Լոռու մարզի Շնող գյուղում արդեն մի քանի ամիս էներգախնայող համակարգ է գործում: Մինչ այդ, գյուղի մի հատված լուսավորված էր ծախսատար և ոչ դիմացկուն՝ արագ շարքից դուրս եկող լապտերներով: Այդ չարդարացված ծախսերը կրճատելու և լուսավորության խնդիրը լուծելու հարցում, համայնքին աջակցել են գյուղական վայրերում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Նոր տեխնոլոգիաներով աշխատող՝ LED լուսատուներն արդեն ապահովում են ցանկալի արդյունք. ամսվա կտրվածքով՝ համայնքի ծախսերը կրճատվել են:
«Մինչև համակարգի ներդրումը կատարել ենք հաշվարկներ: Ամսվա կտրվածքով, փողոցների լուսավորության համար ծախսվել է 80-85 հազար դրամ: Դա միայն ծախսած էներգիայի համար վճարվող գումարի չափն է: Եթե հաշվի առնենք նաև հին լուսամփոփների հետ կապված խնդիրները՝ ժամանակից շուտ շարքից դուրս գալն ու հավելյալ ծախսերը, ապա ավելի պարզ պատկեր կստացվի: Այժմ այդ խնդիրներն այլևս չկան: Նոր համակարգի շահագործման արդյունավետությունն ակնհայտ է: Այժմ, նույն նպատակի և տարածքի համար, ամսական ծախսը կազմում է առավելագույնը 51 հազար դրամ: Ամսվա ընթացքում տնտեսվում է 30-35 հազար դրամ»,-ասել է Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Նախատեսված ծրագրով, Շնողում պետք է լուսավորվեր շուրջ 1,4 կմ երկարությամբ հատված: Ներդրումներ կատարելու՝ համայնքի պատրաստակամության շնորհիվ, այդ ցուցանիշն այժմ այլ է: Լուսավորվել է կենտրոնական ամբողջ փողոցը, որը կազմում է 1,7 կմ: Տեղադրվել է էներգախնայող 47 LED լուսարձակ: Նոր համակարգն արդեն գործարկվել է, իսկ պաշտոնական բացմանը փոխարինել է տեսազանգով «մասնակցելու» ձևաչափը:
«Այս էներգախնայող համակարգի արդյունավետությունը երկարաժամկետ է լինելու: Դա ամենակարևոր ձեռքբերումներից է: Մենք դրական արձագանք ենք ստացել այն գյուղերից, որտեղ իրականացրել ենք ծրագիրը: Դուք ևս, ժամանակի ընթացքում, կզգաք նոր տեխնոլոգիաների առավելությունը. կխնայվեն միջոցներ: Եթե համայնքներին հաջողվի խնայված միջոցներն ուղղել մյուս խնդիրների լուծմանը՝ աստիճանաբար հնարավոր կլինի դրական փոփոխություն արձանագրել տարբեր հատվածներում: Դա ծախսերի արդյունավետ կառավարման կարևոր բաղադրիչ է»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ժամանակի պահանջից ելնելով, մենք փոխել ենք ծրագրի ավարտը ներկայացնելու ձևաչափը, սակայն նպատակը՝ Էկոգյուղերի ցանցի ստեղծումն ու զարգացումը, մնացել է նույնը: Այս համայնքը շուրջ 30%-ով մասնակցել է ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ ավելի մեծ տարածք է ներգրավվել իրականացվող նախագծում: Դա ևս կարևոր ձեռքբերում է»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են: Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար, շատ բնակավայրերում աշխատանքները համակարգվում են տարիների կտրվածքով: