Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների պաշտոնանկությունից մոտ երկու ամիս անց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը (ԼՀԿ) Սահմանադրական դատարանում վիճարկում է այդ գործընթացի օրինականությունը: Այս առնչությամբ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրել էր.
«Ներկայացնում ենք երեկ երեկոյան Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները.
ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից եւ խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչեւ երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։
Այս համատեքստում՝
Ազգային ժողովը պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով:
Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական լիազորություն, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին եւ 169-րդ հոդվածի 2-րդ մասին եւ հակասահմանադրական է:
Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը՝ բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ։
Ազգային ժողովի եւ Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առկա է վեճ։
ԵՐԿՐՈՐԴ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու եւ հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։
Տեղեկացնում ենք նաեւ, որ դիմումը ներկայացվել է համատեղ ստորագրված` «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»:
Նկատենք, որ Սահմանադրական դատարան դիմելու մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մինչեւ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելն էր հայտարարել, բայց այն ժամանակ նրանք նպատակահարմար չէին համարել եւ պատճառաբանել, թե առջեւում «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությունն է, եւ իրենք էլ չեն ուզում խոչընդոտել դրան։
Նշենք, որ Սահմանադրական փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, դատարանը լքեցին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը։
«Լուսավոր Հայաստանի» հիմնավորմամբ՝ այս գործընթացն իրականացել է անօրինական։ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից եւ մինչեւ երկրորդ ընթերցում փոփոխությունների փաթեթը չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ կարծիք լսելու։ Խմբակցությունները զրկվել են բարձր դատարանի պրոֆեսիոնալ կարծիքը լսելու իրավունքից:
Ըստ ԼՀԿ-ի՝ հակասահմանադրական է եղել նաեւ այն, որ նախագահ Արմեն Սարգսյանը զրկվել է սահմանադրական փոփոխությունները ստորագրելու եւ հրապարակելու լիազորությունից։
Հավելենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ Պահանջվածից է՛լ ավելի է հավաքվել, սակայն նկատենք, որ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ի դիմումների ճակատագիրն անորոշ է, քանի որ հունիսի 30-ից ՍԴ-ում նիստեր չեն կայանում քվորում չլինելու պատճառով։
Բանն այն է, որ այս պահին դատարանի կազմում վեց դատավոր է, եւ դա բավարար է նիստեր հրավիրելու համար, սակայն Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ Պետրոսյանը նիստերին չեն մասնակցում։ Եթե Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը շարունակեն չմասնակցել նիստերին, ապա այս եւ այլ դիմումներ ընթացք կստանան աշնանը, երբ համալրվեն դատավորների թափուր տեղերը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՄՓՈՓԵԼ Է
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցն ամփոփել է վերջին 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքները. շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ եւ բուժվողներ, 2000-ը ամբուլատոր, նոր աշխատատեղերի ստեղծում, հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում եւ բարեկարգում, մոդուլային հիվանդասենյակների կառուցում, մահճակալային ֆոնդի եւ թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում, ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ- հետազոտության սարքով եւ ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում, թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում, բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում։
ՄԱՀԱՑԵԼ Է ՄԵԿ ՀՈԳԻ
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42319-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 836 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան չորս դեպք: Օգոստոսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 251 է: Փաստացի բուժվում է 5756 մարդ: Առողջացել է 250 քաղաքացի։
ՆՈՐ ՊԵՏ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Ստեփանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ: «Անահիտ Ստեփանի Ստեփանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ՝ 12 ամիս փորձաշրջանով»,-նշված է որոշման մեջ։
ԱԶԱՏՎԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Ավետիսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԴԺՎԱՐ ԶՈՐԱՄԱՍԵՐ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կշարունակի գտնվել ազատության մեջ եւ իրականացնել իր զինվորական ծառայությունը: Մեզ հետ զրույցում Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը մերժել է դատախազության բողոքը՝ վերջինիս խափանման միջոցի հարցի հետ կապված:
Ավելին, փաստաբան Գոռ Գեւորգյանը հայտնեց, որ Դավիթ Մովսիսյանը այլեւս իր ծառայությունը չի իրականացնում Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում կամ բոլորին հայտնի «էլիտար» Զորամասում, այլ վերջինիս տեղափոխել են Արցախի հեռավոր ու դժվար զորամասերից մեկը: Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանն անցնում էր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով։ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դ. Մովսիսյանը, Խ. Գասպարյանը, Ս. Ավետիսյանը:
Նախաքննության ընթացքում շարքայիններ Դ. Մովսիսյանին, Խ. Գասպարյանին եւ Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՍՏՈՒԳԱՅՑԵՐ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր է անցկացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում։ Նրանք վերահսկել են մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ կրելու պարտադիր պահանջների կատարումը։ Ստուգայցի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, նկատվել են դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքեր։