Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Մայրաքաղաքի կենտրոնի բնակիչները շատ մեծահոգի վերաբերմունք են ցուցաբերում թռչունների հանդեպ։ Միայն թե լավ կլինի, որ ավելորդ աղբը չմնա փողոցի հենց կենտրոնում:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է որոշվում բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքի դատական կարգով դադարեցման դեպքում սեփականատիրոջ կողմից վճարվող փոխհատուցման չափը:
Ստեփան Ռամազյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւյալ կերպ՝ յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից, եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) uեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 272-րդ հոդված):
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Մեքենան բակում կանգնած վիճակում վնասել են: Վնասող կողմը անհայտ է: Խնդրում եմ ասել՝ որտեղից կարող եմ ստանալ ապահովագրական փոխհատուցում: Այս դեպքում արյդոք ԱՊՊԱ-ն ինձ որեւէ փոխհատուցում կտրամադրի՞:
Դավիթ Հունանյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում եթե վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է, ապա Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հատուցման ենթակա են միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները: Այս պարագայում գույքային վնասը չի փոխհատուցվում: Իսկ այն դեպքում, երբ կնքված է մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագիր, ապա հատուցման պահանջով հաճախորդը կարող է դիմել համապատասխան ապահովագրական ընկերությանը:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կնքված ապահովագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրողը պարտավորվում է ապահովագրավճարի դիմաց վճարել ապահովագրական հատուցում, եթե տեղի է ունենում պայմանագրով սահմանված իրադարձությունը: Եթե ապահովագրական ընկերության եւ հաճախորդի միջեւ կնքված պայմանագրով առեւանգումը նախատեսված է ապահովագրման ենթակա ռիսկերի շարքում, ապա առեւանգման փաստը արձանագրված լինելու ուժով ապահովագրական ընկերությունը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում: Նշենք, որ ընկերությունը պարտավոր կլինի միայն այն դեպքում, երբ նման ձեւակերպում լինի պայմանագրում, հակառակ դեպքում կարող է նաեւ չտրամադրել։