ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ԿՐԿԻՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ իրավապահները Գորիսում կալանել են կապալառու կազմակերպության՝ «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերության հինգ բեռնատար մեքենաները, որոնք Գորիսից խիճ ու ավազ էին տեղափոխում կառուցվող ճանապարհի համար։

 

Բանն այն է, որ Գորիսում 2020թ. հիմնանորոգվելու է Տաթեւ-Կապան ավտոմայրուղու Տաթեւ-Աղվանի հատվածը, սակայն իրավապահների գործողություների արդյունքում գործընթացը կանգնեցվել է: Ընկերության ներկայացուցիչ Գեղամ Սիմոնյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ տասը օր է, ինչ բեռնատարները կալանված են ոստիկանության Գորիսի բաժնում։ Կապալառու կազմակերպությանը հասած տեղեկությունների համաձայն՝ մեքենաների բեռը՝ խիճն ու ավազը, իրեղեն ապացույց են ճանաչվել իրենց ընկերության հետ կապ չունեցող ինչ-որ քրեական գործով։ Փաստորեն խաթարված է Աղվանի-Տաթեւ ճանապարհի կառուցման բնականոն ընթացքը, ինչը հարցականի տակ է դրել մայրուղին նախատեսված ժամկետում շահագործման հանձնելու հեռանկարը։

Մյուս կողմից՝ ճանապարհաշինական ընկերությունը շարունակում է վնասներ կրել օրեցօր, որը ոչ պակաս մտահոգող խնդիր է շինարարական կազմակերպության համար։

Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրականում Տաթեւ-Կապան ավտոմայրուղու ավազը մատակարարել է «Բեսթ Ռոուդ» ընկերությունը , որը կապվում է  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, եւ դա  է պատճառը, որ իրավապահները կալանել են բեռնատարները, քանի որ   քաղաքապետի  անվան  շուրջ  քրեական գործեր են քննվում:

Նշենք՝  քաղաքապետը տարբեր գործերով է հայտնվել իրավապահների տեսադաշտում. Առուշ Առուշանյանը եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել: Վերջիններս առեւանգել են Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Քրեական գործով փաստաբան Լուսինե Զեյնալյանը լրատմավիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող մթերային խանութներից մեկում. «Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ է ընթացել, սակայն հետո կենցաղային խնդիրներ են առաջացել. հաշվարկ են կատարել, եւ 33 միլիոն դրամի պահանջ է ներկայացվել տուժողին, թե չէ ձեռքից կխլեն որոշակի գույք»: Ըստ պաշտպանի՝ երիտասարդը չի կարողացել վճարել նշված գումարը, ինչից հետո նրա նկատմամբ բռնություններ են կիրառվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով («Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով», պատիժը՝ ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով («Ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով», պատիժը՝ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը նախաքննական մարմիններին հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել:

Փաստ երկրորդ

2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը հայտնել էր, որ ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք է բացահայտվել: Մասնավորապես, Սյունիքի մարզի Խնձորեսկի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին եւ 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները, իբր, վերականգնելու խնդրանքով: Հայտնել էր, թե, իբր, շենքերն ինքն է կառուցել, բայց կառուցման հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն պահպանվել:

Սակայն նախնական քննությամբ պարզվել է, որ դիմողի ընտանիքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի օգտագործել է շինությունները: Պարզվել է նաեւ, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել ծառայողական պարտականությունները. շինությունների պատկանելությունը ստուգելու փոխարեն բավարարել են դիմումը բացառապես քաղաքացու ներկայացրած տվյալներով, կազմել եւ համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացրել գույքային իրավունքները վերականգնելու եւ անձի սեփականությունը համարելու մասին համապատասխան որոշումներ: Քաղաքացին նշված որոշումները ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանում, իր անվամբ ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 4,250,000 դրամի խանութի եւ բաղնիքի շենքերը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով դարձյալ անցնում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մասնավորապես՝ այն դրվագով, որ նա է այդ դիմումի տակ ստորագրող անձը եղել, եւ հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության, որի եզրակացությունից հետո շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի՝ մինչ օրս քաղաքապետը վերոնշյալ գործերով  կարգավիճակ չունի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԳՈՐԾԵՆ ՈՐՈՇ ՄԵՂՄԱՑՈՒՄՆԵՐՈՎ

ՀՀ պարետի նոր որոշմամբ՝ սահմանվել են անվտանգության նոր եւ որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլատվություն ունեցող ոլորտների համար։

 

Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացումով սկսել են գործել նաեւ գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ եւ շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները եւ կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը եւս վերապահվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին։

Գրադարանների համար մասնավորապես սահմանվել է.

յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքը առանձնացվում է եւ չի տրամադրվում առնվազն 1 օր,

ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջեւ առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

Թանգարանների համար մասնավորապես սահմանվել է.

անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում,

անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը,

հնարավորության դեպքում սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար եւ անհպում կազմակերպելու նպատակով։

Ոչ ֆորմալ եւ շարունակական կրթության հաստատությունների համար մասնավորապես սահմանվել է.

յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,

դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։

Մշակույթի ոլորտի համար մասնավորապես սահմանվել է.

արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի,

նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով,

միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչեւ հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։

Ի գիտություն տնտեսավարողների` ԱԱՏՄ-ն շեշտում է, որ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ եւ ծավալով, ուստի հորդորում են խստագույնս պահպանել սահմանված կանոնները:

 

 

ԿԱՆՉԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ

ԲՀԿ երիտասարդների միության փոխնախագահ Վահե Հարությունյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Նշենք, որ քրեական գործի շրջանակներում շուրջ 100-ից ավել երիտասարդ հարցաքննվել է: Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննչական խումբ է ստեղծվել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի համակիրների կողմից ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիայի գործով: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն հանձնարարականներ է տվել մարզերի տարբեր բաժանմունքներին:

Իսկ ի՞նչ հանձնարարականի մասին է խոսքը: Բանն այն է, որ հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել այնպիսի անձինք, որոնք մարզերում են ապրում, եւ քանի որ քրեական գործով տասնյակից ավելի անձինք կան, նախաքննական մարմինը չի հասցնում մարզերի բնակիչներին կանչել, ուստի մարզային քննչական բաժինների ղեկավարներին է հանձնարարել նրանց հարցաքննելու գործընթացը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ-ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը եւ անցկացնելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրել մոտ 100 անձի, որոնց մեջ են եղել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը, «Առինջ մոլի» փոխտնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը, ԲՀԿ երիտասարդական միության նախագահ Աշոտ Անդրեասյանը եւ միության մի խումբ երիտասարդներ: Սակայն արձանագրենք, որ շուրջ 2 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում տարվող քննության արդյունքներով դեռես չկա մեղադրյալ կամ կասկածյալ, իսկ թե հետագայում ով կհայտնվի թիրախում, սպասենք զարգացումներին:

 Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 




Լրահոս