Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միացումից հետո գործառույթները չեն վերանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերագույն դատարանի ստեղծումը ենթադրում է երկու բարձրագույն դատական ատյանների միացում, սակայն, ըստ էության, որևէ գործառույթի վերացում չի նախատեսվում: Այսօր «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ընթացքում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանը վստահեցրեց, թե և Վճռաբեկ դատարանի, ևՍահմանադրական դատարանի գործառույթները  100 տոկոսով շարունակելու են իրականացնել:

Ինչպես հայտնի է, երկու դատական ատյանները միավորելու մասին որոշում մասնագիտական հանձնաժողովը կայացրեց օգոստոսի 22-ին, սակայն 15 անդամներից կողմ է եղել 8-ը, այսինքն քննարկումները բուռն են եղել եւ տեսակետներ են կիսվել այդ առումով: ArmLur.am-ը ոչ մեկ անգամ էր գրել, որ այս հարցում տարակարծություններ են առկա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջև: Վերջինս երկու ներկայացուցիչ ունի մասնագիտական հանձնաժողովում՝ Վահագն Հովակիմյանն ու Վլադիմիր Վարդանյանը եւ վերջինս դեմ էր քվեարկել այդ որոշմանը:

«Այս հայեցակարգի երկրորդ տարրը, որի մասին սակայն չի խոսվում, դա այն է, որ ենթադրվում է սահմանադրական արդարադատության ապակենտրոնացում։ Ներկայումս սահմանադրական արդարադատությունն իրականացնում է բացառապես Սահմանադրական դատարանը։ Մեր առաջարկությամբ այս ֆունկցիան կբաշխվի ողջ դատական համակարգում», – նշել էր Մազմանյանը, որը նկատենք, այս առաջարկության համահեղինակներից է եւ քննարկման ժամանակ եղել է հիմնական զեկուցողը:

Քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, թե  Վճռաբեկ դատարանը, ֆոռմալիստական նկատառումներից ելնելով, հենվելով կոնկրետ ընթացակարգային նորմերի վրա, հաճախ չի ընդունել վճռաբեկ բողոքներ, այնուհետև, այն նորմերը որոնց հիման վրա Վճռաբեկ դատարանը հրաժարվել է ընդունել բողոքներ՝ ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական։ «Միաժամանակ, իրական աշխարհում կան բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, որոնք կարող են չարաշահվել և օգտագործվել ի վնաս մարդու իրավունքների պաշտպանության։ Մեր խումբը իր առջև դրել է հետևյալ խնդիրը՝ նվազեցնել այն մեխանիզմները, որոնք կարող են օգտագործվել՝ ի չարաշահումն մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման», – նկատեցին քննարկման մասնակիցները:

Հավելենք, որ այստեղ խոսքը հայեցակարգի մասին, որը պետք է դրվի հանրային քննարկման եւ միայն վերջնաարդյունքում կարող է նախագիծն ամբողջությամբ ընդունվել:

Ն.Հ.




Լրահոս