ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում: Եվ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում նոր փոփոխություն կարվի: Մասնավորապես, մասնավորեցման ենթակա ընկերություններին կավելանա նաեւ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:
Որպես հիմնավորում կառավարությունը նշում է, որ այս փոփոխության ընդունումը պայմանավորված է վարչապետի 2019 թվականի հանձնարարականի կատարման ապահովման նպատակով: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդիսանում է ընկերության հիմնադիրը եւ իրենք են առաջարկել մասնավորեցնել այդ ընկերությունը:
Ընկերությունը ստեղծվել է «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական եւ «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների միաձուլման ձեւով վերակազմակերպման արդյունքում: Ընկերության ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում են՝ ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխարգելումից, շնչառության համար վնասակար միջավայրերում փրկարարական եւ տեխնիկական աշխատանքների կատարումից, պողպատյա ճոպանների փորձարկումից, թթվածնային եւ այլ գազերի բարձր ճնշման փոքրածավալ ու մեծածավալ բալոնների փորձարկումից, հանքահորերի օդափոխության համակարգի ուսումնասիրումից, հանքախորշերում փոշու եւ գազերի թույլատրելի պարունակությունների ուսումնասիրումից ու առաջարկությունների (եզրակացությունների) տրամադրումից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեությունից: Տվյալ դեպքում, Ընկերության մասնավորեցումից հետո օրենքով իրեն վերապահված բնագավառում՝ սահմանված կարգով կարող է իրականացնել նաեւ ներկայումս Ընկերությանը իր կանոնադրական վերապահված գործառույթները:
Ընկերությունը գործում է առանց պետական պատվերի, Ընկերության գործունեությունը պարտադիր լիցենզավորման ենթակա չէ եւ մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) անձնակազմերը պարբերաբար անցնում են համապատասխան ուսուցում ու ստանում են փրկարարի որակավորում:
Մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետեւանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի եւ որակյալ ծառայության մատուցման համար:
Ընկերության մասնավորեցման հետեւանքով կանոնադրությամբ իրեն վերապահված գլխավոր գործառույթն ընկերության կողմից լիարժեք չկատարելու կամ կատարելուց հրաժարվելու ռիսկերը հաշվի առնելով՝ առաջարկվում է մասնավորեցման պայմանագրում, գնորդի պարտականությունների գլխում ներառել դրույթ՝ լեռնափրկարար ծառայության մատուցման գործառույթը որպես պարտադիր պայման արձանագրելով: