Դատական համակարգում մտահոգված են ՀՀ գերագույն դատարան ստեղծելու նախնական որոշման մասով: Ինչպես հայտնի է, դեռեւս օգոստոսի 22-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հավանություն էր տվել Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների միավորման հարցին, ինչպես նաեւ նոր փոփոխությամբ ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել, այսինքն, պատկերավոր ասած, վերահսկել ինքն իրեն։ Ու այս որոշումներին հանձնաժողովի 15 անդամներից 8-ը կողմ էր եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական համակարգում ներքին քննարկումներ են ծավալվել, որոնց ժամանակ առաջին ատյանի դատավորները կողմ են արտահայտվել Գերագույն դատարան ստեղծելու որոշմանը, եւ հատկապես նրանց դուր է եկել այն, որ իրենք կկարողանան իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։ Սակայն, դրան զուգահեռ, այս որոշմանը դեմ են Վճռաբեկ դատարանի անդամները: Բանն այն է, որ եթե հանրային քննարկման արդյունքում հավանության արժանանա սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ապա 2021 թվականին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իսկ արդեն 2022 թվականից կսկսի գործել նոր դատական մոդելը: Եվ հենց այս ժամկետներն են քննադատության պատճառ դարձել, քանի որ Գերագույն դատարանի կազմավորման պարագայում այն գործելու է նոր կազմով, դատավոր դառնալու համար նոր պահանջներով, եւ արդեն ակնհայտ է, որ այժմյան ՍԴ անդամները կամ Վճռաբեկ դատարանի դատավորներից շատերը նոր մարմնում չեն լինի, ինչն արդեն դժգոհությունների պատճառ է հանդիսացել: Վերջիններս հատկապես մտահոգված են, որ այդ դեպքում իրենք պետք է վեթթինգի ենթարկվեն: Եվ ուշագրավ է նաեւ, որ դատավորները սկսել են բարեկամներ փնտրել իշխանությունների ներսում, որպեսզի կարողանան ապահովագրել իրենց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններո՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու, կարելի է ասել, անդրադարձել է բոլոր այն «թոփ» թեմաներին, որոնք այս օրերին քննարկվում են: Մենք տեղեկացանք, որ վարչապետը խոսել է նաեւ Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի միավորման հարցի մասին, կրթության չափորոշիչների, Ամուլսարի հանքի շահագործման մասին, ինչպես նաեւ անդրադարձել է անգամ Բելառուսում վերջին օրերին տեղի ունեցող թեժ ցույցերին եւ տիրող իրավիճակին: Փաշինյանն ասել է, որ պետք է իրենք իրենց թիմով քննարկումներ ունենան՝ բոլոր հարցերի հետ կապված: Իսկ, ահա, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հիմնականում լսողի դերում են եղել, ընթացքում նաեւ հարցեր են հնչել, որոնց Փաշինյանը պատասխանել է ընդհանուր: Նշենք, որ հանդիպումը տեւել է երկու ժամ, որից հետո Փաշինյանը դուրս է եկել ու հեռացել՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պարետատունը մանրամասն հաշվետվություն է ուզել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` պարզելու համար, թե վերջինս ինչպես է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարները, ինչ է արել, եւ ինչ աշխատանքներ են կատարվել: Ընդ որում, պարետատան պահանջած հաշվետվության մեջ պահանջվել է ամեն ինչ մանրամասն նկարագրել, քանի որ արդյունավետության մասով կասկածներ կան։ «ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հուլիսի 11-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությոոնը կարծես թե թաքցնում է, թե որքան գումար է ծախսվել մեկուսացված քաղաքացիներից յուրաքանչյուրի վրա, որ հյուրանոցը որքան գումար է ստացել եւ այլն։ Նրանք, մեր հարցման ի պատասխան, միայն նշել էին, որ հունիսի 1-ի դրությամբ ծախսերը կազմել են 687 մլն 518 հազար դրամ, իսկ մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական վարձատրությունը կազմել է 150-ից 300 հազար դրամ, բայց ոչ մի մանրամասն։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի տնտեսության մեջ ճգնաժամային դրսեւորումներ են առկա: Եվ, ահա, համաձայն 2020 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1% աճի դիմաց: Ընդ որում, այդ անկումը պայմանավորված է եղել շինարարության ծավալների անկմամբ՝ 1.5 տոկոս, ծառայությունների անկմամբ՝ 1.4 տոկոս, առեւտրի ծավալների նվազմամբ՝ 1.4 տոկոս, եւ արդյունաբերության անկմամբ 0.3 տոկոսային կետով: Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այն հակազդել է տնտեսական անկմանը 0.1 տոկոսային կետով: 2020 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության մակարդակի անկում 4.7%-ով: Համեմատության համար նշենք, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել էր աճ 6.6%-ով: Առաջին կիսամյակի բացասական ՏԱՑ-ը պայմանավորված է առեւտրի, ծառայությունների եւ շինարարության ոլորտների անկմամբ։