ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարադատության նախարարի հայտարարությունն ու դիմակավորված անձանց մուտքը բանտեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ տարի առաջ խորհրդարանում վստահեցնում էր, թե ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ կարող են պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղիանակությունների դեմ եւ, ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, այսօր իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն։

Նշենք, որ այդ օրենքում փոփոխությամբ նախատեսվում էր քրեական պատասխանատվություն քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: Եվ, ահա, վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը մեծ շուքով հայտարարում է տարբեր դեպքերի բացահայտման մասին, որոնք կապ ունենք «օրենքով գողերի» հետ:

Սակայն «օրենքով գող» Ալոն կամ քրեական հեղինակություն Տիզը չէին կալանավորվել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննիչը դատարանում չի կարողացել ապացուցել, թե այդ մարդիկ ինչու են համարվում քրեական ենթամշակույթ կրող, եւ որն է նրանց հանցանքը։ Հենց այդ պատճառով էլ նրանք օրինական հիմքերով ազատ են արձակվել: Ստացվում է, որ օրենքը կա, բայց այն գործածել այդպես էլ չի ստացվում, ինչպես կանխատեսվում էր ի սկզբանե»։ Իրավիճակին շատ արագ կերպով անդրադարձավ նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Վերջինս իր գրառման մեջ նշել էր .«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը գործնականում աշխատում է Հայաստանում, և հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերյուրանք է որակում». այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Լրատվական միջոցներից մեկն այսօր մի հրապարակում է արել «Դատարանում չեն կարողանում ապացուցել՝ ովքեր են «օրենքով գողերը»» վերնագրով՝ նշելով, թե ԱԺ-ում իմ կողմից ներկայացված քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքի հիման վրա «իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն»։ Այս հրապարակման հեղինակին հիշեցնեմ, որ սա այս օրենքի կիրառման առաջին դեպքը չէ։ Ընդամենը ամիսներ առաջ, ի դեպ նույն օրաթերթը հրապարակել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված անձի մասին, որը, օրեր անց, հենց այս օրենքի կիրարկման արդյունքում, հիմնավոր կասկածը հաղթահարելու պայմաններում կալանավորվել էր։ Հետևապես, այս օրենքը գործնականում աշխատում է, և օրենքի նախագծի փուլում հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, հերյուրանքներ էին։ եվ ահա նախարարի հայտարարությունից մեկ շաբաթ անց նախարարության ենթակայության տակ գտնվող քրեկատարողական ծառայությունը գործի անցավ:

Երեկ մամուլը հրապարակեց, որ «Քրեակատարողական հիմնարկներում հավեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր եւ դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Իրավապահներն օգտվում են նրանից, որ այս դեպքում տուժողները չեն դիմում իրավապահներին եւ հրաժարվում են դիմում գրելուց: Հանցավոր աշխարհում իրավապահներին բողոքելը համարվում է ամոթալի երեւույթ, որոշ դեպքերում՝ խարան: Մեր տեղեկություններով, ծեծվածներից ոմանք շատ վատ վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս իրավիճակի կապակցությամբ զրուցել ենք նրա փաստաբան Լևոն Սահակյանի հետ:

Մանրամասները տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս