Թուրքիայում տևական հացադուլից հետո մահացել է իրավապաշտպան Էբրու Թիմթիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում տևական հացադուլից հետո մահացել է իրավապաշտպան Էբրու Թիմթիքը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նշենք, որ իրավապաշտպանը կալանավորվել էր 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի սպանությունից հետո և այնուհետև բանտարկվել էր 2019-ին: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայում ահաբեկչական համարվող ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ լինելու հատկանիշներով։

Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Թիմթիքը հացադուլն սկսել էր նշյալ կառույցի հրահանգով:

Իրավապաշտպանը դատապարտվել էր 13 տարի 6 ամիս ազատազրկման: Նա հացադուլը սկսել էր ազատազրկումից անմիջապես հետո և դրա 238-րդ օրը մահացել սրտային անբավարարության հետևանքով:

Հիշեցնենք, որ թուրքական ձախ արմատական խմբավորումը 2015թ. ապրիլի 1-ին պատանդ էր վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել:

Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցությունները դրական արդյունք չէին տվել. թուրքական իրավապահ մարմինները իրականացրել էին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվել էին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել:




Լրահոս