ԳՏԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում դրական տրամադրվածություն է առկա Էդգար Շաթիրյանի հանդեպ, որին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջադրելու են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, եւ օգոստոսի 22-ին նրա եւ ՔՊ-ականների հետ հանդիպումը նպատակ ունի վերջնականապես կարգավորել այդ հարցը, որոշում կայացնել եւ հայտարարել այդ մասին: Ընդ որում, նկատենք, որ ՔՊ-ականների հետ հանդիպումն ի սկզբանե նախատեսված է եղել վաղը՝ օգոստոսի 21-ին, սակայն օրվա փոփոխություն է եղել, որպեսզի հարմար լինի հանդիպման բոլոր կողմերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու մասին դեռ պաշտոնապես տեղեկություն առկա չէ, անգամ նրա հետ խոսակցությունները խիստ նախնական են եղել, եւ վերջնական որոշումը կկայացվի արդեն կուսակցության վարչության հետ հանդիպումից հետո, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ հենց կառավարության կողմից պետք է առաջադրվի Շաթիրյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ պայքարից դուրս գալուց հետո կառավարության անդամները երկար ժամանակ փնտրտուքի մեջ են եղել՝ չիմանալով, թե ում առաջադրեն այդ պաշտոնում, մանավանդ որ նախկին թեկնածուն իշխող խմբակցության պատգամավորներից շատերի սրտով  չէր: Եվ, ի վերջո, թեկնածությունը կանգ է առել Շաթիրյանի վրա, որը, նկատենք, կարճ ժամանակ եղավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ եւ հենց իշխող խմբակցության թեկնածուն էր այդ պաշտոնում՝ ստանալով 96 կողմ եւ 6 դեմ ձայներ:  Ընդ որում, 2019 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրությանը հինգ թեկնածուներից հենց նրան էին տվել ամենաշատ  թվով ձայները: Դա է պատճառը, որ կառավարության ընտրությունը կանգ է առնում Շաթիրյանի վրա՝ հաշվի առնելով նախկին քվեարկությունը: Այստեղ ընդգծենք, որ միայն օգոստոսի 18-ից հետո Էդգար Շաթիրյանը կարող էր դառնալ ՍԴ անդամ, քանի ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի չորրորդ հոդվածում ասվում է.  «Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական եւ բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»:  Այստեղ նկատենք, որ օգոստոսի 18-ին Էդգար Շաթիրյանի ծննդյան օրն էր, եւ նա դարձավ 40 տարեկան:

 

 

Վերջին շրջանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այնքան էլ աչքի չի ընկնում քաղաքական գործունեությամբ: Ավելի շատ նա հանդիպումներ է ունենում մարզիկների հետ կամ արտակարգ դրության եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած ոլորտների ներկայացուցիչներին, լսում նրանց, փորձում օգնել եւ այլն։ Այսինքն՝ որպես այդպիսին, քաղաքական հայտարարություններով հանդես չի գալիս:  Եվ վերջին շրջանում քաղաքական դաշտում շատ են խոսում այն մասին, որ Ծառուկյանի պասիվությունն իր պատճառներն ունի, եւ չի բացառվում, որ ԲՀԿ նախագահն առաջիկայում հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին, ինչպես դա եղավ 2015 թվականին: Արդյոք հնարավո՞ր է նման սցենարի զարգացում։ Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, որը միանշանակ հայտարարեց, թե այդ տեղեկությունները սուտ են: «Ոչ, իհարկե, բացարձակ սուտ է, եւ այդ սուտը միտումնավոր կամ անմիտ տարածվում է։ Այդպիսի լուրերը, բացի ժպիտից, ոչ մի բան չեն առաջացնում», – հավելեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն իր նշանակման առաջին օրվանից մինչեւ այժմ որեւէ հանդիպում չի ունեցել բաժնի պետերից որեւէ մեկի հետ: Ավելին, վերջիններս կոնկրետ զեկույցներ, հարցեր ունեն, որ ցանկանում են ներկայացնել գլխավոր կարկադիր կատարողին, սակայն վերջինս այդպես էլ ժամանակ չի գտնում նրանց ընդունելու համար: Այսինքն՝ նա որեւէ կերպ չի առնչվում աշխատակիցներին, չի շփվում նրանց հետ: Նկատենք, որ Սերգեյ Մեղրյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թվականի մարտի 16-ին: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԴԱՀԿ լրատվական ծառայությանը, որտեղից, ի պատասխան, հայտնեցին. «Ձեզ հասած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ծառայության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների եւ մարզային բաժնի, բաժանմունքների պետերի հետ հանդիպումներ ոչ միայն եղել են, այլեւ քննարկվել են 2020 թվականի 1-ին կիսամյակում արված աշխատանքների արդյունքները, քննարկվել են լուծում պահանջող խնդիրները, տրվել են հանձնարարականներ ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ավելին, արտակարգ դրության ժամանակ կատարվել է երկու մարզային այց, ինչն առաջիկայում եւս կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով հենց տեղում ծանոթանալ բաժնի խնդիրներին: Ավելին, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների համակարգման տակ է գտնվում ծառայության տարբեր բաժինների աշխատանքը, որոնց մասին զեկուցվում է պարբերաբար»:

 

 

Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ավտոմեքենաների առեւտրի ծավալները կազմել են 42 մլրդ 489 մլն 100 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 10.2 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առեւտուր չկա: Պատճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլեւ այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առեւտրի շրջանառությունը եւս նվազել է՝ կազմելով 14.2 տոկոս: Ի դեպ, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 6 ամիսներին պակասել է 8 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չէր կարող չազդել առեւտրի եւ բիզնեսի վրա:

 

 




Լրահոս