ԱԻՆ-Ի ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, եւ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում նոր փոփոխություն կարվի: Մասնավորապես, մասնավորեցման ենթակա ընկերություններին կավելանա նաեւ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:

 

Որպես հիմնավորում՝ կառավարությունը նշում է, որ այս փոփոխության  ընդունումը պայմանավորված է վարչապետի 2019 թվականի հանձնարարականի կատարման ապահովմամբ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդիսանում է ընկերության հիմնադիրը, եւ իրենք են առաջարկել մասնավորեցնել այդ ընկերությունը:

Կառավարության՝ 2005 թվականի հուլիսի 21-ի «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական եւ «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու եւ ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 1117-Ա որոշման 2-րդ կետի համաձայն՝ ընկերությունը ստեղծվել է «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական եւ «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների միաձուլման ձեւով վերակազմակերպման արդյունքում: Ընկերության ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում են՝ ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխարգելումից, շնչառության համար վնասակար միջավայրերում փրկարարական եւ տեխնիկական աշխատանքների կատարումից, պողպատյա ճոպանների փորձարկումից, թթվածնային եւ այլ գազերի բարձր ճնշման փոքրածավալ ու մեծածավալ բալոնների փորձարկումից, հանքահորերի օդափոխության համակարգի ուսումնասիրումից, հանքախորշերում փոշու եւ գազերի թույլատրելի պարունակությունների ուսումնասիրումից ու առաջարկությունների (եզրակացությունների) տրամադրումից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեությունից: Տվյալ դեպքում ընկերության մասնավորեցումից հետո օրենքով իրեն վերապահված բնագավառում սահմանված կարգով կարող են իրականացվել նաեւ ներկայումս ընկերությանը կանոնադրությամբ վերապահված գործառույթները:

Ընկերությունը գործում է առանց պետական պատվերի, ընկերության գործունեությունը պարտադիր լիցենզավորման ենթակա չէ, եւ մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) անձնակազմերը պարբերաբար անցնում են համապատասխան ուսուցում ու ստանում են փրկարարի որակավորում:

Ընկերությունն իր կանոնադրությամբ վերապահված գործառույթներով (պայմանագրային հիմունքներով լեռնափրկարար ծառայություն է մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ստորգետնյա հանքերում եւ շինություններում՝ իրականացնելով հանքի օդի բաղադրության մշտադիտարկում, հնարավոր փլուզումների եւ այլ վթարների կանխարգելմանն ուղղված  միջոցառումներ, իսկ վթարների դեպքում՝ փրկարարական աշխատանքներ իր ենթակայությամբ գործող տարածքային մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) միջոցով) Հայաստանի Հանրապետությունում միակ ընկերությունն է, բայց ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

Մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետեւանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի եւ որակյալ ծառայության մատուցման համար:

Ընկերության մասնավորեցման հետեւանքով կանոնադրությամբ իրեն վերապահված գլխավոր գործառույթն ընկերության կողմից լիարժեք չկատարելու կամ կատարելուց հրաժարվելու ռիսկերը հաշվի առնելով՝ առաջարկվում է մասնավորեցման պայմանագրում՝ գնորդի պարտականությունների գլխում ներառել դրույթ՝ լեռնափրկարար ծառայության մատուցման գործառույթը որպես պարտադիր պայման արձանագրելով:

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից: Մասնավորեցման արդյունքում կձեւավորվի ծառայությունների մատուցման մրցակցության շուկա, ինչը կնպաստի մատչելի եւ որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը եւ բարձրորակ լեռնափրկարար ծառայության մատուցմանը:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

ԳՈՐԾԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Գաղտնիությանպայմաններում ստեղծված չափորոշիչները հանկարծ պայթյունի նման ներմուծվեցին եւ դրվեցին քննարկման: Այս մասին խոսել է  Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան 122 դպրոցում ռուսական բաժնի ուսմասվար Արմինե Վաղրամյանը:

 

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ ոչ մի մանկավարժ, ոչ մի գիտնական, այդ ոլորտի գործիչ տեղյակ չի եղել այդ գործընթացից: Գաղտնիության պայմաններում ստեղծվել են խմբեր, որոնք ստեղծել են բացարձակապես անընդունելի չափորոշիչներ: Հաջորդը մենք ստացանք նույնպես մի անկատար փաստաթուղթ՝ դպրոց հաճախելու մասին կարգը: Այդ կարգը եւս քննարկման դրվեց այն ժամանակ, երբ այն արդեն գրված էր, պետք է գործածության մեջ դրվեր, իսկ մինչ այդ քննարկման չէր դրվել: Կարգն անկատար է ամբողջությամբ՝ սկսած դիմակներ կրելուց, երեխաների հաճախելուց»,-ասել է նա:

Ըստ նրա՝ այդ կարգով ուսուցիչներին պարտադրվում է զանգվածաբար թեստ հանձնել, առանց դրա ուսուցիչները չեն կարող մտնել դպրոց. «Մենք Սահմանադրության մեջ ունենք դրույթներ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությանը վերաբերող, եւ ցանկացած մարդ իրավունք ունի չանելու այն, ինչը համարում է վտանգավոր իր առողջության ու կյանքի համար: Իսկ կա՞ դրույթ, որ պետք է պարտադիր թեստավորում անցնեն նաեւ աշակերտներն ու նրանց ծնողները: Այդ դեպքում եկեք ամբողջ ազգին թեստավորենք»,-նշել է նա:

Իր հերթին պատմաբան, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը նշեց. «700-800 աշակերտ ունեցող դպրոցն ինչպե՞ս կարող է առավոտյան այդքան երեխայի ջերմաչափել, նոր դպրոց ընդունել: Քանի՞ ժամ դա պետք է տեւի:

Կամ ուսուցիչը պետք է 8 ժամ դիմակով դաս անցկացնի՞: Բա նրա առողջությո՞ւնը: Ի՞նչ է նշանակում թույլ չտալ, որ երեխան դասամիջոց անի: Սա աննորմալ, հակաբնական եւ ուղղակի հիստերիկ, հիվանդագին ինչ-որ բան է»:

 

 

ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՆՐԱ ԿԻՆԸ ԴԻՄԱԿՆԵՐ ՉԵՆ ԿՐԵԼ

Համացանցի  տավուշցի օգտատերերի շրջանում ակտիվորեն  քննարկվում է    Բերդ քաղաքում   կայացած մշակութային միջոցառմանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի՝  պաշտպանիչ դիմակ չկրելը։ «Թիկունքը՝ մշակույթ» ծրագրի շրջանակում օգոստոսի 22-ին Բերդում տեղի ունեցավ  «Ֆրեսկո» արդի արվեստի եւ  հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։  Արարողությանը ներկա են եղել  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, այլ հյուրեր:

Համացանցում տարածված  լուսանկարներում երեւում է, որ առաջին շարքում նստածներից պաշտպանիչ դիմակ է կրել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, իսկ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դիմակներ չեն կրել։ Ընդ որում,  մարզպետը  իր կողքին նստածներից   քիչ հեռավորության վրա է գտնվում։   Տավուշի մարզի Հաղարծին  գյուղի բնակիչ Ասպրամ Հայրապետյանը հայտնեց, որ պաշտպանիչ դիմակ չկրելու սովորույթ ունի նաեւ Տավուշի մարզպետի կինը՝ ՀՀ նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանը։ 2020թ. հուլիսի 20-ին Իջեւանում՝  Տավուշի թեմի առաջնորդարանի շենքում, կայացավ «Տավշո  Վարդավառ» առցանց նկարչական մրցույթի մրցանակների հանձնման միջոցառում։  Այդ մրցույթը կազմակերպել էր  ՀՀ  նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանը` Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի աջակցությամբ։  Արմինե Թումանյանը մշակութային, մասսայական այդ միջոցառմանը մասնակցել է, Տավուշի   մարզային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել առանց պաշտպանիչ դիմակի, միջոցառման մասնակիցների մի մասը  դիմակներ չի  կրել։

 

 

ՊԵՏԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

«Տավուշ»  ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի նախկին  պետ  Գագիկ  Վերանյանը  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել, որով պահանջել է    «Տավուշ»  ՋՕԸ-ի տնօրենի  2020թ.  ապրիլի 7-ի թիվ 60 հրամանն  անվավեր ճանաչել, իրեն աշխատանքում վերականգնել, հարկադիր պարապուրդի գումարը  բռնագանձել։  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Իվան Բաղմանյանը հունիսի 10-ին հայցադիմումը վարույթ  է ընդունել: Օգոստոսի 11-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  սույն  քաղաքացիական հայցով կայանում են  նախնական դատական նիստեր։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս