ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԴԱԺԱՆ ԾԵԾԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին Տավուշի մարզում 6-ամյա երեխային դաժանորեն ծեծի ենթարկելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, 6-ամյա երեխային ծեծի ենթարկած պապը՝ Սամվել Հակոբջանյանը, իրավապահներին բացատրել է, թե ինչու է ծեծել երեխաներին: Վերջինս իր ցուցմունքում ասել է, որ երեխաները, առանց իրեն զգուշացնելու, ձմերուկը կերել են, ավելի ուշ չոփով խաղացել են իր ականջների հետ, պարբերաբար հարվածել են իր ձեռնափայտին, ինչից զայրացած էլ ինքը սկսել է ծեծել երեխաներին:

 

Այս ցուցմունքից հետո իրավապահները միջնորդելու են պապիկին՝ Սամվել Հակոբջանյանին, դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն:

Օգոստոսի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 6-ամյա Սերգեյ Հակոբջանյանն է:

Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջեւանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ.-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ 58-ամյա Սամվել Հակոբջանյանը, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյին եւ 4-ամյա Նաիրիին, ինչի հետեւանքով որոշ ժամանակ անց Նաիրին նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնի հետաքննչական բաժանմունքում, ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, եւ Սամվել Հակոբջանյանը ձերբակալվել է։

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում:

5 երեխա տեղափոխվեց հիվանդանոց

Դեպքից 1 օր անց հիվանդանոց տեղափոխվեց  5 երեխա. երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն եւ 2-ամյա Նիկ Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս «Իջեւան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երեւանի «Մուրացան» բժշկական կենտրոն: Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա եւ 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 58-ամյա Սամվել Հակոբջանյանի  թոռներն են: Ավելին՝ հայտնի դարձավ, որ, բացի 5 երեխաներից, հիվանդանոց  է տեղափոխվել նաեւ երեխաների մայրը՝ Անուշ Բադալյանը: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են հիպովոլեմիկ-հեմոռագիկ շոկ,lll աստիճանի, կոագուլոպաթիա, ծանր աստիճանի անեմիա, արյունահոսություն միզասեռական համակարգից, գլխի ճակատային շրջանի առաջնային վիրաբուժական մշակված վերքից արյունահոսություն:

Ըստ նախնական վարկածի՝ ընտանիքի անդամները ինչ-որ կասկածելի բան են կերել, ինչը փորձում են պարզել բժիշկները: Ասել  է թե՝ ընտանիքում առեղծվածային իրավիճակ  է տիրում, որից փորձում են գլուխ հանել իրավապահները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի 30-ամյա բնակիչը անհայտ անձից ձեռք է բերել «BANK OF AMERICA», «METABANK» եւ «HSBC» ամերիկյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված թվով 75 կրկնօրինակներ: Վերջինս 2019թ. հոկտեմբերի 29-ից մինչեւ 2020թ. օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում դրանց գործադրմամբ Երեւան քաղաքի ավելի քան մեկ տասնյակ փողոցներում տեղակայված «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ բանկոմատներից իրական պլաստիկ քարտերի բանկային հաշվեհամարներից պարբերաբար եւ մեկ միասնական դիտավորությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 7.488.000 ՀՀ դրամ գումար՝ վերոնշյալ բանկերի հեղինակությանը պատճառելով բարոյական եւ գույքային վնաս։ Երեւանի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել. 30-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, որը համակցվել է գրավի հետ, իսկ պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

 

 

ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ 2003-2011թթ. ժամանակահատվածում «Մասիս» ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն հանդիսացած անձը առերեւույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված, ՀՀ սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611 072 640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաեւ խմբի կազմում թե՛ անձամբ կեղծել, թե՛ դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր: Մասնավորապես, ընկերության կանոնադրությամբ ունենալով ոռոգման համակարգերի շահագործման եւ պահպանման ապահովման պարտականություն՝ վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2006-2010թթ. ընթացքում մաս-մաս, գործով դեռեւս չպարզված անձանց միջոցով եւ տեխնիկայի կիրառմամբ ապամոնտաժել եւ վատնման եղանակով հափշտակել է Արարատի մարզի Նիզամի համայնքում գտնվող «Մասիս» ջրհան պոմպակայանից դեպի նույն մարզի Այնթապ համայնք անցնող, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 403 920 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 5000մ երկարությամբ  եւ 207 152 640 ՀՀ դրամ շուկայական արժեքով 2880 մ երկարությամբ 820 մմ տրամագծով իրեն վստահված պետական սեփականություն հանդիսացող ոռոգման ճնշումային խողովակաշարը: Նկարագրված հանցագործության համար «Մասիս» ՋՕ ընկերության գործադիր տնօրեն Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Բռնագանձումը պատշաճ ապահովելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

 

 

ՉԻ ՄԵՐԺՎԻ

Արդարադատության նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցման համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի է ճանաչվել: Իսկ ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել, եթե դիմողը հիմնավորում է իրենից անկախ պատճառներով, այսինքն՝ մեղքի բացակայությամբ ժամկետը բաց թողնելու հանգամանքը, եւ հստակ թվարկվում են այն հիմքերը (անհաղթահարելի ուժ, հիվանդություն, ռազմական գործողություններին կամ մարտական առաջադրանքների կատարմանը ներգրավված լինելը եւ այլն), որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը գրանցման համար դիմելու ժամկետի բացթողումը հարգելի է համարում: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվել է, որ անձը իրավունքի պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել Կադաստրի կոմիտե ինչպես անձամբ, այնպես էլ նոտարի միջոցով, իսկ վերջինիս համար էլ նման պահանջի դեպքում պարտականություն է առաջանում կատարել համապատասխան նոտարական գործողությունը:

Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ պետական գրանցման ներկայացնելու նոտարական գործողության համար անձինք ազատվում են պետական տուրքից՝ հաշվի առնելով այն, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքների նոտարական վավերացման համար արդեն իսկ գանձվում է պետական տուրք (այսինքն՝ պետական գրանցման ուղարկելու նոտարական գործողության համար վճարվելու է միայն սահմանված վճարը, բայց ոչ պետական տուրք):

Հիշեցնենք, որ օրենդրական փոփոխություններն իրականացվել են Սահմանադրական դատարանի 2019 թվականի ՍԴՈ-1448 որոշման հիման վրա, ըստ որի՝ Սահմանադրությանը հակասող էին ճանաչվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի այն դրույթները, որոնց համաձայն՝ նոտարական կարգով կնքված գործարքները պետական գրանցման ներկայացնելու համար սահմանված 30-օրյա ժամկետը բաց թողնելը հանգեցնում է գործարքի անվավերություն եւ այդ հիմքով պետական գրանցման մերժման՝ այն հիմնավորմամբ, որ օրենքը չի նախատեսում անձի մեղավորության բացակայության դեպքում ժամկետը բաց թողնելը վերականգնելու հնարավորություն՝ դրանով իսկ խոչընդոտելով անձի՝ սեփականության նկատմամբ իրավաչափ սպասելիքների, սեփականության նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացումը:

 

 

 




Լրահոս