Սեպտեմբերի 8-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու հերթական նիստը, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի ավագանին պետք է ընտրի Երեւանի քաղաքապետի տեղակալ եւ հենց այս հարցի քննարկումը խոստանում է հետաքրքիր լինել: Նախ հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը համաձայնությամբ դադարեցրեց իր աշխատանքը քաղաքային իշխանությունում եւ ընդ որում նման ցանկության առկայության մասին հայտնել էր դեռ փետրվարին, սակայն հետո քաղաքապետ Հայկ Մարությանի հետ համաձայնություն էր ձեռք բերել կորոնավիրուսային այս իրավիճակում շարունակել մնալ եւ աշխատել: Եվ ահա, սեպեմբերի 8-ի ավագանու նիստում, ի վերջո, նրան փոխարինող կընտրեն:
Եվ նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական, 29-ամյա Սերգեյ Ներսիսյանի թեկնածությունը: Եվ մինչ նիստի օրն արդեն հայտնի է, որ Երեւանի ավագանու իշխող խմբակցության ներսում անհամաձայնություն է առկա այս թեկնածուի շուրջ, որին ընտրել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նշենք, որ Սերգեյ Ներսիսյանը մասնագիտությամբ ֆինանսիստ, եւ ղեկավարելու է քաղաքապետարանի ֆինանսական բլոկը, որով էլ առաջ զբաղվում էր Հայկ Սարգսյանը:
Սակայն, ինչպես նշեցինք, այդ օրը նիստն այնքան էլ հարթ չի ընթանա: Երեւանի ավագանու «Լույս » խմբակցության անդամ Անի Խաչատրյանն անգամ չի բացառում, որ քաղաքապետի թեկնածուն կարող է չընտրվել՝ հաշվի առնելով, որ իմքայլականներն ամենամեծ խմբակցությունն են ներկայացնում եւ հենց նրանից է մեծամասամբ կախված քվեարկությունը: Եվ չնայած ընդդիմադիր խմբակցությունը դեռ չի քննարկել թեկնածուի հարցը, սակայն Անի Խաչատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե կոնկրետ ինքը կողմ է քվեարկելու Սերգեյ Ներսիսյանի թեկնածությանը:
«Այս պահին դեռ քննարկում չի եղել, բայց մենք թեկնածուներին կողմ ենք քվեարկում, քանի որ աշխատանքով պետք է դատենք նրանց աշխատանքը: Իհարկե, թեկնածուի կենսագրությունն այնպես չի, որ ոգոևորող է, եւ չնայած դեռ քննարկում չենք ունեցել, բայց ես կողմ եմ քվեարկելու, կարծում եմ մյուս անդամները եւս»,- նշեց Խաչատրյանը:
Խաչատրյանը եւս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իշխող խմբակցության ներսում է առկա տարաձայնություն եւ հենց նրանցից է լինելու քվեարկության ընդհանուր պատկերը: «Վերջին շրջանում տեսնում ենք տարաձայնություններ խմբակցության ներսում, վերջին վառ օրինակը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ներկայացրած նախագծի քննարկումն էր եւ սա այն դեպքում, երբ Սասուն Միքայելյանը ոչ վերջին անդամն է կուսակցության ներսում, սակայն տեսանք, թե այդ նախագծին ինչպես վերաբերվեցին: Ներսիսյանի համար ավելի բարդ է լինելու ընտրվելու պարագայում», – հավելեց Խաչատրյանը:
Վերջինս ավագանու անդամների այդպիսի դիրքորոշումը բացատրում է այն հանգամանքով, որ վերջիններս մոռացել են, որ քաղաքապետի թեկնածու առաջադրելը հենց քաղաքապետի լիազորությունն է, եւ ավագանին ոչ թե պետք է որոշի, թե ով է թեկնածուն, այլ ընտրի կամ ոչ:
ArmLur.am-ը փորձեց նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից պարզել, թե նրանք ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշեց. «Դեռ այդ հարցը չենք քննարկել, քանի որ միայն երեկ է եկել նախագիծը: Հետո նաեւ չի եղել հանձնաժողովների նիստ եւ մեր խմբակցությունը հաջորդ շաբաթ նիստ կանի, որտեղ կքննարկվեն գալիք ավագանու նիստի օրակարգային հարցերը: Դրանից հետո արդեն խմբակցությունն իր դիրքորոշումը կհայտնի»:
Հավելենք, որ սեպտեմբերի 8-ին մեկնարկող Երեւանի ավագանու նիստում ի թիվս այս հարցի, կան նաեւ օրակարգային այլ հարցեր: Օրինակ, օրակարգում ընդգրկված է փողոցի անվանափոխության, մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրում, ինչպես նաեւ քննարկվի Երեւանի ավագանու կանոնակարգի մի քանի դրույթների փոփոխության հարցը:
Ն.Հ.