Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ քննարկումները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում այնքան էլ հարթ չեն անցել: Ինչպես հայտնի է, օգոստոսի 22-ին հանձնաժողովը հավանություն է տվել Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների միավորմանը, ինչպես նաեւ նոր փոփոխությամբ ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։ Այսպիսով, այս որոշումներին հանձնաժողովի 15 անդամներից կողմ է եղել միայն 8-ը, եւ նկատենք՝ մինչեւ այժմ հանձնաժողովում կարծիքների այդպիսի բախում չէր եղել:
Armlur.am-ը տեղեկացավ, որ իսկապես քննարկումը բավականին լարված եւ հետաքրքիր է անցել, որին էլ, նկատենք, նախորդել էին նույն թեմայով քննարկումներ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում: Սակայն ամեն ինչի մասին սկզբից. նախ՝ նկատենք, որ դատական ատյանները միավորելու տարբերակի հայեցակարգն ի սկզբանե մշակվել է իրավաբան-գիտնական Արմեն Մազմանյանի կողմից, որն էլ այդ նիստում հիմնական զեկուցողն է եղել՝ փորձելով «համոզել» ներկաներին, որ դա է լավագույն մոդելը, սակայն հզոր հակափաստարկներ են հնչել: Նախ՝ նշենք, որ, ArmLur.am-ի տեղեկություններով, այս մոդելին դեմ քվեարկած հանձնաժողովի 7 անդամներն են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնական Արթուր Ղամբարյանն ու Տիգրան Մարկոսյանը:
Եվ նկատենք՝ եթե բոլորը բանավոր են իրենց առարկությունները ներկայացրել եւ ընդհանուր մոտեցում ցուցաբերել, ապա, մեր տեղեկություններով, այս թեմային դեմ բավական ակտիվ է խոսել ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, որը նախապես նաեւ գրավոր առաջարկներ էր ներկայացրել եւ հիմնավորել, թե ինչով է անարդյունավետ լինելու այս հանգամանքը: Մեր տեղեկություններով՝ Վիգեն Քոչարյանը հատկապես մտահոգություն է ունեցել յուրաքանչյուր դատարանին իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելու վերաբերյալ: Նա քննարկման ժամանակ կարծիք է արտահայտել, թե Հայաստանում չկան այնքան կրթված եւ գիտակ դատավորներ, որ կարող են այդպիսի որոշումներ կայացնել:
Հետաքրքիր է, որ, փաստորեն, այս մոդելի վերաբերյալ կարծիքները կիսվել են նաեւ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներսում, եւ եթե, օրինակ, հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը կողմ է քվեարկել որոշմանը, ապա Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ ոչ: Ավելին, մեր տեղեկություններով՝ Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին եւ ներկաներին եւս փորձել համոզել, որ պետք չէ հավանության տալ այդ տարբերակին: Եվ, ահա, այժմ կարծիքների բախում է նաեւ իշխող ուժի ներսում, եւ այնտեղ եւս շատերը դեմ են բարձրագույն ատյանների միավորման տարբերակին:
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված է 16 անդամից: Ընդգրկված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեկական ներկայացուցիչ՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերից, եւ երկուսը՝ իշխանական խմբակցությունից, եւս մեկ ներկայացուցիչ էլ ունի դատավորների ընդհանուր ժողովը: Հանձնաժողովի կազմում են նաեւ 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ: Մինչ այժմ հանձնաժողովը հստակ համաձայնություն է տվել երեք հարցի՝ կառավարման համակարգը մնում է նույնը, վերացվում է կայուն մեծամասնության սկզբունքը, եւ երրորդ հարցն էլ դատական ատյանների միավորումն է: Նկատենք, որ մյուս հարցերը գրեթե միաձայն էին ընդունվել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԵՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԱՐՑԱԽ
Ոչ մի տրամաբանություն չկա Արցախ այցելելու համար ՀՀ քաղաքացիների կողմից թեստ հանձնելու պարտադիր պահանջի մեջ. այս մասին նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Բազմաթիվ քաղաքացիներ ընտանիքներով ցանկանում են մեկնել ԱՀ՝ այնտեղ անցկացնելու ամառային հանգիստը, սակայն, խուսափելով հատկապես երեխաների համար նոր կորոնավիրուսի թեստ հանձնելու անհարմարություններից, ունենալով մեծ ցանկություն, չեն այցելում Արցախ։ Արդյունքում Արցախի զբոսաշրջության ոլորտը զրկվում է բավականին խոշոր ֆինանսական մուտքերից, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում ԱՀ ընդհանուր տնտեսական վիճակի վրա։ Խոսքն ամենեւին զինծառայողներին այցելելու մասին չէ. տեսակցությունների արգելքն ուժի մեջ է: Ըստ այդմ, առաջարկում եմ ՀՀ քաղաքացիների մասով Արցախ գնալու համար COVID-19-ի թեստ հանձնելու պարտադիր պահանջը չեղարկել»,- գրել է նա։
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Նա պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն, որպես ոչ նյութական վնասի հատուցում, 2 մլն դրամ բռնագանձել: Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին: Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի խոսքով՝ հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով գտնվում էր հիվանդանոցում եւ չէր կարող ներկայանալ «Մարտի 1»-ի գործով նիստին, դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում, առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու, հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
1 ԴԵՊՔ
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր եւ գտնվում էր մեկուսացման մեջ։ Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9128 փորձանմուշի հետազոտություն:
ՊԱՊԻԿԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Թոռնիկներին ծեծի ենթարկած 58-ամյա Սամվել Հակոբջանյանը կալանավորվեց: ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սամվել Հակոբջանյանին նրա դստեր երեխաներին ծեծի ենթարկելու եւ մկնդեղ տալու համար:
Գրել էինք, որ 6-ամյա երեխային ծեծի ենթարկած պապը՝ Սամվել Հակոբջանյանը, իրավապահներին բացատրել է, թե ինչու է ծեծել երեխաներին: Վերջինս իր ցուցմունքում ասել է, որ երեխաները առանց իրեն զգուշացնելու ձմերուկը կերել են, ավելի ուշ չոփով խաղացել են իր ականջների հետ, պարբերաբար հարվածել են իր ձեռնափայտին, ինչից զայրացած էլ ինքը սկսել է ծեծել երեխաներին: Այս ցուցմունքից հետո իրավապահները միջնորդելու են՝ պապիկին՝ Ս. Հակոբջանյանին, դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Դեպքից 1 օր անց հիվանդանոց տեղափոխվեց 5 երեխա։ Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, եւ 2-ամյա Նիկ Ա.-ն:
Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա եւ 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 58-ամյա Սամվել Հակոբջանյանի թոռներն են։ Ավելին, հայտնի դարձավ, որ, բացի 5 երեխաներից, հիվանդանոց է տեղափոխվել նաեւ երեխաների մայրը՝ Անուշ Բադալյանը: Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է միայն պապիկին կալանավորելու որոշումը, իսկ 5 երեխաների մայրիկին չեն կալանավորել, քանի որ, տեղեկությունների համաձայն, վերջինս կրկին հղի է:
ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշումը ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ մաքսային գործառնություններ կատարելու համար: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային մարմինների կողմից այսուհետ ուժեղացված հսկողություն է իրականացվում միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերոնշյալ որոշմամբ հաստատված ցանկի ապրանքների արտահանման նկատմամբ: