«ԾՆՈՂՆԵՐՍ ԴԵՄ ԷԻՆ». ԻՐԻՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ՝ ԻՐ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էլենի օրագիրը», «Երանի» հեռուստասերիալներից եւ մի շարք տեսահոլովակներից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Իրինա Այվազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է մասնագիտական բարդ ընտրության մասին, ինչպես նաեւ անդրադարձել է իր եւ երգիչ Գեւրոգ Մկրտչյանի սիրավեպին:

 

-Իրինա՛, Դուք հեռուստադիտողին հայտնի դարձաք «Էլենի օրագիրը», «Երանի» հեռուստասերիալներից, թեեւ իրական մասնագիտությամբ լեզվաբան եք: Ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստանախագծերում:

-Անկեղծ ասած, ես մանկուց եմ երազել դերասանուհի դառնալու մասին, եւ երբ ընդունվեցի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, արդեն առաջին կուրսի կեսից հասկացա, որ սա իմ տեղը չէ, եւ ուզում եմ շարունակել ուսումս Թատերական ինսիտուտում: Սակայն ծնողներս դեմ էին իմ այդ որոշմանը եւ չէին ուզում, որ իմ հիմնական աշխատանքն ու կրթությունը լինի դերասանի մասնագիտությունը, բայց ես չկոտրվեցի, ամեն բան արեցի, որպեսզի շարունակեմ իմ սիրած մասնագիտությամբ կրթութուն ստանալ՝ անկախ ծնողներիս կամքից: Ես գիտեի, որ եթե անգամ ավարտեմ էլ համալսարանը, մեկ է, լեզբավանությամբ չեմ զբաղվելու, քանի որ այդ մասնագիտությունն ինձ համար ձանձրալի  եւ անհետաքրքիր աշխատանք է: Օրինակ` մայրիկիս երազանքն է, որ ես աշխատեմ ինչ-որ գրասենյակում, բայց դա իմը չէ: Համալսարանում սովորել եմ ընդամենը երկուսուկես տարի, մեկ տարի էլ տարկետում եմ վերցրել՝ փորձելով թատերական կրթություն ստանալ, ինչը չի ստացվել, ապա տեղափոխվել եմ Ռուսական տուրիզմի ակադեմիա: Ակադեմիան ավարտել եմ անցած տարի մայրիկիս ու հայրիկիս ցանկությունն իրագործելու համար: Իսկ այժմ ես գտել եմ իմ սիրած աշխատանքը, որով զբաղվում եմ եւ կարողանում եմ գումար վաստակել: Ես շարունակելու եմ միշտ էլ իմ սիրած մասնագիտությամբ գումար աշխատել, ու կարծում եմ՝ ուրիշ գործով երբեւէ ցանկություն չեմ ունենա աշխատել հետագայում:

-Իրինա՛, վերջին շրջանում Ձեզ էկրաններին չենք տեսնում: Ինչո՞վ է պայմանավորված այդ պասիվությունը, առաջարկներ չկա՞ն, թե՞…

-Այո, ճիշտ եք, բայց կարծում եմ՝ դա ավելի շատ այս համաճարակային իրավիճակով է պայմանավորված, որ նոր նախագծեր չեն սկսվում եւ առաջարկներ էլ լինում. հուսամ՝ դա է պատճառը:

-Դուք նկարահանվում եք նաեւ Ձեր զուգընկերոջ՝ երգիչ Գեւորգ Մկրտչյանի տեսահոլովակներում, բայց, կարծես թե, վերջին տեսահոլովակում գլխավոր հերոսուհու Ձեր կերպարը երկրորդ պլան էր մղվել…

-Ես ինքս եմ առաջարկել հերոսուհուն տեսահոլովակի համար, բացարձակ չեմ տխրել կամ նեղացել, թե ինչու ես չեմ, եւ հետո կարծում եմ, որ ես միշտ չեմ կարող նրա տեսահոլովակներում հանդես գալ գլխավոր հերոսուհու կերպարում:

-Իրինա՛, Դուք այն աստղային զույգերի թվում եք, ովքեր ունեն երկրպագուների մեծ բանակ: Չե՞ք մտածում հարաբերություններն օրինականացնելու մասին:

-Անկեղծ ասած, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, չգիտեմ, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, եւ դեռ այդ ուղղությամբ չենք էլ մտածում:

-Ի՞նչը կարող է Ձեր հարաբերությունների մեջ վեճի առիթ դառնալ:

-Ամեն փոքր բան կարող է մեզ մոտ վեճի առիթ դառնալ: Անկեղծ ասած, մենք շատ ենք վիճում, եւ դա կարող է լինել ինչ-որ մի անիմաստ թեմայի շուրջ, մի աննկատ մանրուք կարող է վեճի առիթ դառնալ մեզ մոտ:

-Եղե՞լ է դեպք, որ այնպես վիճեք, անգամ մտածեք հարաբերությունները խզելու մասին:

-Այո, եղել են դեպքեր, կարծում եմ՝ դրանք բոլոր զույգերի մոտ են լինում, բայց ժամանակի ընթացքում հարթվում գնում են: Իմ ու Գեւորգի խենթություններն ու գժությունները շատ-շատ են: Ես եւ Գեւորգն իրականում մտածելակերպով շատ ենք տարբերվում: Ես մտածում` ինչքան էլ որ հանրային դեմք կարող ես լինել, պետք չէ կախված լինել կողքի կարծիքներից: Պետք չէ ապրել հանրության համար, իսկ Գեւորգն այդպես չի մտածում ու շատ-շատ բաներ ինքն իր ցանկությամբ չի անում, որպեսզի հանրության աչքին վատ չերեւա:

-Ձեր զույգում ո՞վ է զանգակը, իսկ ով բամբակը:

-Չեմ կարող պատասխանել, ինձ թվում է՝ մեր երկուսի մեջ ե՛ւ կա զանգակ, ե՛ւ կա բամբակ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ՆՎԱՃՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի ազգային հավաքականի առաջատար Ռոբերտ Լեւանդովսկին յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել: 32-ամյա հարձակվողը 2019/20 մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցել է՝ Չեմպիոնների լիգա, Բունդեսլիգա եւ Գերմանիայի գավաթի խաղարկություն: Լեհ հարձակվողը 15 գոլ խփել է Չեմպիոնների լիգայում, 34 գոլ՝ Բունդեսլիգայում, եւ 6 գոլ՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բավարիան» 1:0 հաշվով հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ եւ ակումբի պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող:

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ՆՇԱՆՎԵ՞Լ Է

Կրիշտիանու Ռոնալդուի եւ Ջորջինա Ռոդրիգեսի երկրպագուների հետաքրքրությունը շարժել են նրանց Instagram-յան նոր հրապարակումները։ «Այո»,- լուսանկարը կարճ մեկնաբանել է Ջորջինան, որում պատկերված էր Կրիշտիանուի հետ։ Ռոնալդուն իր էջում նույն լուսանկարն է տեղադրել՝ այն ուղեկցելով հետեւյալ խոսքերով. «Իմ սեր»։ Բնականաբար, օգտատերերն առաջինը ենթադրել են, որ խոսքը նշանադրության մասին է։ Եվ նրանց կասկածներն ավելացել են Ռոդրիգեսի էջում երկրորդ լուսանկարի հայտնվելուց գետո, որում մոդելի ձախ ձեռքի մատնեմանտին կարելի է տեսնել խոշոր չափի մատանին։

Սիրահարներն առայժմ որոշել են չպատասխանել երկրպագուների բազմաթիվ հարցերին, որոնք մինչ այժմ հայտնվում են մեկնաբանություններում։ Սակայն ոչ միայն զույգի երկրպագուները, այլեւ շատ լրատվամիջոցներ վստահ են, որ Կրիշտիանուն առաջարկություն է արել Ջորջինային։ Ի դեպ, լրատվամիջոցներում նախկինում եւս լուրեր են հայտնվել զույգի նշանադրության ու նույնիսկ հարսանիքի մասին, սակայն նրանք երբեք չեն հաստատել այդ լուրերը։

 

 

ՉԻ ՓՈԽԻ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբային գրանցումը. հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան: «Պոգբան մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Կարծում եմ, որ ակումբը ցանկություն ունի նոր պայմանագիր առաջարկել Պոգբային: «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ նախագիծ ունի ապագայի համար, իսկ Պոգբան մտնում է այդ նախագծի մեջ: Նախորդ տարիներին եւս Պոգբան մոտ չի եղել թիմից հեռանալուն»,-ասել է  Ռայոլան:

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»: 27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ. հունիս:

 




Լրահոս