Հայտնի է գողություն կատարողի դեմքը, ձեռագիրը. Աշոտ Բլեյանը` կրթահամալիրի թալանի եւ պատճառված վնասի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին, ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Րաֆֆու փողոցի 57 հասցեում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանը եւ այնտեղից կատարել գողություն։ Այս մասին Ոստիկանություն է հայտնել կրթահամալիրի փոխտնօրենը:

Դեպքի առավել մանրամասների հետքերով` ArmLur.am-ը զրուցել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, ում ենթադրությամբ այս դեպքը կապված է վերջին շրջանում կրթահամալիրի շուրջ տեղի ունեցեղ իրադարձությունների հետ:

«Կարծում եմ`  մարդիկ, որ այսքան խոսեցին Բլեյանի դպրոցը փակում են, Բլեյանին հանում են, մտածեցին` արագ գնան, ինչ գույք կա տանեն: Դրա համար, ովքեր այդ աղմուկը բարձրացրեցին , պետք է այդ վնասը փոխհատուցեն: Նրանց պատճառած նյութական վնասը ոչ այնքան էական է, քանի որ այն, ինչ տարել են, արդեն  հնամաշ էր: Արդեն տասը տարի է օգտագործման ենթարկված իրեր են, պարզապես երկու նոթբուքում մանկավարժների հետազոտական հեղինակային աշխատանքներն են եղել, եւ վերականգնել են :Այստեղ  նյութական վնասն այդքան էական չէ»,-նշում նա:

Ըստ Բլեյանի`  նա վստահ է, որ շուտով կհայտնաբերեն հանցագործին, քանի որ տեսախցիկները ֆիքսել են վերջինիս. «Վստահ եմ՝ կգտնեն, քանի որ ամեն ինչ տեսագրված է, հայտնի է դեմքը,  ձեռագիրը, շարժ ու ձեւը հանցագործի, եւ հիմա էլ ոստիկանությունը կոնկրետ զբաղվում է: Ենթադրում ենք, որ մեկ հոգի է մտել, քանի որ պատկերների մեջ մեկ անձ է երեւում»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս