ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ընկերությունում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ այս ընկերությունում «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ. բացակայել են պիտակներն ու մակնշումը: Մածուկից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ առանձին՝ «Տոմատի մածուկ»-ի արտադրական գործառույթը կասեցվել է: Տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Սահմանված ժամկետում որոշման չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆԽՎԵԼ ԵՆ

Երեւանում նախօրեին երկու քաղաքացի փորձել են ինքնասպան լինել՝ Հաղթանակի կամրջից նետվելով։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ երկու քաղաքացի անցել են Հաղթանակ կամրջի ճաղավանդակը եւ ցանկանում են ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Փրկարարները կանխել են քաղաքացիների (ինքնությունները չի հաջողվել պարզել) ինքնասպանության փորձը։ Բացի այդ, ժամը 23:33-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարների եւ տեղի ուժերի համատեղ ջանքերով կանխվել է քաղաքացու (արական սեռ, ծնված 1991թ.) ինքնասպանության փորձը:

 

ԴԵՌ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին 2020թ. հուլիսի 29-ին դիմել է ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ հայտնել, որ հուլիսի 15-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, իր որդին՝ ծնված 1978թ., տանից դուրս է եկել աշխատանքի գնալու նպատակով եւ չի վերադարձել: Պարզվել է, որ Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակիչը ԱՁ-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ապրանքներ առաքելու նպատակով մեկնել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ուղղությամբ։ Հաջորդ օրը նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Քարակոպ գյուղի տարածքում, իսկ 42-ամյա տղամարդը մինչ օրս չի հայտնաբերվել։ Դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար օգոստոսի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին եւ նույն օրն ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն:

 

 

6 ԴԵՊՔ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 261 դեպք. առողջացել է 248 քաղաքացի: Արցախում COVID-19-ի 6 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: Թեստավորումների նպատակով 166 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8373 փորձանմուշի հետազոտություն: Կա 29 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 11 պացիենտ:

Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Տղամարդը եղել է 81 տարեկան: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 2 է: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված եւ մինչեւ օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց 2020 թվականի օգոստոսի 12-ից՝ ժամը 22:00-ից, մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 12-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ։

 

 

100 ՀԱՅ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Օգոստոսի 18-ին Բեյրութից Հայաստան է վերադարձել 100 հայ։ Այս մասին հայտնել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ «Այսօր Բեյրութից հայրենիք վերադարձան շուրջ 100 հայրենակիցներ, որոնց թվում 21 երեխա։ Այս չվերթով վերադարձողներ ունեցանք նաեւ Սիրիայից եւ Միացյալ Էմիրություններից»,-նշել է նա:

 

 




Լրահոս