«Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին»,- դեռեւս հունիսի 5-ին նման հայտարարություն էր արել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հավելել. «Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։ Իսկ պատերազմական իրավիճակն ինքնին ենթադրում է լրջություն, պատասխանատվություն եւ աչալրջություն: Եվ, ահա, այս իրավիճակում, երբ խոսք է գնում հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման մասին, ու անհրաժեշտ է կատարել ահռելի առողջապահական աշխատանք մեր երեխաներին կորոնավիրուսից փրկելու եւ երկրորդ ալիքին դիմագրավելու համար, պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է օգոստոսի 31-ից 18 օրով մեկնել արձակուրդ։ Երկրում, առողջապահական վիճակով պայմանավորված, արտակարգ դրություն է, սակայն նախարարը գնում է հանգստի, եւ ավելին՝ ապաակտիվացրել է նաեւ սոցիալական ցանցում իր էջերը, որոնց միջոցով հանրությանը պարբերաբար իրազեկումներ էր անում։
Ինչպե՞ս բացատրել ստեղծված իրավիճակը. կա՛մ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խուսափում է պատասխանատվությունից, ինչը պատերազմական իրավիճակում կոչվում է դասալքություն (դա նույնն է, ինչ ՊՆ Դավիթ Տոնոյանը պատերազմական իրավիճակում արձակուրդ մեկնի), կա՛մ վերջինս ստիպված է արձակուրդ գնացել՝ ինչ-ինչ պատճառներից դրդված: Կա նաեւ երրորդ տարբերակը, ըստ որի՝ Թորոսյանի համար միեւնույնն է ստեղծված իրավիճակը, եւ նա գնում է իր արձակուրդը վայելելու՝ անտեսելով վարակակիրներին, պոտենցիալ վարակակիրներին, այդպես խուսափելով պատասխանատվությունից։
Մինչդեռ նախարար Արսեն Թորոսյանը պարտավոր է հստակ բացատրել՝ ինչու է արձակուրդ գնում երկրի համար ծանր այս օրերին, ինչու է ապաակտիվացրել իր էջերը սոցցանցերում եւ հանրային հաշվետվություն չի տալիս իր քայլերի համար։ Նա պարտավոր է հանրային բացատրություն ներկայացնել. փախչելը հարցի լուծում չէ:
Նկատենք, որ այս ընթացքում նախարարի անհետանալու շուրջ տարբեր խոսակցություններ են պտտվում՝ ընդհուպ նրա հրաժարականի հավանականության շուրջ, բայց փաստ է, որ մենք ունենք ո՛չ հրաժարական, ո՛չ էլ պաշտոնանկություն, այլ պարզապես առողջապահության նախարարը լքել է մարտի դաշտը՝ դավաճանելով ազգին։
Թերեւս նա չի գիտակցում մարտի դաշտից փախչելու հետեւանքները, քանի որ չի ծառայել բանակում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի եւ Մարիա Կարապետյանի միջեւ իսկական պատերազմ է սկսվել: Բանն այն է, որ այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ կրթության ոլորտի չափորոշիչների հետ կապված, ու պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը շատ սուր ու կտրուկ է արտահայտվում դրանց դեմ, ինչը, կարծես թե, այդքան էլ դուր չի գալիս նույն խմբակցության պատգամավորներին: Եվ, ահա, հենց նույն թեմայի հետ կապված Մարիա Կարապետյանը շատ չոր ձեւով զրույց է ունենում Սոֆյա Հովսեփյանի հետ ու նույն բովանդակությամբ էլ պատասխան է ստանում: Ըստ մեր տեղեկությունների՝ իրավիճակն այս հարցի հետ կապված շատ լարված է, կարելի է ասել՝ պատգամավորները միմյանց դեմ պատերազմ են հայտարարել: Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի հանձնաժողով, որպեսզի Սոֆյա Հովսեփյանի վարքի հետ կապված հարցը իրենք քննեն ու լուծում տան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել իմքայլական պատգամավորներից, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:
Առանց արտակարգ դրության ռեժիմի երկարացման սահմանափակումները պահպանելու համար կատարված աշխատանքները մոտեցել են ավարտին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ օրենքների նախագծերի մշակման աշխատանքներն ավարտվել են եւ ուղարկվել վարչապետի աշխատակազմ։ Այլ մանրամասներ, սակայն, Լուսինե Մարտիրոսյանը չհայտնեց: Ինչպես հայտնի է, արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Առողջապահության նախարարությունը Արդարադատության նախարարության հետ միասին օրենսդրական նախաձեռնություն է մշակում, որ հնարավոր լինի սպտեմբերի 11-ին արտակարգ դրության ժամկետը եւս մեկ անգամ չերկարաձգել, սակայն սահմանափակումները պահպանել: Հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչ սեպտեմբերի 11, հետեւաբար մինչ այդ օրը պետք է կա՛մ այդ նախագծերն ընդունվեն, կա՛մ էլ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի: Սակայն օգոստոսի 12-ին՝ խորհրդարանում քննարկման ժամանակ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ, այսինքն՝ մինչեւ սեպտեմբեր նոր օրենքը պետք է ընդունված լինի:
Շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում լինելու է դատավորների եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների տարիքային եւ այլ ցենզերի՝ օրենսդրական մակարդակում սահմանման կարգի քննարկումը: Սակայն, մեր տեղեկություններով, այս պահին դեռեւս հստակություն առկա չէ, թե ինչ մոդել կքննարկվի, եւ ի վերջո տարիքային ինչ ցենզի վրա կանգ կառնի հանձնաժողովը: Նշենք, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները որոշել են յուրաքանչյուր շաբաթ օր հավաքվել եւ ոչ միայն հարցեր քննարկել, այլեւս որոշում կայացնել եւ դա ներառել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, ինչպես դա եղավ նախորդ շաբաթ: Բանն այն է, որ մինչեւ այժմ հանձնաժողովը միայն երեք որոշում է կայացրել՝ կառավարման համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում եւ Գերագույն դատարանի ստեղծում: Սակայն նկատենք, որ այս հանձնաժողովն աշխատում է փետրվարից, եւ որոշել են ավելի ակտիվ աշխատել եւ որոշումներ կայացնել, որպեսզի տեղավորվեն ժամկետներում: Նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի վերջին, որին հաջորդող քննարկումներից հետո՝ մինչեւ տարեվերջ, պատրաստ կլինի վերջնական հայեցակարգը: Իսկ նախագիծը հանրաքվեի դնել հնարավոր կլինի, ամենայն հավանականությամբ, 2021-ի ամռանը: