ՎԱՐՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին պատկանող ընկերության վարորդի մահվան գործով վճիռը հրապարակվեց:

 

Ի՞նչ է կատարվել ՄԱՊ-ի Ալիկին պատկանող ընկերությունում:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ոսկան Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «ՄԱՊ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ եւ միեւնույն ժամանակ տեխնիկական անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ, դրանք խախտելով, չի ձեռնարկել աշխատանքի պաշտպանության եւ տեխնիկայի անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ, որն անզգուշությամբ առաջացրել է ընկերության վարորդ Արտակ Սարգսյանի մահը: Այսպես, Ոսկան Սաֆարյանը՝ որպես տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձ, ունենալով պարտականություն անվտանգ ձեւով կազմակերպելու վարորդների աշխատանքը, չի կատարել իր պարտականությունները եւ թույլ է տվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսդրության 16-րդ հոդվածի 1-ին կետի եւ 20-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ կետի ա/ ենթակետի պահանջներին հակասող գործողություններ:

Իսկ ի՞նչ է արել կոնկրետ:

Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, ՄԱՊ ՓԲ ընկերության վարորդ Արտակ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, հրահանգել է գնալ Արմավիրի մարզի Այգեւան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ հասցեում գտնվող «Հոկտեմբերյանի գինու գործարան» ՓԲ ընկերության տարածք եւ այնտեղ կայանված  ընկերության հաշվեկշռում գտնվող «ԼԱԶ» մակնիշի, 496 UL 28 հաշվառման համարանիշի չգործող ավտոբուսի անվադողերը հանել, ինչը չի մտել Ա. Սարգսյանի գործառույթների մեջ: Արտակ Սարգսյանը, չլինելով տվյալ աշխատանքը կատարելու համար պատշաճ կերպով անվտանգության տեխնիկայի վերաբերյալ հրահանգավորված, առանց որեւէ տեխնիկայի կիրառման, խախտելով ՀՀ կառավարության 2007թ.-ի հունիսի 28-ի 955-Ն որոշման հավելված 2-ի «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկի» 9-րդ կետի բ. ենթակետի պահանջները, պահակ Գեւորգ Աբրահամյանի հետ կատարել է ավտոբուսի անվադողերը հանելու աշխատանքը՝ ավտոբուսը ամբարձիչով բարձրացնելով քարերի եւ փայտերի վրա, հակագլորման հենակներ չի տեղադրել, որի հետեւանքով ավտոբուսը սահել եւ ընկել է Արտակ Սարգսյանի վրա, եւ ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Այսինքն՝ Ոսկան Սաֆարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: Մեզ հայտնի դարձավ, որ Ոսկան Սաֆարյանը նախկինում դատապարտված չի եղել, եւ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Հավելենք, որ 2020 թվականի հունվարի 10-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, որոշում կայացրեց եւ 30 մլն դրամ գրավի դիմաց Ալեքսան Պետրոսյանին («ՄԱՊ» ՓԲ ընկերության սեփականատեր) ազատ արձակեց: Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Ըստ տեղեկությունների՝ քրեական գործն առնչվում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործին: Այսպիսով, դատարանը օգոստոսի 18-ին կայացրել է վճիռ եւ Ոսկան Սաֆարյանին ճանաչել  է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում եւ նրան դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Ոսկան Սաֆարյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չեն կիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Ոսկան Համլետի Սաֆարյանի վարքի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային մարմնի վրա` պարտավորեցնելով վերջինիս չլքել եւ չփոխել բնակության վայրը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռեւս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ՝ հանրապետության ուսումնական հաստատություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառման հնարավոր դեպքերը պարզելու ուղղությամբ, նմանատիպ դեպքերը հետայսու բացառելու նպատակով: Ձեռք են բերվել տվյալներ՝ մարզի տարածքում գործող հանրակրթական մի շարք դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին, մասնավորապես՝ պահակի, լաբորանտի, հավաքարարի, դռնապանի, նաեւ ուսուցչի եւ փոխտնօրենի հաստիքներին նշանակված անձանց կողմից 2007թ. մինչեւ 2019 թվականը՝ տարբեր ժամանակահատվածներում, տեւական ժամանակով /10 օրից մինչեւ մի քանի ամիս/ աշխատանքի չհաճախելու, ընդհուպ հանրապետությունց բացակայելու, սակայն աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պայմաններում նրանց անվամբ աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ:

 

 

ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶՎԵԼ ԵՆ

Քննությամբ պարզվել են 33-ամյա տղամարդու կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի հանգամանքները: Երեւանի 33-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, իրացնելու նպատակով Վրաստանի քաղաքացու կողմից ապօրինի ձեռք բերված, իսկ մի մասը՝ տնայնագործական եղանակով պատրաստված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 303,32 գրամ քաշով «Հաշիշ», 3,2827 գրամ քաշով «ՄԴՄԱ» եւ 123.41 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոցները 2016թ. հունիսի 29-ին Վրաստանի քաղաքացու կողմից վարձակալած բնակարանից ապօրինի փոխադրել եւ պահել է իր բնակարանում:

Բացի այդ, նույն օրը, Երեւանի Մանանդյան եւ Նիզամի փողոցների խաչմերուկում իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ընկնելով ոստիկանների շրջափակման մեջ, 33-ամյա տղամարդը, անտեսելով ոստիկանների օրինական պահանջը` կանգնել եւ չվարել, չի ենթարկվել եւ իր վարած ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է իր մեքենան շրջափակած, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի վարած «Վազ 21122» մակնիշի ավտոմեքենային: 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է: Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է  դատարան:

 

 

ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Սեփական որդու նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքը մտավ դատարան: Վալերիկ Սենեքերիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր սեռական կրքերին խաթարված ձեւով հագուրդ տալու մոլուցքով 2019 թվականի օգոստոս ամսին եւ 2020 թվականի մարտ ամսին, իր անչափահաս որդու՝ Հ. Սենեքերիմյանի կամքին հակառակ, նրա անօգնական վիճակն օգտագործելով, ինչպես նաեւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս նկատմամբ կատարել է համասեռական եւ սեքսուալ բնույթի այլ բռնի գործողություններ: Հայրը կալանավորված է, իսկ գործը մակագրվել է դատավոր Էդգար Կարապետյանին:

 

 

ՊԵԿԱՇԽԱՏԱԿԻՑԸ

Սեդրակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, իրենց տան բակում գործող ավտոլվացման կետի գործունեության օրինականությունն ստուգելու նպատակով ժամանած, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող օպերլիազորներ Դանիել Աթոյանից, Արմեն Ծատուրյանից եւ Կարեն Սարգսյանից տեղեկանալով, որ նրանք հանդիսանում են պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին՝ գործունեություն ծավալելու համար որպես տնտեսվարող հաշվառվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժնում: Դանիել Աթոյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ նրա նկատմամբ գործադրել է առողջության համար վտանգավոր բռնություն. ավտոլվացման կետի մոտից վերցնելով բահ՝ հարվածել է նրա աջ ձեռքին, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, աջ նախաբազկի փափուկ հյուսվածքների սալջարդի, ենթամաշկային արյունահավաքի, արյունազեղման եւ քերծվածքի տեսքով: Նույն օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում, բահով հարվածներ է հասցրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին պատկանող «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 35 CG 908 հաշվառման օպերատիվ համարանիշի ծառայողական ավտոմեքենայի տանիքին, առջեւի դիմապակուն եւ շարժիչի ծածկոցին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս