժանդակության կարիք չունեին, լուրեր տարածվեցին, որ եղել են դեպքեր՝ նրանք այս ծրագրերում ներառվել են,  մինչդեռ նրանք աջակցության կարիք չունեին»,- ընդգծեց Հրանտ Մարգարյանը։

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՍԸՆԿԵՐՈՒՀԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՉԻ ՀԱՂԹԵԼ 

Օգոստոսի 13-ին  Իջեւան քաղաքում՝ Տավուշի մարզպետարանում, մրցույթ է անցկացվել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Մրցույթին մասնակցել է 2 անձ՝ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  պետի ժամանակավոր  պաշտոնակատար Մանե Ղազումյանը եւ Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանը։

Մանե Ղազումյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին է, գերազանցությամբ ավարտելով Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ սովորել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիայի ֆակուլտետում, որպես քիմիայի ուսուցչուհի աշխատել Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2014թ. եղել այդ դպրոցի փոխտնօրենը։ Մ. Ղազումյանը  Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակից հետո՝ 2018թ։ Մերուժան Հարությունյանը, գերազանցությամբ  ավարտելով Իջեւանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, սովորել է Երւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտում, 1995-2000 թվականներին  սահմանամերձ Վազաշենի դպրոցում ուսուցիչ  է աշխատել, հետո զբաղվել  անհատ ձեռներեցությամբ։

Մ. Ղազումյանը հայտնեց, որ մրցույթը անցկացվել  է երկու փուլով՝ գրավոր եւ բանավոր։ Գրավոր փուլը հաղթահարելով՝ երկու մասնակիցները բանավոր փուլում պատասխանել են  մրցութային հանձնաժողովի անդամների բանավոր հարցերին։ Մրցույթի արդյունքում երկու թեկնածուներն էլ  հաղթահարել են մրցույթը, սակայն Մերուժան Հարությունյանը ավելի շատ միավորներ է ստացել։  Մանե Ղազումյանն ասաց, որ ինքը  ոչինչ  չի կարող ասել մրցույթի  արդարության կամ անարդարության մասին։ Նա հայտնեց, որ այսուհետ կզբաղվի մանկավարժական գործունեությամբ։ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում ոչ մի տեղեկություն չկա մրցույթի վերաբերյալ, այնտեղ  Մանե Ղազումյանը ներկայացված է որպես վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Մ. Հարությանյանը՝ մարզպետի օգնական։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին մարզպետարանից նամակներ են ուղարկվել, որտեղ նշված է  կայացած մրցույթի եւ դրա արդյունքների մասին։ Առաջիկայում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, հիմք ընդունելով կայացած մրցույթի արդյունքները, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  պետ կնշանակի Մ. Հարությունյանին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս