Չորս մուտքերի բնակիչները վերադարձել են. Ֆելիքս Ցոլակյանը՝ մասնակի փլված շենքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան փրկարարները կրկին վերականգնել էին աշխատանքները Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ շենքի պայթյունի տարածքում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ArmLur.am-ին հայտնեց, որ այժմ տարածքում մաքուր է, աշխատանքներն ավարտվել են, եւ փլատակներ չկան:

Ավելին, նախարարը մեզ հայտնեց, որ արդեն երեկ՝ ուշ երեկոյան շենքի  առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ մուտքերի բնակիչները վերադարձել են իրենց բնակարաններ եւ միայն այդ փլված մուտքի բնակիչների համար է ժամանակավոր կեցավայր տրամադրվել:

Աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը տեղում իրականացնում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ երեկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։  Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։ Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։




Լրահոս