ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարին։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

-Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին խոսենք: Պարո՛ն Թորոսյան, խնդրեմ, իրավիճակի Ձեր գնահատականը:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

-Երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում, արձանագրվել է 263 նոր դեպք՝ կատարված ընդհանուր 1993 հետազոտություններից: Այսինքն՝ գնահատելով եւ համեմատելով նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը՝ կարող ենք հանգել եզրակացության, որ ունենք իրավիճակի կայունացում, եւ դրան նախորդող անկման միտումը կարծես դադարել է առնվազն իմ նշած 2-3 շաբաթվա համար: Սակայն բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթեւ եւ  ավելի քան կառավարելի։ Եվ հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը եւ ընդհանրապես ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը՝ ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր՝ օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի, եւ կարծես մեր որոշումն այնպիսին է, որ այդ իրավիճակը պահպանվելու է: Հետեւաբար պետք է սպասենք եւ ակնկալենք, որ եթե նույնիսկ անկում էլ լինի, մենք դժվար կտրուկ անկում կարողանանք արձանագրել, սակայն առնվազն այս վիճակում եւ նման կառավարելիության վիճակը պահպանելու համար գոնե դրված կանոնները եւ դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանենք:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

-Իրականում կայունություն ասածը հարաբերական է, որովհետեւ այդ կայունությունը ցանկացած պահին կարող է փոխվել եւ դառնալ անկայունություն: Որովհետեւ ինձ թվում է՝ մենք ընդհանուր առմամբ եւ հանրությունը ավելորդ ոգեւորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը: Իհարկե, միջին օրական թվերն ավելի քան կրկնակի նվազել են՝ հուլիսի հետ համեմատած, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին՝ հուլիսի 6-ին կորոնավիրուսի հետ կապված:

Այստեղ ցանկանում եմ կրկին արձանագրել հետեւյալը՝ այո՛, մենք եւ մեր քաղաքականությունը եղել է այն, որ մենք ասել ենք՝ որեւէ քաղաքացի առանց բուժօգնության պետք է չմնա, եւ, փառք Աստծո, կարողացել ենք դա ապահովել եւ կապահովենք առնվազն այն ծավալների պարագայում, ինչ ունեինք հուլիսի սկզբին: Բայց մենք գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու, այսինքն՝ սա հայաստանյան խնդիր չէ, ամբողջ աշխարհում է այդպես: Եվ, հետեւաբար, մեր դիտարկումը շարունակում է մնալ նույնը՝ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց հարցն այն է, որ մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով: Իհարկե, նաեւ վարչական լծակները պետք է օգտագործվեն, ոստիկանությունը պետք է շատ ակտիվ ջանքեր գործադրի, որպեսզի դիմակի կրման կանոնների չպահպանման դեպքերը պատշաճ արձանագրվեն եւ վարչական արձանագրում ստանան:

Բայց կրկին եւ կրկին իմ արձանագրումը մնում է նույնը, որ անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է:

 

 




Լրահոս