Ամփոփվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:
Մրցափուլի մասնակիցները, բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:

«Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում լավագույն արդյունք է գրանցել և հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Անհատական հաշվարկով նույնպես հայ զինծառայողները լավագույնն են տվյալ վարժաձևում` կանանց մրցապայքարում առաջին, տղամարդկանց մրցապայքարում` առաջին երեք մրցանակային տեղեր:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում» «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո մրցաձևի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը: Երկրորդ տեղում` Բելառուսի, երրորդ տեղում` Հայաստանի թիմերն են:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին` «Տեր և տիկին» մրցաձևում հաղթել է Հայաստանի թիմը: Առաջիկայում մասնակիցները մրցելու են ևս երեք` ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ», ռազմամարզական «Աթլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում:




Լրահոս