ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է հանդիպումներն առարկայական չափորոշիչները մշակող աշխատանքային խմբերի հետ: Այսօր հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշիչները:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հասարակագիտական ուսումնական բնագավառի առարկայաշարի ծրագրերն ու չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի անդամները, ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի փորձագետները։
Քննարկումը բաժանված էր երկու հատվածի՝ տեխնիկական-կազմակերպչական և բովանդակային-կոնցեպտուալ: Առաջին հատվածում հնչել են հարցեր՝ կապված մասնագիտական թիմի անդամների ընտրության, մրցույթի կազմակերպման, մրցույթին մասնակցելու համար պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ: Երկրորդ հատվածում քննարկումը բովանդակային էր:
Հիմք ընդունելով Հանրակրթության պետական չափորոշչի հայագիտական մի շարք առարկաների, այդ թվում՝ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ծրագրերի, դրանց բովանդակության, կառուցվածքի շուրջ ձևավորված մասնագիտական և ակադեմիական համայնքի, ինչպես նաև հանրության տրամադրությունները, հանդիպումն ընթացել է հետևյալ թեմաների և հարցադրումների համատեսքտում.
Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի անհրաժեշտությունը: Ինչ հետազոտության կամ վիճակագրության է հղում արվել:
Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի առանցքային շեշտադրումները, դրանց կենսունակությունն ու չափելիությունը կրթական գործընթացում: Վերջարդյունքները: Գործող և նոր չափորոշիչների համեմատություն:
Առարկայական ծրագրային փոփոխությունների հիմնավոր փաստարկները, նոր փաստաթղթով հայագիտական և հասարակական ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները:
Հանրակրթական պետական չափորոշչով նախատեսվող հասարակագիտական ուսումնական բնագավառում նոր առարկաների ավելացումն ու դրանց ծրագրային-բովանդակային թեմաները, միջառարկայական կապերը: Համեմատություն գործող և ներկա առարկայական ծրագրերի միջև:
Միջնակարգ կրթության երրորդ մակարդակում (ավագ դպրոցում) «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչների կազմման սկզբունքները, դասավանդման նոր ձևաչափն ու նոր մեթոդիկան. կրթության կամակերպման նոր մոդելի առավելություններն ու թերությունները, ակնկալվող արդյունքները:
Միջնակարգ կրթության երրորդ մակարդակում ներդրվող կրեդիտային համակարգը, նախագծային ուսուցման մեթոդը և ուսուցչի մասնագիտական-մանկավարժական ազատությունը՝ դպրոցից բուհ սահուն անցման նախապայման և գրավական:
Առարկայական չափորոշիչներում առկա և գրագողության մասին վկայող փաստեր. ով կամ ովքեր են պատասխանատու, և ինչ քայլեր են ձեռնարկվում:
«Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ճշգրիտ ժամանակագրության պահպանումը առարկայական ծրագրերում, համաժամանակյա ուսուցումը: Ծրագրային թեմաների տրամաբանական շարունակականությունն ու միջառարկայական կապերի առկայությունը:
Կրթության նորմատիվ ակտերի լրամշակման և առաջարկների ընդունման գործընթացում հանրակրթական ուսհաստատություններում դասավանդող ուսուցիչների մասնակցության աստիճանը, համագործակցությունը մասնագիտական խմբի հետ: Ուսուցիչը՝ որպես մասնագիտական աշխատանքային խմբի գործընկեր և ոչ ֆորմալ անդամ:
Լրամշակման և առաջարկների ընդունման գործընթացում համագործակցությունը ակադեմիական, դասախոսական համայնքի հետ, մասնակցության աստիճանը, համագործակցությունը մասնագիտական խմբի հետ: Ակադեմիական համայնքը՝ որպես մասնագիտական աշխատանքային խմբի խորհրդատու:
Քննարկվել են նաև այլ հարցեր, որոնք անմիջանակորեն կապված էին վերը նշված թեմաների հետ: Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առարկայական չափորոշիչների վերջնական լրամշակման փուլում ևս մեկ հանդիպում ունենալ: Մասնագիտական խմբին փոխանցվել է նաև մասնակից պատգամավորների առաջարկներն ու դիտողությունները: