ԱՌԱՋԻՆ ՀԱՅՑԸ՝ ԲՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հարցով առաջին դատական հայցը ներկայացվեց ՀՀ վարչական դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ոստիկանության Մալաթիայի բաժինը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը Համլետ Ղազարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության ենթարկել: Իսկ ո՞վ է Համլետ Ղազարյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Համլետ Ղազարյանը հունիսի 14-ին մասնակցել է Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց իրականացված բողոքի ակցիայի, որը իրականացվում էր՝ ի պաշտպանություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Նշենք որ գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին: Իսկ թե ինչ որոշում կկայացվի, սպասենք զարգացումներին:

 

Նկատենք, որ սա առաջին դատական հայցն է, եւ այս գործընթացին զուգահեռ նաեւ ՀՀ քննչական կոմիտեն է ակտիվ քննություն իրականացնում վերոնշյալ իրադարձությունների մասով: Ինչպես հայտնի է, այդ օրը ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ-ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ եւ վարչական պատասխանատվության ենթարկել: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը եւ անցկացնելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրել մոտ 100 անձի, որոնց մեջ են եղել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը, «Առինջ մոլի» փոխտնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը, ԲՀԿ երիտասարդական միության նախագահ Աշոտ Անդրեասյանը եւ միության մի խումբ երիտասարդներ: Սակայն արձանագրենք, որ շուրջ 2 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում տարվող քննության արդյունքներով դեռես չկա մեղադրյալ կամ կասկածյալ, իսկ թե հետագայում ով կհայտնվի թիրախում, սպասենք զարգացումներին: Ու մինչ իրավապահները քննություն են իրականացնում, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դիմում է ներկայացվել ոստիկանության Մալաթիայի բաժնից, որպեսզի հունիսի 14-ին ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացրած Համլետ Ղազարյանին ենթարկեն պատասխանատվության:

Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան էր ներկայացրել ԱԱԾ-ն հունիսի 16-ի երեկոյան։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողներին կաշառք տալ, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտել կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել)։ Կալանավորման միջնորդությունը հնարավոր դարձավ միայն խորհրդարանում Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո:

Խորհրդարանը գաղտնի քվեարկություններով համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին` թե՛ նրան ազատությունից զրկելուն, թե՛ մեղադրանք առաջադրելուն վերաբերող։ Երկու դեպքում էլ քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ էին քվեարկել: Քվեարկության մասնակցեցին միայն «Իմ քայլի» պատգամավորները:

Չմասնակցելու որոշում կայացրեցին ինչպես Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն, այնպես էլ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։ Այս որոշումներից հետո պարզ դարձավ, որ եթե ընդամենը 34 պատգամավոր կողմ քվեարկեր, խորհրդարանն իր համաձայնությունը տված կլիներ:

«ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ պատգամավորի անձեռնմխելությանը վերաբերող որոշումը ընդունվում է ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իշխող «Իմ քայլը» 88 պատգամավոր ունի: Անհրաժեշտ էր, որ մասնակցեին 67-ը, կողմ քվեարկեին նրանց կեսից ավելին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱն

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԷՐ ՏՊԱԳՐՈՒՄ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որ վերջին շրջանում բնակվում է Մոսկվայում, պարզվում է` գիտական լուրջ հաջողություններ է գրանցել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը  տեղեկացավ, որ Կոստանյանը միայն վերջին 2 տարում իր գիտական գործունեության արդունքում հրապարակել է 3 մենագրություն, 2 դասագիրք եւ 25-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս մի շարք հեղինակավոր ամսագրերում (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիա եւ այլն) հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Նկատենք, որ իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Կոստանյանն իր գիտական հոդվածներում եւ հարցազրույցներում բարձրաձայնում է մեր հասարակությունում, ինչպես նաեւ հետխորհրդային երկրներում եւ իրավագիտության ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները` համեմատական վերլուծություն իրականացնելով ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների եւ արտահայտած դիրքորոշումների հետ: Հասարակության լայն շրջանակներին

անհայտ էր նաեւ Կոստանյանի ներդրումը մանկավարժական գործունեությունում: Կոստանյանը շուրջ 12 տարի դասավանդել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական, եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ՀՀ ոստիկանության ակադեմիայում, իսկ այս պահին դասավանդում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կրթական հաստատություններում:

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ԱՐՄԱՎԻՐ» ԲԱՆՏՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ եւ 6-րդ խցերում: Մասնավորապես, այդ խցերում պահվել են քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Սմբատ Ավսդալյանը եւ հայտնի Անդուլիկը: Վերջիններիս խցերի խուզարկությունները կապված են «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի՝ գող Ալոյի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: Ինչպես հայտնի է,  իրավապահ մարմինները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են «օրենքով գողի»: Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին: Վերջինս «օրենքով գողի» հանձնարարությունը փոխանցել է քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ այսպես կոչված, «զոն նայողին», ով իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների ներգրավմամբ ստանձնել է վեճի լուծման վերաբերյալ «օրենքով գողի» հանձնարարության կատարումը՝ ձեռնարկելով դրան ուղղված կոնկրետ գործողություններ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ եւ համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների եւ դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Եվ այսպես, սույն դեպքից մեզ աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող մի դատապարտյալ մեկ քաղաքացու պարտք է եղել կոնկրետ գումար: Մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինս երկար ժամանակ դատապարտյալից չի կարողացել հետ ստանալ իր պարտքը եւ դիմել է օրենքով գող Ալեքսանդր Մակարյանին՝ գող Ալոյին, եւ Տիզ մականվամբ Երեւանի ավագանու ՀՀԿ  խմբակցության անդամ Արթուր Սեդրակյանին: Վերջիններս քաղաքացուն վստահեցրել են, որ կդիմեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի «զոն նայողներ», 3-րդ կորպուսում գտնվող Սմբատին եւ 6-րդ կորպուսում գտնվող Անդուլին, որ վերջիննես կարողանան այնպես անել, որ դատապարտյալն իրենց դիմած քաղաքացու գումարը հետ վերադարձնի: Եվ, ահա, այս քրեական գործի շրջանակներում խուզարկել են նրանց խցերը: Ի դեպ, նշենք, որ «օրենքով գողն» ու քրեական հեղինակությունը այժմ գտնվում են ազատության մեջ, դատարանը մերժեց քննիչների միջնորդությունը՝ նրանց կալնավորելու վերաբերյալ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս