ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի անօդաչու թռչող սարք Ստեփանակերտ չի հասել։ Նրա այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում տարբեր հայտարարություններ սկսեցին հնչել, եւ շատերը մեջբերեցին 2016 թվականին Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությունը, որով նա նշել էր, թե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու թռչող սարք էր նկատվել։ Այն ժամանակ Դավիթ Բաբայանը նշել էր, որ անօդաչու սարքը, որ թռել է Ստեփանակերտի երկնքում հենց Մինսկի խմբի եւ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի բանակցությունների ժամանակ, ոչնչացվել է։
Այսօր ArmLur.am-ը զրուցել է Դավիթ Բաբայանի հետ, որը այժմ զբաղեցնում է Արցախի գործող նախագահի խորհրդականի պաշտոնը՝ արտաքին գծով:
-Պարո՛ն Բաբայան, երեկ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, շատերը մեջբերեցին Ձեր գրառումը, որն արել էիք 2016 թվականի ապրիլի 8-ին՝ ասելով, թե անօդաչու թռչող սարք է նկատվել: ՀՀ երրորդ նախագահի եւ Ձեր խոսքերի միջեւ հակասությո՞ւն է առկա:
-Ես ասեմ հետեւյալը. ես չեմ ուզում միջամտել կամ կողմ, դեմ արտահայտվել, ասել՝ ով է սխալ կամ ով է ճիշտ: Ես կխոսեմ պարզապես փաստերի մասին: Համանախագահներն այցելել էին Արցախ, նրանց հանդիպումից հետո մենք միասին դուրս ենք եկել, եւ նրանք տվել են կարճ ճեպազրույց, եւ ներկա են եղել 15 եւ ավել լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այդ պահին անօդաչու թռչող սարքն իսկապես եկել է Ստեփանակերտ, եւ մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են այն: Բայց համանախագահներն այցելել են Արցախ, եթե չեմ սխալվում, ապրիլի 7-ին կամ 8-ին: Իսկ ապրիլյան պատերազմն ավարտվել է, այսինքն՝ զինադադարը պաշտոնապես հաստատվել է ապրիլի 5-ին:
-Այսինքն՝ մինչեւ ապրիլի 5-ը Դուք անօդաչու թռչող սարք չե՞ք նկատել:
-Խոցվել են տարբեր անօդաչու թռչող սարքեր սահմանի տարբեր վայրերում, բայց ես հստակ չգիտեմ: Բայց համանախագահներինը հստակ ասում եմ՝ եղել է ապրիլի 8-ին կամ 7-ին, եւ մենք նույնիսկ ցույց տվեցինք, որ անգամ այս պարագայում Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը: Դա կոնկրետ եղել է զինադադարի հաստատումից հետո:
-Քանի որ հետեւել եք ՀՀ երրորդ նախագահի մամուլի ասուլիսին, հնչե՞լ են այնպիսի հայտարարություններ, որոնք նորություն էին Ձեզ համար:
-Ես՝ որպես քաղաքացի, որպես վերլուծաբան, կարծում եմ՝ բոլորը պետք է իրավունք ունենան եւ հնարավորություն իրենց կարծիքները հասարակությանը ներկայացնելու համար՝ անկախ ամեն ինչից: Եվ դա միմիայն է՛լ ավելի է հնարավորությունները շատացնում տարբեր բաների մասին տարբեր տեսակետներ ունենալու համար: Երրորդ նախագահն արել է իր դիտարկումներն ու գնահատականները, մեկ ուրիշը կարող էր տալ իր դիտարկումներն ու գնահատականները, որը ժողովրդավարական հասարակության համար պետք է նորմալ երեւույթ լիներ: Իսկ ինչ վերաբերում է նորությանը, ապա հաշվի առնելով, որ եղել ենք այդ գործընթացների մեջ, եղան ավելի թարմացումներ, որովհետեւ այդ ամենից, այդ սթրեսային վիճակից չորսուկես տարի է անցել: Ի վերջո, ընթացքում մոռանում ես շատ բան, հետո վերհիշում: Առկա գործընթացն այդ տեսակետից եմ վերլուծում, եւ բոլորն էլ պետք է հնարավորություն ունենան իրենց տեսակետն արտահայտել:
Հ.Գ. Նշենք, որ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարության մասին, թե 2016թ.-ին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր։ Նա այսպես արձագանքեց այս հարցին ի պատասխան. «Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու այդ թվում Ստեփանակերտը։ Եթե մի պահ ենթադրենք, որ մեր օդային տարածքն անպաշտպան է եղել, ապա պետք է ավելացնենք, որ ադրբեջանցիներն ուղղակի մեզ խղճացել են, չէ՞, չեն ցանկացել մեզ վնասել։ Դուք այդպիսի բան սպասո՞ւմ էիք նրանցից, չի կարող նման բան լինել։ Ընդհանրապես, երբ խոսվում է հակաօդային պաշտպանության մասին, պետք է տարբերակել նաեւ հետեւյալը՝ մի բան է ռազմական ինքնաթիռը, մի բան է անօդաչու թռչող հետախուզական սարքը, եւ մեկ այլ բան են հարվածային անօդաչու թռչող սարքերը: Որեւէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առաջին գծից առավելագույնը եղել են 10-11 կմ հեռավորության վրա։ Եթե անօդաչու թռչող սարքերն այդպես հանգիստ, ազատ կարողանային ճախրել Արցախի երկնքում, դա առաջինը կանեին հենց Ստեփանակերտի վրա»:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
«Արդեն չորս տարի ստեղծվում եւ տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների եւ դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից»: Սրանք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են, որ հայտարարել է ե՛ւ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ե՛ւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Այստեղ ուշագրավ է, որ հենց իր կողմից նշանակված բարձրաստիճան պաշտոնյան է խորհրդարանից բարձրացրել անորակ դիզվառելիքի մասին: Խոսքը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է, որը 2017թ. մարտի 1-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով անցյալ տարի՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում: «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», – ասել էր նա:
Ավելին, նույնը Կարեն Կարապետյանը պնդել էր Ավանում կուսակցության քարոզարշավի ժամանակ՝ 2017թ. մարտի 13-ին. «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»:
Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը խոսում է նաեւ իր թիմակցի կողմից հնչած քննադատության մասին, սակայն դրա համար մեղադրում է ուրիշներին:
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ
Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ առավոտյան ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը եղել է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում: Բանն այն է, որ Երեւանի մշակույթի պետական քոլեջը պետք է միավորվի նույն շենքում գործող Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի հետ: Փոխնախարարը հենց այս հարցով այցելել է քոլեջ, որտեղ էլ վիճել է քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է. նախաինֆարկտային վիճակում Տիգրան Դավթյանը այժմ հիվանդանոցում է։
ՍԿՐԻՆԻՆԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ քրեակատարողական օրենքսգրքում՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծով նախատեսվել է կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունվելուց հետո անհապաղ կալանավորված անձի կամ դատապարտյալի պարտադիր սկրինինգային հետազոտություն իրականացնելու պահանջ: Բացի այս, ընդլայնվել է կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի բովանդակությունը` ընդգրկելով նաեւ հոգեկան առողջության հարցերը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերացվել է ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նախարարության առաջարկած նախագծով նախատեսվել է իրավական արգելք անչափահասներին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ: Ի դեպ, հստակեցվել են ազատազրկման դատապարտված անձանց մենախցում առանձնացնելու կարգավորումները:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 21-ին Երեւան քաղաքի Իսակովի պողոտա-Ա. Բաբաջանյան փողոց խաչմերուկի (Արգավանդի խաչմերուկ) հին սերնդի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով, եւ միաժամանակ վարորդների համար տրանսպորտային լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար դրանք երթեւեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն եւ կտեղակայվեն երթեւեկելի մասի վրա: