Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը:
Ըստ այդմ, դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։
Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի:
Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր:
Խմբերի դասացուցակը կազմվում է իրար հաջորդող դասերի և ինքնուրույն աշխատանքի օրերի համար:
Ինքնուրույն աշխատանքի օրերին սովորողները ուսուցչի հանձնարարած աշխատանքը կատարում են տանը։
Ուշադրություն. Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։
Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում։ 37 և բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմում են բնակավայրի բուժհաստատություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին: Եթե տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, ապա բացառվում է երեխայի հաճախումը դպրոց:
Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:
Սովորողները դպրոց են գալիս ըստ ուսումնական հաստատության սահմանած ժամանակացույցի, սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ հոգի: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է։ Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:
Դասասենյակում սովորողները կրում են դիմակներ։
Սովորողները դասին մասնակցում են տեղից: Գրատախտակին մոտ կանչելն արգելվում է:
Ուշադրություն
Ծնողական ժողովները կազմակերպվում են հեռավար, անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։