Լիբանանի հայկական համայնքին է փոխանցվել Արցախից ուղարկված հերթական դրամական օգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը Բեյրութում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման գլխավոր նպատակն էր Արամ Առաջին Վեհափառի հովանու ներքո գործող՝ Լիբանանի հայկական համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախմբին փոխանցելու Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված 25 միլիոն ՀՀ դրամի չափով դրամական օգնությունը։

Նույն օրը Կարապետ Քաբաբջյանը Լիբանանի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ։ Հանդիպմանը Կարապետ Քաբաբջյանը նշել է, որ Արցախի համար դժվարին ժամանակներում Լիբանանի հայ համայնքը մշտապես սատար է կանգնել արցախահայությանը և այժմ Արցախն է օգնության ձեռք մեկնում լիբանանահայությանը՝ Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքների վերացմանն օժանդակելու համար։

Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների անունից շնորհակալական խոսք ասաց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահէ արքեպիսկոպոս Փանոսեանը՝ նշելով, որ Արցախի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունն ավելին է, քան պարզապես դրամական օգնություն. այն ուժ և կորով է ներշնչում լիբանանահայությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։




Լրահոս